Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր ակցիաներին մասնակցելուն նյութապես շահագրգռելու կասկածով 11 անձ է ձերբակալվել. ՔԿ


Շարժման անդամները հունիսի 9-ին փակեցին Բաղրամյան պողոտան ու վրաններ տեղադրեցին, 10-ը հունիսի, 2024թ․
Շարժման անդամները հունիսի 9-ին փակեցին Բաղրամյան պողոտան ու վրաններ տեղադրեցին, 10-ը հունիսի, 2024թ․

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով 11 անձ է ձերբակալվել, հաղորդում է Քննչական կոմիտեն։

Կոմիտեն նշում է, որ Ոստիկանությունից ստացվել է հաղորդում, որ Ֆեյսբուքի 5 տարբեր հարթակներում տարածվել են տարբեր վերտառություններով, տարբեր անձանց միջև տեղի ունեցած խոսակցությունների 6 ձայնագրություններ, որտեղ անձինք խոսում կամ քննարկում են այդ ակցիաներին մարդկանց մասնակցությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցներ տրամադրելու, «մարդաքանակի» ապահովման համար գումարներ՝ «գլխարկներ» հատկացնելու, կուսակցության կողմից ֆինանսական ռեսուրսներ կենտրոնացնելու, հատկացված միջոցների սակավության, դրա շուրջ առաջացած տարաձայնությունների վերաբերյալ։

Նշվում է, որ խոսակցությունները տեղի են ունեցել մայիսի 25-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում, այդ թվում նաև՝ Վայքի ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցած ՀՅԴ ԳՄ անդամի մասնակցությամբ խորհրդակցության ընթացքում, պարզվել են նաև ինչպես խոսակցությունները վարող, այնպես էլ՝ դրանց ընթացքում հնչող այլ անուններով անձանց ինքնությունները, ովքեր ՀՅԴ Եղեգնաձորի տարածքային կառույցների ներկայացուցիչներ են, կուսակցության անդամներ, ինչպես նաև՝ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է 6 քրեական վարույթ՝ օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հոդվածով։

Գործի շրջանակնորւմ մի շարք անձինք են հարցաքննվել, Վայոց Ձորի մարզի շուրջ 2 տասնյակ հասցեներում կատարվել և շարունակում են կատարվել խուզարկություններ, որոնց ընթացքում առգրավվել են քննությանը հետաքրքրող իրեր։

Երեկվանից ՀՅԴ ու ընդդիմադիրների շահերը ներկայացնող փաստաբաններն ահազանգում են, որ ուժայինները մուտք են գործել կուսակցության Եղեգնաձորի և Վայքի գրասենյակներ, բերման ենթարկել կուսակցականներին ու համակիրներին՝ առնվազն 10 հոգու։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ այսօր Ֆեյսբուքում գրել էր, թե առավոտյան զանգվածային ձերբակալությունների ալիք է սկսել Մարտունիում, Գավառում, Վանաձորում, Ուջանում, Երևանում և այլն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG