Առաջին անգամ անկախ Հայաստանի և Ադրբեջանի պատմության մեջ սեղանի շուրջ հարց է լուծվել ու երկու երկրները պայմանավորվել են սահմանի գիծ ունենալ, այսօր Ստեփանավանում, լրագրողների հետ զրույցում, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մինչ ընդդիմությունից կարծիքներ են հնչում, թե սա միակողմանի զիջում է, վարչապետը Երևանի ու Բաքվի երեկվա պայմանավորվածությունը աննախադեպ ձեռքբերում համարեց, ասաց՝ ավելի քան երեք տասնամյակ հակամարտող երկրները ստորագրություններով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու հաստատել, որ սահմանազատման արդյունքում ոչ թե նոր սահման է ստեղծվելու, այլ վերարտադրվելու է Խորհրդային միության փլուզման պահին եղած գիծը։
«Պայմանավորվել ենք հիմա այս հատվածի վերաբերյալ, բայց նաև հիմնարար սկզբունք ենք որդեգրել հետագա սահմանազատման ողջ գործընթացի համար, ինչը նշանակում է, որ մենք կարող ենք բոլոր վիճահարույց հարցերն արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն նստել և բանակցությունների սեղանի շուրջ լուծել», - ասաց վարչապետը։
Երեկվա պայմանավորվածության մեջ արձանագրված է, որ սահմանազատման հանձնաժողովները մինչև հուլիսի 1-ը կանոնակարգ կմշակեն գործընթացն իրականացնելու համար։ Ընդ որում՝ այդ կանոնակարգը պետք է վավերացնեն երկու երկրների ներպետական ատյանները, ընդհուպ խորհրդարանները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քարտեզ. Ի՞նչ են նախնական պայմանավորվել Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում սահմանազատման հարցում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն նախնական համաձայնեցրին սահմանագծի 4 առանձին հատվածներըԻնչո՞ւ է Տավուշի սահմանը գծվում ավելի վաղ՝ նախքան կանոնակարգի հաստատումը
Փաշինյանը Տավուշի ու Ղազախի միջև չորս հատվածների սահմանազատումը պիլոտային համարեց, ասաց՝ երկու երկրներն էլ անփորձ են սահմանագծման հարցում, ըստ նրա, Տավուշում ունեցած փորձի հիման վրա էլ կստեղծվի կանոնակարգը հետագա գործընթացի համար։
«Առանց կանոնակարգի, բայց թուղթ է ստորագրված․ ստորագրության հիման վրա բազային սկզբունքները ֆիքսել ենք, հիմա գնալու ենք բազային սկզբունքները տեղում իրագործենք, էս ընթացքում մեր կուտակած փորձը՝ պոզիտիվ փորձը, տանելու ենք ձևակերպելու ենք կանոնակարգի մեջ, արդեն բերելու ենք խորհրդարան, եթե ես ճիշտ եմ հիշում, կամ համենայն դեպս էդ փաստաթուղթը դառնալու է քննարկման առարկա, որից հետո արդեն դառնալու է սահմանազատումը ինստիտուցիոնալ գործընթաց», - ասաց գործադիրի ղեկավարը։
«Գյուղերից որևէ մեկը ճանապարհից չի զրկվի»
Երեկվա պայմանավորվածության արդյունքում գյուղերից որևէ մեկը ճանապարհից չի զրկվի, վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը։
Սկզբնական հայտարարությունների համաձայն, Ոսկեպար գյուղին կից Աշաղը Ասկիպարայի տարածքների հետ կարող էր Ադրբեջանին անցնել նաև դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհի մի հատվածը։ Երեկվա հայտարարության մեջ ասվում է, որ այս փուլում այդ հատվածում սահմանազատում չի իրականացվի։
Արդյո՞ք այս հետաձգումը նոր ճանապարհ կառուցելու համար է։ Օրերս Ոսկեպարում տեղացիները մերժել էին նոր միջպետական ճանապարհ կառուցելու վարչապետի առաջարկը։
«Ոչ, դա կապ չունի։ Մենք էս փուլում որոշում ենք կայացրել լուծել խնդիրը, մենք ասել ենք՝ քանի որ պետք է հնարավոր դարձնենք գյուղերում փոխադարձաբար մարդկանց ապրելը, անվտանգ ապրելը, հիմա եկեք մենք զուտ, հայտարարության մեջ էլ էր գրված, անմիջապես գյուղերի հատվածի սահմանն, էն սահմանը, որը մեր գնահատմամբ, անվտանգություն է ապահովում դելիմիտացիայի բերումով, հիմա եթե նույնիսկ Կիրանցի հատվածում մենք էդ խնդրահարույց մի կիլոմետր ճանապարհը չտեղափոխենք, այսօր Կիրանցն Աճարկուտ գյուղով ունի ճանապարհ, այսինքն՝ էդ ճանապարհը գործում է և մենք սկսում ենք էդ ճանապարհի նորոգումը։ Ոսկեպարի հետ կապված, սկզբունքորեն չենք կարող ասել, որ էն ամբողջական տարբերակում էլ կզրկվի, որովհետև Ոսկեպար-Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհը կա, բայց խոսքը կարող էր լինել Ոսկեպար-Կիրանց ճանապարհի մասին, բայց էս փուլում սահմանազատման էդ հատվածը, ինչպես տեսաք, չի իրականացվում և հետևաբար էդ խնդիրը չկա», - ասաց Փաշինյանը։
«Տեղի ունեցող գործընթացը նվազեցնում է անվտանգային ռիսկերը»
Չնայած սահմանամերձ գյուղերի բնակիչների մտահոգություններին, թե սահմանազատում է տեղի ունենում՝ առանց անվտանգության երաշխիքների, վարչապետը հակառակն է պնդում՝ տեղի ունեցող գործընթացը նվազեցնում է անվտանգային ռիսկերը։ Որքան հնարավոր է արագ Տավուշի մարզի սահմանազատվող տարածքներում երկու կողմի սահմանապահները կկանգնեն զինվորականների փոխարեն։ Պետք է փոխվի տեղացիների հոգեբանությունը, որ այլևս առաջնագիծ չկա, այլ կա պետական սահման, ասաց կառավարության ղեկավարը։
«Ասում են, որ բանակն էդտեղից դուրս գա․․․ բանակն էդտեղից դուրս գալը լավ բանի նշան է, վատ բանի նշան չէ։ Գալիս են սահմանապահները, էդ սահմանն առանց պահպանության չի մնում։ Այսօր արդեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները կապի մեջ են իրար հետ և նրանք պետք է պայմանավորվեն նաև թե ծառայությունը ոնց են իրականացնում», - նշեց Փաշինյանը։
«Ռուս սահմանապահներն այստեղ անելիք չունեն»
Արդյո՞ք այս դեպքում հայկական կողմը սահմանազատվող տարածքում դեռ 2020-ից տեղակայված ռուս սահմանապահների հենակետը հանելու հարց կդնի։ Փաշինյանի պնդմամբ՝ այդ հարցն անգամ քննարկման ենթակա չէ՝ իրադրություն է փոխվել, հետևաբար ռուս սահմանապահներն այստեղ անելիք չունեն։
«Ես չեմ կարծում, թե այստեղ քննարկելու շատ մեծ թեմաներ կան, որովհետև ակնհայտ է, որ, այո՛, [դուրս են գալու]։ Ռուսական հենակետերն այնտեղ հայտնվել են մի իրադրության բերումով և այն, ինչ տեղի է ունենում հիմա, իհարկե, իրադրության էական փոփոխություն է և այդ փոփոխությունը պետք է իր ազդեցությունն ունենա բոլոր ուղղություններում։ Դա նշանակում է, որ մենք առաջնագիծ չունենք և ունենք սահման, իսկ սահմանը խաղաղության նշան է, իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահներն իրար հետ փոխգործակցելով ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանությունը», - ասաց գործադիրի ղեկավարը։
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ավելի վաղ հայտարարել էր, թե 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների դիտակետերը տեղադրվել են Փաշինյանի անձնական խնդրանքով, որպեսզի օգնեն կայունացնել իրավիճակը։ Դեսպանը նաև ընդգծել էր, որ հայկական կողմը երբեք չի որոշել օրինականացնել ռուսական դիտակետերի տեղակայումը։ Պատերազմից հետո ռուս սահմանապահների հենակետեր նաև Սյունիքում են տեղադրվել։
Ի դեպ, Փաշինյանն այսօր էլ հստակություն չմտցրեց իր ու Վլադիմիր Պուտինի հանդիպման հարցում։ Ռուսաստանի արտգործնախարարը երեկ չէր բացառել, որ առաջիկայում Հայստանի ու Ռուսաստանի ղեկավարները կհանդիպեն՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների վիճահարույց հարցերը։
Փաշինյանի խոսքով՝ հանդիպման մասին կոնկրետ պայմանավորվածություն դեռևս չկա, բայց չհանդիպելու պլաններ էլ չկան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինի հետ հանդիպում կլինի, թե երբ, Փաշինյանն այս պահին չի կարող ասել