Թուրքիայի արտգործնախարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանն ընդունված որոշումը։
«Ողջունում ենք ապրիլի 19-ին հայ-ադրբբեջանական սահմանազատման հանձնաժողովների նիստում ձեռք բերված համաձայնությունը՝ 30 տարի օկուպացված 4 գյուղերը Ադրբեջանին վերդարձնելու մասին և սահմանազատումը շարունակելու պայմանավորվածությունը։
Ուղիղ բանակցություններով ձեռք բերված այդ դրական զարգացումը կարևոր քայլ է խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ճանապարահին»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարությունը։
Երեկ Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրով։
Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, «Ազատության» հարցին ի պատասխան, այսօր հայտարարեց՝ առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել՝ ընդգծելով՝ չէր ուզի, որ ո՛չ թերագնահատվեր, ո՛չ գերագնահատվեր տեղի ունեցածը։