Մատչելիության հղումներ

Երևանն ու Բաքուն նախնական համաձայնեցրին սահմանագծի 4 առանձին հատվածները


Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյան և Շահին Մուստաֆաև, արխիվ
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյան և Շահին Մուստաֆաև, արխիվ

Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն կմնա հայկական վերահսկողության տակ։

Երևանն ու Բաքուն սահմանազատման հանձնաժողովների այսօր կայացած նիստում նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, ինչպես նշում են հաղորդագրությունում՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Կողմերը նշում են բնակավայրերի անունները՝ Հայաստանի կողմից՝ Բաղանիսի, Ադրբեջանի կողմից՝ Բաղանիս Այրումի, Հայաստանի կողմից՝ Ոսկեպարի, Ադրբեջանի կողմից՝ Աշաղը Ասկիպարայի, Հայաստանի կողմից՝ Կիրանցի, Ադրբեջանի կողմից՝ Խեյրեմլիի, Հայաստանի կողմից՝ Բերքաբերի, Ադրբեջանի կողմից՝ Կըզըլ Հաջիլիի միջև։ Բաքուն հենց այս գյուղերն էր մարտի սկզբին անհապաղ պահանջել վերադարձնել՝ հայտարարելով, որ դրանց պատկանելությունը կասկածներ չի հարուցում։

Եթե համաձայն այս պայմանավորվածության՝ հայկական կողմը վերադարձնում է Ադրբեջանի պահանջած չորս գյուղերը, ի՞նչ է ստանում Հայաստանը: Ըստ վարչապետի աշխատակազմի՝ «Արմենպրեսին» տված պարզաբանման՝ անվտանգային ռիսկերի նվազեցում։

«Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզըլ Հաջիլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում: Այսօրվա իրադարձությամբ, առաջին անգամ ունենում ենք սահմանազատված սահման Ադրբեջանի հետ»։

Իսկ ի՞նչ է լինելու Ոսկեպարով և Կիրանցով անցնող միջպետական ճանապարհների հետ, արդյո՞ք գյուղերը զրկվում են ճանապարհից։ Կառավարությունից պատասխանել են.

«Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, որը բարդ աշխատանք չէ եւ կիրականացվի մի քանի ամսում: Բայց սա Կիրանցի միակ ճանապարհը չէ. կվերանորոգվի, գուցե վերակառուցվի նաև Կիրանց-Աճարկուտ-Իջևան ճանապարհը: Նկատի ունենք, Կիրանցն ունի նաև այլընտրանքային ճանապարհ, և գործնականում էական խնդիրներ չկան»:

Ինչ վերաբերում է Ոսկեպարին, ապա այս փուլում, ըստ Կառավարության, «նման խնդիր առաջացնելու պոտենցիալ ունեցող հատվածները չեն սահմանազատվում»:

Սահմանազատման հանձնաժողովները այսօր նաև հայտնել են, որ կողմերը կդիմեն իրենց կառավարություններին՝ համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով: Ըստ վարչապետի աշխատակազմի՝ սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու և տեղը զիջելու են սահմանապահ զորքերին, և դա տեղի է ունենալու «կարճ, բայց ողջամիտ ժամանակահատվածում»։

Հանձնաժողովները նշում են, որ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրով, բայց եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրով» (խաղաղության պայմանագրով) կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա հանձնաժողովի կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն խաղաղության պայմանագրի սկզբունքներին:

Ի՞նչ է սա նշանակում. վարչապետի աշխատակազմը պնդել է, թե սա Ալմա Աթայի հռչակագրից հրաժարման հիմք չի ստեղծում.

«Հանձնաժողովները պարզապես արձանագրել են, որ իրենք Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցող ֆորմատ չեն: Այդ պայմանագիրը բանակցվում է այլ ֆորմատով և ունենալու է ավելի բարձր կարգավիճակ, նրա ուժի մեջ մտնելուց հետո, եթե պարզվի, որ Կանոնակարգը հակասություն ունի ավելի բարձր իրավական նշանակության փաստաթղթի հետ»:

Նշվում է նաև, որ սահմանազատվող հատվածների նկարագրությունը կազմվելու է՝ հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, և այն կհամաձայնեցվի ու կստորագրվի մինչև մայիսի 15-ը:

Ինչ վերաբերում է սահմանազատման հիմքում դրվող քարտեզներին, ապա Կառավարությունից կոնկրետ թվականի քարտեզ չեն նշում, միայն ընդգծում են, որ գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են իրավասու մարմինների կողմից.

«Վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած, իրավական հենք ունեցող սահմանները: Այսինքն, այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև: Կարևոր է նաև արձանագրել՝ Հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք: Այս սկզբունքը պետք է արձանագրվի նաև Սահմանազատման գործընթացի Կանոնակարգի մեջ, որն առաջիկա ամիսներին կհամաձայնեցվի կողմերի միջև և կանցնի անհրաժեշտ ներպետական համաձայնեցումների՝ ներառյալ խորհրդարանում հաստատման գործընթաց»:

Հանձնաժողովները հաջորդիվ պայմանավորվել են շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով: Հայկական կողմը նշում է, որ Երևանը չի կարող հրաժարվել այս խնդրից, որովհետև Արծվաշենը Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասն է, բայց թե ինչ կլինի հետո, չեն հստակեցրել.

«Մենք պատրաստվում ենք սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն էքսկլավ/անկլավի գոյությունը, և նման հիմնավորումներ ՀՀ կառավարությունն ունի, որից հետո արդեն կիրականացվի սահմանազատման բուն գործընթացն Արծվաշենի շուրջ: Իսկ թե այս արձանագրումից հետո ի՞նչ քաղաքական լուծում կստանա խնդիրը, այլ հարց է: Սահմանազատման գործընթացում նախ պետք է դե յուրե հիմնավորվի էքսկլավ/անկլավների գոյությունը»:

«Սա կարևոր քայլ է, որովհետև մենք տեսնում ենք երկկողմանի կոմպրոմիս»

Ի՞նչ է 4 գյուղերի հատվածում իրականացվելիք սահմանազատման վերաբերյալ Կառավարության աշխատակազմի հրապարակած քարտեզից հայտնի դառնում, «Ազատության» հարցին քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը պատասխանեց. - «Իմ կարծիքով՝ այս քարտեզից հայտնի է դառնում, որ որոշվել է տարանջատել երկու խնդիր, այսինքն՝ բուն գյուղերի հետ կապված հատվածները և այն հատվածները, որտեղ չկան բնակավայրեր, և որոնք մակերեսով իրականում ավելի մեծ են և հենց որոնցով անցնում են, ասենք, թե՛ Հայաստանի համար կարևոր կոմունիկացիաներ և թե՛ Ադրբեջանի համար կարևոր կոմունիկացիաներ»:

«Այսինքն՝ Բերքաբերից հյուսիս գտնվող Հայաստանի Հանրապետության խոշոր հողատարածքը՝ մոտ 700 հեկտար, մնում է առայժմ Ադրբեջանի վերահսկողության տակ, Ոսկեպար գետից հարավ գտնվող Ադրբեջանի խոշոր հողատարածքը՝ մոտ 400 հեկտար-410 հեկտար, մնում է հայկական վերահսկողության տակ, և փոփոխությունները հիմնականում կապված են են 4 գյուղերի հատվածների հետ, առաջին հերթին՝ 3 գյուղերի, որովհետև Կըզըլ Հաջիլի գյուղի հատվածում իրականում այնտեղ ընդամենը մի պոստ էր, որ գյուղին հարում էր, մնացած հողատարածքները, այսինքն՝ հիմնականում լեռնային հատվածներում էին և գյուղին չէին վերաբերում», - շարունակեց քաղաքագետը:

Մելիքսեթյանի կարծիքով՝ «սա կարևոր քայլ է, որովհետև մենք տեսնում ենք երկկողմանի կոմպրոմիս»: Ադրբեջանի նախկին հայտարարությունները, ընդգծեց նա, «ուլտիմատիվ բնույթի էին, այսինքն՝ նրանք չէին ենթադրում, որ կարող է լինել ինչ-որ կոմպրոմիսային լուծում, և որ նույն հայկական կոմունիկացիաների և առաջին հերթին միջպետական մայրուղու այդ հատվածները, որոնք հատում են ճանապարհը, կարող են ինչ-որ լուծումներ ունենալ»: «Բայց այդ ամբողջ հատվածը՝ ի բացառության մի փոքրիկ հատվածի, որով Կիրանց-Խեյրիմլի գյուղերի միջև կամուրջը, Կիրանց գյուղի գետի վրայով կամուրջը անցնում, այդ հատվածը անցնելու է Ադրբեջանին, և հայկական կողմը պետք է այդ հատվածում նոր ճանապարհ կառուցի, բայց քանի որ այդտեղ տեղանքը հարմար է, և կան նաև մի քանի ճանապարհներ, գրունտային ճանապարհներ կան, մեծ խնդիրներ չի առաջացնելու հայկական կողմի համար», - ասաց քաղաքագետը՝ հավելելով. - «Իմ կարծիքով՝ սա կարևոր, թեև՝ փոքր, ինչ-որ առաջընթաց է և երկկողմանի զիջում է»:

«Դուք փոխզիջումային համարում եք այն հանգամանքը, որ Ադրբեջանը համաձայն էր գոնե այս փուլում Ոսկեպարին հարող այդ տարածքը դեռևս թողնել չսահմանազատված, և Հայաստանն էլ Բերքաբերի հատվածում այդ 700 հեկտարը չի պահանջել վերադարձնել», - այս հարցին Մելիքսեթյանն արձագանքեց. - «Այո, իհարկե»: Հարցին էլ՝ հնարավոր համարո՞ւմ է, որ հետագայում կարող է փոխանակման հարց քննարկել, նա պատասխանեց. - «Դա ամենատրամաբանական տարբերակը կլիներ, որովհետև երկու կողմերն էլ շահագրգռված են նման փոխանակման մեջ»:

«Իհարկե, եթե մենք խոսում ենք վերջնական դելիմիտացիայի մասին, բոլոր կորցված հատվածները պետք է կոմպենսացնել հավասար մակերեսի սկզբունքով: Այսինքն՝ եթե Հայաստանը Ջողազի ջրամբարից հյուսիս տալիս է, ասենք, 700 հեկտար, ստանում է 410՝ Ոսկեպարից հարավ, ինքը այն մնացած 300-ը պետք է ինչ-որ մի ուրիշ հատվածում նույնպես ստանա, այդ փոխհատուցումը պարտադիր է: Նաև նաև մեր անկլավների տարածքները, ասենք, ադրբեջանական անկլավների մակերեսը մոտ 44.3, ինչքան հիշում եմ քառակուսի կիլոմետր էր, Արծվաշենինը՝ 38.1 քառակուսի կիլոմետր, այսինքն՝ մոտ 6 կմ տարբերություն կար, և ադրբեջանականների մակերեսը ավելի մեծ էր, և այդ 6 կիլոմետրն էլ նույնպես այդ... Եթե փոխանակման տարբերակը քննարկվի, ինչ ամենատրամաբանականն է նույնպես անկլավների հարցում, իհարկե, նույնպես նման փոխանակումները և տարբերությունները պետք է նկատի առնվեն», - ասաց Սամվել Մելիքսեթյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG