Մատչելիության հղումներ

Սահմանազատումը ձեռքբերո՞ւմ, թե՞ կապիտուլյացիա. տրամագծորեն հակառակ մեկնաբանություններ իշխանությունից ու ընդդիմությունից


«Սա Ալիևի պարտադրանքի կատարում է»

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան, արխիվ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան, արխիվ

Ընդդիմադի «Հայաստան» խմբակացության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Տավուշի ու Ղազախի շրջանի գյուղերի հատվածում առաջիկա գործընթացը ոչ թե սահմանազատում է համարում, այլ Ալիևի պարտադրանքի կատարում, որի դիմաց, նրա գնահատմամբ, Հայաստանը ոչինչ չի ստանում։

«Ադրբեջանը պահանջել է, ինքը ասել է՝ տալիս եմ։ Դա նշանակում է՝ պայմանավորվե՞լ ենք։ Ի՞նչ է պայմանավորվել։ Ասում է՝ 31 գյուղերի տարածքներ էլ Ադրբեջանում են։ Դրանցից քանի՞ քառակուսի մետ է հետ ստանում։ Ստեղ չկա որևէ պայմանավորվածություն, կա պարտադրանք, ուղղակի ինքը այդ պարտադրանքը ժողովրդին փորձում է ծախի, փորձում է ներկայացնի որպես ձեռքբերում», - «Ազատության»-ը ասաց Խաչատրյանը։

«Առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել», այսօր Ստեփանավանում, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ «սա ձեռքբերում է և Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռբերում է նաև Հայաստանի Հանրապետության համար»։


Ընդդիմադիր պատգամավորը հորդորում է Նիկոլ Փաշինյանին՝ ազնիվ լինել ժողովրդի հետ և կապիտուլյացիան չներկայացնել որպես ձեռքբերում։

«Ինքը գլխիկոր գնացել է Ադրբեջանի պահանջների կատարման, ի՞նչ է նշանակում առաջին անգամ բան են պայմանավորվել», - հակադարձեց Խաչատրյանը՝ շարունակելով․ - «Փաշինյանը թող վեր կենա ասի՝ պարտվել ենք պատերազմում, Ադրբեջանը մեզ կապիտուլյացիայի փաստաթուղթ է ներկայացրել, ես չեմ կարող որևէ բան անել, ով կարող է, թող գա անի։ Էս պայմաններում միակողմանի զիջումների գնալը՝ հատվածական գնալը, դա նշանակում է կապիտուլյացիա»։

«Հայաստանն ավելի է մեծացնելու անվտանգային ռիսկերը»

Արթուր Խաչատրյանի համոզմամբ, Հայաստանը միակողմանի զիջումներով ավելի է մեծացնելու անվտանգային ռիսկերը։ Ընդդիմադիր պատգամավորը պատահական չի համարում, որ Բաքուն սևեռվել է հենց այդ 4 գյուղերի վրա, քանի որ այդ տարածքները ստանալով խոցելի է դառնալու ոչ միայն Տավուշի, այլև Լոռու մարզը։

«Հիմա որ Հայաստանի իշխանություններն այդ տարածքը զիջեն, մի մեծ ճեղք է առաջանում Հայաստանի պաշտպանական գծում։ Դրանից բացի այդ գյուղերի և ոչ միայն այդ գյուղերի, այլ նաև ամբողջ Տավուշի և նույնիսկ Լոռիի համար կենսական վտանգ է առաջանում։ «Ոչ թե վախեցեք, այլ ուրախացեք, որ Ադրբեջանից 50 մետրի վրա եք ապրելու», ո՞ր բանական մարդը կուրախանա, որ անպաշտպան մնալու է Ադրբեջանից ընդամենը 50 մետրի վրա։ Էդքան լավ է, թող ինքն իր կեցավայրը տանի հենց Ադրբեջանից 50 մետրի վրա դնի», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված այն պայմանավորվածությանը, որ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ, ընդդիմադիր պատգամավորը հարց է բարձրացնում է՝ այդ փուլը ի՞նչ ժամկետ է ենթադրում։

«Իսկ էդ առայժմը ինչքա՞ն է՝ կես ժա՞մ, առանց անվտանգային երաշխիքի այդ երբվանի՞ց իրենք սկսեցին Ադրբեջանին հավատալ», - ասաց Խաչատրյանը՝ չբացառելով, որ Ադրբեջանը կարող է խախատել այդ պայմանավորվածությունը և ինչ-որ մի պահի Ոսկապրում էլ առաջ գալ։

«Ես ոչ թե մտավախություն ունեմ, այլ համոզմունք ունեմ դրանում», - ասաց պատգամավորը։

«Ոչ թե անվտանգային խնդիրներ կառաջանան, այլ դրանք կլուծվեն»

ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյան, արխիվ
ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյան, արխիվ

Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագրից» մինչդեռ հակադարձում են՝ կապիտուլյացիայի մասին խոսում են ընդդիմադիր այն ուժերը, որոնց միջոցով Արցախում իշխանության եկած ուժերը ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիան։

Ինչ վերաբերում է Տավուշի հատվածում սահմանազատման պայմանավորվածությանը, ապա ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը վստահեցենում է, եթե ամեն ինչ հաջող ընթանա, ոչ թե անվտանգային խնդիրներ կառաջանան, այլ դրանք կլուծվեն։

«Տավուշի մարզում սահմանամերձ գյուղերի առկայությունը դա ինչ-որ նոր երևույթ չի։ Մեր խնդիրը, որպես Հայաստանի Հանրապետության իշխանություն, էդ գյուղերի համար կրակի գոտին սահմանային կյանքով փոխարինելն է, փոխարինել նրանով, որ այո՛, ուղղակի մի քանի մետր այն կողմ կա պետական սահման, պետական սահմանը չի նշանակում որ իր վրա կրակում են», - ասաց Ալեքսանյանը։

Հարցին, թե սահմանապահը երաշխի՞ք է, որ եթե ադրբեջանցի զինորականի փոխարեն ադրբեջանցի սահմանապահ է կանգնելու, չեն կրակելու, երաշխիքը ո՞րը պետք է լինի, իշխանական պատգամավորը պատասխանեց․ - «Հենց այս քաղաքական գործընթացն ինքնին շատ ավելի մեծ երաշխիք է, քան էն, ինչը որ կա հիմա»։

Ալեքսանյանը միևնույն ժամանկ շեշտեց՝ դիրքերը կարևոր են, բայց եթե քաղաքական որոշում լինի հարձակվելու, էնպես չէ, որ դիրքերը էական դեր են խաղալու։

«Շատ ավելի մեծ անվտանգային երաշխիք է ոչ թե ինչ-որ մի դիրքը, այլ էն, որ կա քաղաքական կամք՝ պրոցեսը հանգուցալուծելու խաղաղ ճանապարհով», - ասաց իշխանական պատգամավորը։

Հարցին, թե տեսնո՞ւմ է քաղաքական կամք Ադրբեջանի մոտ խաղաղության գնալու, Ալեքսանյանը պատասխանեց․ - «Առնվազն երեկվա համատեղ հայտարարությունը միանաշանակ որոշակի դրական տրամադրություններ փախանցում է»։

Հայաստանի կառավարությունը երեկ հայտարարեց, որ սահմանազատումից հետո Տավուշի ու Ղազախի չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու և տեղը զիջելու են սահմանապահ զորքերին։ Ժամկետներ չնշվեցին, վարչապետի աշխատակազմն ընդամենը շեշտեց, թե գործընացը տեղի է ունենալու «կարճ, բայց ողջամիտ ժամանակահատվածում»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG