Վաղ առավոտից տավուշցիները փակել են Վրաստան տանող ճանապարհի Կիրանց գյուղի հատվածը։
Այս հատվածում մեծ խցանում է առաջացել, մեքենաները շրջանցում են ճանապարհը Աճարկուտով։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ու Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանդիպեցին, զրուցեցին բնակիչների հետ, սակայն քաղաքացիները հրաժարվեցին բացել ճանապարհը՝ պնդելով, որ այս հատվածում սահմանազատում իրականացնելը հայկական կողմից միակողմանի զիջում է։
Նրանք մտահոգված էին՝ նշելով, թե «անվտանգության ոչ մի երաշխիք իրենց չեն տալիս, իշխանությունների խոսքերին չեն հավատում, ճանապարհն ազատել չեն պատրաստվում»։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների երեկ կայացած նիստին հաջորդած հայտարարությունից ժամեր անց բնակիչները փակել էին Կիրանց-Իջևան ու Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը։
Երեկ հաղորդվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։
Երևանն ու Բաքուն սահմանազատման հանձնաժողովների երեկ կայացած նիստում նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, ինչպես նշում են հաղորդագրությունում՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Ոսկեպարից «Ազատության»-ը հատնել էին, որ պաշտոնական հայտարարությունները հակասում են երկու օր առաջ իրենց գյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածներին։
Փաշինյանն առավոտյան Ստեփանավանում էր։ Լրագրողների հետ ճեպազրույցում, «Ազատության» հարցին ի պատասխան, Փաշինյանն ասաց, որ «առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել»՝ միևնույն ժամանակ խորհուրդ տալով՝ ո՛չ գերագնահատել, ո՛չ թերագնահատել տեղի ունեցածը»։