Տավուշի թեման բորբոքել է Մայր Աթոռ - իշխանություն հակասությունները: Տասն օր առաջ Էջմիածնի բոլոր եպիսկոպոսները, թեմերի առաջնորդները հայտարարեցին՝ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են հանձնել Տավուշի մարզից տարածքներ նախքան սահմանազատումն ու սահմանագծումը, պետք է հրաժարվեն պարտվողական գործելաոճից։ Ֆեյք նյուզ է, Տավուշից ոչինչ չի հանձնվում, 4 գյուղերն ադրբեջանական են, հակադարձեցին իշխանականները։
«Որոշ հոգևորականներ կան, հիշել են, որ ընդեղ եկեղեցի կա, ընդեղ շոու պատարագ են անում, քանի՞ անգամ են էս եկեղեցու մասին հիշել ու քանի՞ անգամ են ընդեղ պատարագ արել: Սա ստենդափ ա՞ ես չեմ հասկանում», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Վարչապետի այս մեղադրանքին Տավուշի թեմն արձագանքեց մի կարճ տեսահոլովակով, որտեղ ցուցադրել են, թե 2017-ից սկսած, երբ Ոսկեպարի սահմանի տաճարը՝ Սուրբ Աստվածածինը, նորոգվեց-կահավորվեց, որքան պատարագներ են եղել թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի մատուցմամբ:
Շոու էլի կլինի, այս անգամ՝ Տավուշի սահմանի մեկ այլ եկեղեցում, հեգնում է սրբազանը. - «Մայիս 28-ին է շոուն լինելու Խորանաշատում, ասեմ՝ իմանաք, էս տարի՝ ավելի ուժեղ շոու պիտի անենք»:
Թեմի առաջնորդը շեշտում է՝ եկեղեցու հայտարարությունը, որ իշխանականների թիրախում է հայտնվել, մեկ բանի մասին է՝ միակողմանի, թելադրանքով զիջում չպիտի լինի. - «Ինչի՞ հիման վրա ես որոշել, որ դա, օրինակ, Հայաստանի Հանրապետություն չի»:
Մայր Աթոռից երեկ արձագանքել են իրենց հայտարարությանը հետևած քննարկումներին, վերահաստատել. - «Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք, այս պարագայում՝ Տավուշում, չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը՝ լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը»:
Վարչապետ Փաշինյանը երկու օր առաջ դարձյալ Տավուշում էր՝ բնակիչների հետ հանդիպման։ Թեմից ոչ ոք չի մասնակցել։ Բագրատ սրբազանի կարծիքով՝ սահմանի գծման հարցերը Տավուշինը չեն, Հայաստանինն են, և դրանցով գյուղում ապրողները չէ, որ պիտի զբաղվեն. - «Գյուղացիներն ե՞ն որոշելու՝ Հայաստանի Հանրապետության սահմանները ոնց պիտի լինի: Այսինքն, ի՞նչ պիտի... Էդ մարդկանց էլ դարձնում են հանցագործ, իրենց ծրագրին հանցակից են դարձնում՝ բոլորի վրա դնելով, մի տեսակ, պատասխանատվությունը, վերջում էլ ասելու են՝ «դե դուք ասեցիք»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վերջին՝ տեղեկատվական համակարգի տնօրենի հայտարարությունում նաև դժգոհություն կա՝ եկեղեցու ասածը հանրային գործիչները խեղաթյուրում են, Հանրային հեռուստաընկերությունը հավասար չի լուսաբանում. - «Հանրային հեռուստաընկերությունը, ակնհայտորեն խախտելով հավասարության սկզբունքը, խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել մասնակցել խնդրի շուրջ հեռուստահաղորդումներին՝ հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին»։
Տեր Եսայի քահանա Արթենյանի գրառմանը հետևեց Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարից Պետրոս Ղազարյանը՝ հենց նրան հրավիրեց հարցազրույցի՝ այսօր երեկոյան։ Այս երկխոսությունը սոցցանցում էր։ Տեր Եսային արձագանքեց՝ Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով կներկայանա։ Այսօր բարձրաստիճան եկեղեցականներից մեկը պատրաստ է ներկայացնել եկեղեցու տեսակետները:
«Մեր մոտ ես եմ հրավիրում, ուզում են՝ գան, չի ուզում՝ չգա, ինքը գիտի: Ի՞նչ ա նշանակում՝ «մենք կորոշենք»: Ո՞նց կարան իրենք որոշեն՝ իմ հյուրը ով պետք ա լինի», - հայտարարեց Ղազարյանը:
«Դա Պետրոս Ղազարյանի ընտանիքին չի պատկանում՝ դա Հանրային հեռուստաընկերություն է: Մեր հայտարարության մեջ շատ հստակ ընդգծված ա, որ, ոչ թե իրենց մեղադրում է նրա համար, որ տեր Եսայուն չի հրավիրում, այլ եկեղեցու որևէ բարձրաստիճան հոգևորականի չի հրավիրում կոնկրետ տվյալ հարցի շուրջ քննարկման», - հակադարձեց տեր Եսայի քահանան:
Պետրոս Ղազարյանը Մայր Աթոռի համար հիշեցում ունի՝ «Շողակաթ» ալիքը Հանրայինինն է, թող այդ եթերո՛վ իրենց պատգամները տեղ հասցնեն. - «Մենք իրանց ալիք ենք տվել՝ կապուղի, որ իրանք կարողանան իրանց խոսքը հասարակությանը հասցնել, և իրանք խոսում են Հանրայինի կապուղով՝ ալիքով»:
«Շողակաթ»-ը հոգևոր-մշակութային ալիք է, և «Շողակաթ»-ը քաղաքական և նման բանավեճերի հարթակ չէ», - պնդեց Եսայի քահանա Արթենյանը:
Հասկացանք՝ այսօր Հանրայինի եթերում ոչ մի հոգևորական չի խոսի Տավուշի սահմանազատման թեմայով: