4 հազար անհետ կորած ադրբեջանցիների ճակատագիրը պարզելու համար հրատապ միջոցներ ձեռնարկելու Բաքվի պահանջից մեկ օր անց Երևանն ադրբեջանական կողմին առաջարկում է ակտիվացնել համագործակցությունն այդ հարցով։
Գերիների, պատանդների և անհետ կորած անձանց միջգերատեսչական հանձնաժողովը շեշտում է՝ Երևանը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է՝ պատրաստ է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու համար համագործակցել Ադրբեջանի հետ:
Գերատեսչությունից հերքում են Բաքվի մեղադրանքները, թե Հայաստանը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել։
«Հարկ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը 2020թ. նոյեմբերից ի վեր Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմինների, ինչպես նաև 90-ականներին զոհված շուրջ 50 անձանց մարմինների գտնվելու հնարավոր վայրերի մասին տեղագրական նյութեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից», - ասվում է հաղորդագրությունում։
Ըստ Երևանի՝ 993 Հայաստանի քաղաքացիներ և ԼՂ հայեր համարվում են անհետ կորած 90-ականների սկզբից, և որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում և դրանից հետո Հայաստանը լրջորեն հետաքրքրված է նրանց ճակատագրերի պարզաբանմամբ:
Բաքվից դեռ չեն արձագանքել հայկական կողմի առաջարկին։
Ադրբեջանի ատգործնախարարն այսօր լրագրողների հետ զրույցում խոսել է խաղաղության պայմանագրից, հայտնել, որ Բաքուն առաջիկայում Երևանին կփոխանցի պատասխան առաջարկները։ Ջեյհուն Բայրամովը, սակայն, չի անդրադարձել Երևանից հնչած առաջարկին։
«Բաքուն շահագրգռված է Երևանից փաստաթղթեր կորզելով՝ միջազգային ատյաններ ներկայացնելու համար»
«Կարծում եմ, որ Ադրբեջանին անհայտ կորածների հարցը չի հետաքրքրում, ոչ էլ ականապատ տարածքների քարտեզները», - «Ազատության»-ն ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։
Քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ Բաքուն ավելի շատ շահագրգռված է մարդասիրական հարցերը շահարկելով, որ Երևանից փաստաթղթեր կորզի ու ընդդեմ Հայաստանի հայցեր ներկայացնի միջազգային ատյաններ։
Բաղդասարյանն ասում է, որ Հայաստանը պետք է հաշվի առնի այդ հանգամանքը մինչ, օրինակ, որևէ քարտեզի փոխանցումը։
«Նրանq խոսում են առաջին պատերազմի ժամանակ անհետ կորածների մասին տեղեկությունների վերաբերյալ և նրանց հետաքրքրում է ակնապատման քարտեզները, այդ թվում՝ նաև 2020 թվականից հետո։ Այսինքն՝ այնպիսի փաթեթ են ուզում ստանալ, որ Հայաստանի Հանրապետությանը մեղավոր հռչակեն Ադրբեջանի դեմ ագրեսիայի համար և հետագայում անգամ Հայաստանին ինչ-որ շրջանակներում անգամ ռազմական հանցագործներ հռչակեն։ Հիմա իրենք էդ թղթաբանությունը պատրաստելու ակտիվ գործընթացի մեջ են», - ասաց քաղաքական մեկնաբանը։
Ըստ Բաղդասարյանի՝ Ադրբեջանն ազնիվ չէ նաև խաղաղության պայմանագրի գործընթացում, Բաքվի նորանոր պահանջների նպատակն ամենևին էլ Երևանի համաձայնությունը ստանալն ու խաղաղության պայմանագիր կնքելը չէ։
«Նրանք մեզ նորանոր պահանջներ են ներկայացնում ոչ թե նրա համար, որ ընդունենք այդ պահանջները, այլ որպեսզի չընդունենք, և Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ստանա մերժել խաղաղության պայմանագրի ստորագրումը և այլ ճանապրահներով՝ ճնշումներով կամ ռազմական ագրեսիայով հասնել իր նպատակներին», - ասաց քաղաքական մեկնաբանը։
Անհետ կորածների հարցով համագործակցությունը ակտիվացնելու առաջարկից առաջ՝ Երևանը հայտնեց, որ պատրաստվում է առաջիկա օրերին Բաքվին հանձնել ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ։ Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ դրանք ի հայտ էին եկել ԼՂ նախկին զինծառայողների շրջանում վերսկսված հարցումների արդյունքում։
Ադրբեջանական կողմը, սակայն, այս հայտարարությանը կոշտ արձագանքեց՝ հայտարարելով, թե դա վկայում է, որ Երևանը նպատակ չունի ներդրում ունենալ հումանիտար գործընթացում։ Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը ներկայացնի բոլոր ականապատ տարածքների կոնկրետ քարտեզները։
Իր հերթին Երևանն էլ մեղադրեց Բաքվին քարտեզների թեման շահարկելու և այդ քայլը էսկալացիայի առիթի վերածելու համար։
«Ցավոք սրտի, այս նախաձեռնությունն անմիջապես արժանացավ ադրբեջանական կողմի խիստ բացասական և հեգնական արձագանքին` ժխտելով Հայաստանի վստահության ամրապնդման ջանքերը, շարունակելով շահարկել թեման և Հայաստանի դրական քայլը վերածելով էսկալացիայի ու բացասական հռետորաբանության առիթի», - ի պատասխան՝ շեշտել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Հայկական կողմը Լեռնային Ղարաբաղի ականների քարտեզների փոխացումը հիմնավորել էր երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև ձեռքբերված պայմանավորվածությամբ։
Դեկտեմբերին երկու աշխակազմերի հայտարարությունից հետո Ադրբեջանն ազատ արձակեց 32 հայգերիներին, հայկական կողմն էլ, իր հերթին, Ադրբեջանին հանձնեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանության համար ցմահ ազատազրկված Հուսեյն Ախունդովին ու 11 տարով ազատազրկված Ագշին Բաբիրովին։