Մատչելիության հղումներ

«Հույս ունեմ, որ Բաքվից հնչող հայտարարությունների նպատակը խաղաղության գործընթացը դիտավորյալ փակուղի մտցնելը չէ». Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հույս հայտնեց, որ Բաքվից հնչող հայտարարությունների նպատակը խաղաղության գործընթացը դիտավորյալ փակուղի մտցնելը չէ։

Պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանին՝ Փաշինյանն ընդունեց՝ Երևանն ու Բաքուն խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով և իրենց անելիքն է, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դիվանագիտական լեզուները «համապատասխանեն լեգիտիմությանը»։

«Դուք շարունակ խոսում եք տալու մասին, Ալիևը վերցնելուց է խոսում, ինձ հետաքրքիր է՝ մինչև որտե՞ղ եք և ի՞նչ չափանիշներով եք սահմանելու, թե որտեղ է ավարտվելու այդ տալու պրոցեսը, որովհետև Ադրբեջանը կան չի առնելու», - հետաքրքրվեց Խամոյանը:

«Կանգ է առնելու Հայաստանի Հանրապետության լեգիտիմ սահմանների վրա», - պատասխանեց վարչապետը:

«Դուք հստակ արձանագրում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց չգիտեք՝ մեր սահմանները որտեղ են սկսում և որտեղ են ավարտվում, ո՞րն է Հայաստանի Հանրապետության լեգիտիմ սահմանը», - հարցրեց Ագնեսա Խամոյանը:

«Տիկին Խամոյան, ամենայն հարգանքով, ես շատ հստակ գիտեմ, թե որտեղով են անցնում Հայաստանի Հանրապետության սահմանները և Դուք էլ գիտեք ու բոլորն էլ գիտեն, և Հայաստանի Հանրապետությունն ունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ, այս սահմանները 1991 թվականի դեկտեմբերի դրությամբ գոյություն ունեցած սահմաններն են: 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները վեր են ածվել պետական սահմանների, իսկ սահմանները հայտնի են քաղաքական առումով, տեխնիկական առումով էլ մեծ հաշվով հայտնի են, մնում է աշխատանքային պրոցեսի ընթացքում դա վերարտադրել», - արձագանքեց վարչապետը:

Եթե օրինակ՝ Ադրբեջանը նահանջում է խաղաղության օրակարգից, չի նշանակում՝ մենք էլ պետք է հրաժարվենք. Փաշինյան

Վարչապետն այսօր ևս մեկ անգամ վերահաստատեց՝ խաղաղության օրակարգից չեն հրաժարվելու։

«Մենք Ադրբեջանի տրամաբանությամբ չենք հռչակել խաղաղության օրակարգ, մենք մեր տրամաբանությամբ ենք այն հռչակել, իհարկե, այն ըմբռնմամբ, որ խաղաղությունը միակողմանի գործողություն չէ։

Եթե օրինակ՝ Ադրբեջանը նահանջում է խաղաղության օրակարգից, դա չի նշանակում, որ մենք էլ պետք է հրաժարվենք դրանից, ընդհակառակը՝ կարող է մենք ավելի շատ շեշտադրումներ պետք է անենք, ավելի շատ պետք է փաստարկենք», - շեշտեց նա հարցուպատասխանի ժամանակ։

Փաշինյանը վստահեցրեց՝ իր բոլոր գործողություններն ուղղված են եղել Հայաստանի ինքնիշխանության պաշտպանությանը

Փաշինյանը այսօր խորհրդարանում վստահեցրեց՝ իր բոլոր գործողություններն ուղղված են եղել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաստատմանն ու պաշտպանությանը։ Այս ձևակերպմամբ վարչապետը պատասխանեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն հարցին, թե «ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր է նախատեսում երկրի ղեկավարը, երբ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, չունենալով դրա իրավունքը, բայց փոխարենը Բաքվից ստացավ նոր պահանջներ՝ մասնավորապես չվերահսկվող միջանցք՝ Զանգեզուրով»։

«Անկախության գոյության ողջ ընթացքում մենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել ու լղոզել ենք, ինչը ֆունդամենտալ պրոբլեմ է: Ես կարող եմ նաև ասել, որ ընդհանրապես անվտանգային այս ընդհանուր մարտահրավերների մեջ ո՞րն է մեր ռազմավարական ընկալումը: Ես կարծում եմ, որ այս իրավիճակում, ինչպես և նախկինում մեր դիրքորոշումները և մեր պաշտպանության գործոնը պետք է լինի լեգիտիմությունը, միջազգային իրավական լեգիտիմությունը՝ կապված սահմանի հետ, Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հետ», - ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» մասին Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց՝ պատրաստ են Ադրբեջանին ճանապարհ տրամադրել այն նույն պայմաններով, ինչ պայմաններով, որ Իրանը անցում է տալիս Ադրբեջանին։

«Եթե Հայաստանի տարածքով անցումը Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան 47 կմ է, Իրանի տարածքում էլ 49 կմ է, եթե վերահսկողական գործառույթները ընդունելի են 49 կմ համար, բնականաբար դրանք չեն կարող անընդունելի լինել 47 կմ համար», - ընդգծեց վարչապետը:

«Լսեցինք ձեր խեղճուկրակ պատասխանը Ալիևին, ինչո՞ւ եք այդքան վախեցած». Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

Ալիևի հայտարարություններին և դրանց վարչապետ Փաշինյանի արձագանքին անդրադարձավ նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Նրա հարցադրումը կրքերը թեժացրեց խորհրդարանի դահլիճում։

«Լսեցինք Ձեր կողմից կիրթ, կառուցողական որակում ստացած Ալիևի հարցազրույցը, իհարկե, խայտառակ ագրեսիվ էր, լսեցինք նաև Ձեր խեղճուկրակ պատասխանը, ինչո՞ւ եք այդքան վախեցած, չե՞ք տեսնում, որ կեղծ խաղաղությանը ձախողված օրակարգ է, ինքդ էլ ես ձախողված», - ասաց Լևոն Քոչարյանը:

«Խորհուրդ կտայի հաջորդ անգամ այդ հարցը փորձել հանգավորել, որպեսզի 4-րդ դասարանի պատշաճ ոտանավոր դառնա ու գուցե որոշակի դիտումներ ու հետաքրքրություն առաջացնի: Ուզում եմ հիշեցնել, որ Դուք դպրոցական հանդեսում չեք և Ազգային ժողովում պետք է կարողանալ պատշաճ պահել, հակառակ դեպքում, կարծում եմ, առիթներ կունենաք վերհիշելու, թե որտեղ եք գտնվում։ Հույս ունեմ, այս հորդորը կրկնելու առիթ չեք տա», - արձագանքեց Փաշինյանը:

«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Աղվան Վարդանյանն էլ բարձրացրեց Բաքվում պահվող հայ գերիների հարցը։ Հարցադրումը սակայն անպատասխան մնաց, քանի որ ընդդիմադիր պատգամավորը չասաց, թե հարցը կոնկրետ ում է ուղղված. «ով որ իր վրա վերցնի», տեղից նշեց Աղվան Վարդանյանը։

«Պատերազմից հետո գերիներ ունեինք, ասացիք՝ «պատրաստ եմ որդուս ուղարկել Բաքու գերիների դիմաց», հիմա էլ գերիներ ունենք, նաև Արցախի ռազմաքաղաքական ամբողջ ղեկավարությունը, 18, 19, 20 թվերին նրանց գովում էիք, Շուշիում պարում, նրանց կենացը խմում, Ալիևն ասում է՝ դեռ 2 հոգի էլ Երևանում կան, թե ինչո՞ւ 2, ոչ 3, պարզ է: Սա ազգային, պետական խայտառակություն է, Ձեր անձնական խայտառակությունը, ճիշտ չի լինի՞ հիմա էլ հայտարարեք, որ Դուք եք պատրաստ հանձնվել Ալիևին գերիների դիմաց», - ասաց Վարդանյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG