Պաշտոնական Երևանը ցավով արձանագրել է, որ իր՝ ականապատ դաշտերի նոր քարտեզներ պատրաստելու և դրանք ադրբեջանական կողմին փոխանցելու մարդասիրական նախաձեռնությունն արժանացել է բացասական ու հեգնական արձագանքի։
«Ինչպես բազմիցս նշվել է, Հայաստանը, այդ թվում՝ որպես վստահության ամրապնդման միջոց, Ադրբեջանին է փոխանցել իր տրամադրության տակ եղած բոլոր ականապատ քարտեզները՝ ստանալով դրանք Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաներից։ Հետագայում, առաջնորդվելով մարդասիրական նպատակներով՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների շրջանում հարցումներով նոր քարտեզներ է պատրաստել՝ քարտեզները Ադրբեջանին փոխանցելու համար», - X-ում արված գրառման մեջ նշում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը երեկ տեղեկացրեց, թե ականների մասին նոր տեղեկամատյաններ են ի հայտ եկել Լեռնային Ղարաբաղի զինծառայողների շրջանում վերջերս անցկացված հարցումների արդյունքում։ Բաքուն, սակայն, կոշտ արձագանքեց դրանք փոխանցելու հայկական կողմի պատրաստակամությանը։
«Ցավոք սրտի, այս նախաձեռնությունն անմիջապես արժանացավ ադրբեջանական կողմի խիստ բացասական և հեգնական արձագանքին` ժխտելով Հայաստանի վստահության ամրապնդման ջանքերը, շարունակելով շահարկել թեման և Հայաստանի դրական քայլը վերածելով էսկալացիայի ու բացասական հռետորաբանության առիթի», - գրառման մեջ շեշտել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
ԱԱԾ-ից վստահեցրել են՝ նախկինում մի քանի անգամ առանց նախապայմանների ադրբեջանական կողմին են փոխանցվել Արցախի ականապատ դաշտերի 972 տեղեկամատյաններ, և Երևանի տրամադրության տակ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան:
Բաքվից ի պատասխան հակադարձել են՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո միջազգային ճնշման ներքո Հայաստանի ներկայացրած քարտեզների ճշգրտությունն ընդամենը 25 տոկոս է։