Մատչելիության հղումներ

Ականապատ դաշտերի քարտեզների 8 նոր տեղեկամատյան է ի հայտ եկել, դրանք կփոխանցվեն Բաքվին. ԱԱԾ


Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է ականապատ դաշտերի քարտեզների ութ նոր տեղեկամատյանների ի հայտ գալու և դրանք առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով ադրբեջանական կողմին փոխանցելու մասին։

ԱԱԾ-ն նշում է, որ նախկինում մի քանի անգամ առանց նախապայմանների ադրբեջանական կողմին են փոխանցվել Արցախի ականապատ դաշտերի 972 տեղեկամատյաններ (ֆորմուլյարներ), և որ Հայաստանի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Երևանի տրամադրության տակ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան:

Փոխանցված քարտեզները ձեռքբերված են եղել Լեռնային Ղարաբաղի զինծառայողների միջոցով:

«Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ականի պայթյունից ԱՀ քաղաքացիների մարմնական վնասվածքներ ստանալու մի քանի տեղեկատվություններից հետո և ի շարունակություն 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածության, այն է շոշափելի քայլեր ձեռնարկել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել թվով 8 նոր տեղեկամատյաններ», - ասված է հաղորդագրության մեջ:

Դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերներին։

Բաքուն օրերս կոչ էր արել միջազգային հանրությանը «պարտադրել Երևանին հանձնել ականապատ դաշտերի քարտեզները»։

Արտգործնախարար Միրզոյանը նախօրեին ասել էր, որ հայկական համապատասխան մարմինները աշխատանք են տանում նաև հարցումների ճանապարհով վերականգնել տեղեկատվություն՝ հնարավոր նոր ականների վերաբերյալ։ Նա ընդգծել էր, որ այդ գործողությունը պետք է արվի միջազգային գործընկերների կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG