Մատչելիության հղումներ

Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովն առաջարկում է Բաքվին ակտիվացնել համագործակցությունը


Գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող Հայաստանի միջգերատեսչական հանձնաժողովնն առաջարկում է Ադրբեջանի համապատասխան կառույցին ակտիվացնել համագործակցությունը՝ նշելով՝ Երևանը բազմիցս, այդ թվում՝ բարձր և բարձրագույն մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի հետ:

Ի պատասխան Բաքվի կողմից պարբերաբար շրջանառության մեջ դրվող թեզի, թե Երևանը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին՝ հանձնաժոցովն ընդգծել է՝ Հայաստանը 2020-ի նոյեմբերից ի վեր Ադրբեջանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմինների, ինչպես նաև 90-ականներին զոհված շուրջ 50 անձանց մարմինների գտնվելու հնարավոր վայրերի մասին տեղագրական նյութեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից:

Բացի այս, ըստ հանձնաժողովի, Ադրբեջանին են փոխանցվել 90-ականների զոհված 140 ադրբեջանցիների ոսկրեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից:

Հանձնաժողովը նաև շեշտել է, որ 993 Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և ԼՂ հայեր համարվում են անհետ կորած 90-ականների սկզբից, 2020 թվականի 44-օրյա պատերազմում և դրանից հետո Հայաստանի Հանրապետությունը լրջորեն հետաքրքրված է նրանց ճակատագրերի պարզաբանմամբ:

Երեկ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց ականապատ դաշտերի քարտեզների ութ նոր տեղեկամատյանների ի հայտ գալու և դրանք առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով ադրբեջանական կողմին փոխանցելու մասին։ Բաքուն կոշտ արձագանքեց Հայաստանի այս պատրաստակամությանը՝ այն ամենևին կառուցողական չհամարելով։

Բաքվից նշեցին, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո միջազգային ճնշման ներքո Հայաստանի ներկայացրած քարտեզների ճշգրտությունն ընդամենը 25 տոկոս է և այս անգամ ակնկալում են, որ «Հայաստանը կներկայացնի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որոնք դեռ ամբողջությամբ չեն ներկայացվել Ադրբեջանին»։

Բաքուն միևնույն ժամանակ շեշտեց, թե Երևանը «պետք է հրատապ միջոցներ ձեռնարկի 4 հազար անհայտ կորած ադրբեջանցիների ճակատագրի և վերջին 30 տարվա ընթացքում ադրբեջանցիների գերեզմանների տեղի մասին տեղեկություններ տրամադրելու ուղղությամբ»։

XS
SM
MD
LG