Հունվարի 25-ին լրացել է Կազանում «Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշևայի կալանավորման 100 օրը:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահի պաշտոնակատար Սթիվեն Կապուսը հրապարակել է նոր հայտարարություն, ընդգծելով, որ «նույնիսկ մեկ օր անարդար ազատազրկումը ողբերգություն է, բայց ԱՄՆ քաղաքացուն 100 օր ապօրինաբար ռուսական բանտում պահելը պարզապես վրդովեցուցիչ է»։
«Ալսուն կին է, մայր է և մեր կազմակերպության սիրելի աշխատակիցը: Ռուսաստանը պետք է անհապաղ և անվերապահորեն նրան ազատ արձակի: Մենք հուսով ենք, որ ԱՄՆ պետական դեպարտամենտը նրան հնարավորինս շուտ կճանաչի «անարդարացիորեն կալանավորված»», - ասել է Կապուսը:
Լրագրողի 100 օրվա կալանքի տխուր ժամկետի կապակցությամբ նրա տասնյակ գործընկերներ և բարեկամներ նկարահանվել են տեսահոլովակում՝ ասելով «Ազատ Ալսու» 38 լեզուներով, այդ թվում՝ 27 լեզուներով, որոնցով «Ազատություն» ռադիոկայանն է հեռարձակվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ազատություն» ռ/կ-ը դատապարտում է Ռուսաստանում կալանավորված իր լրագրողին նոր մեղադրանք առաջադրելը