Կազանի դատարանը երկարաձգեց «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշևայի կալանքը մեկուկես ամսով: Նման միջնորդություն էր ներկայացրել ՌԴ դատախազությունը:
Կուրմաշևան մեղադրվում է որպես «օտարերկրյա գործակալ» չգրանցվելու համար, նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում, տուգանք կամ հասարակական աշխատանք։
«Մենք անհանգստացած ենք Ալսուի կալանքը երկարաձգելու որոշմամբ», - հայտարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահի պաշտոնակատար Ջեֆրի Գեդմինը: «Լրագրությունը հանցագործություն չէ: Ալսուն պետք է անհապաղ վերադարձվի իր ընտանիքին», - ընդգծել է նա:
Կուրմաշևան Պրահայում «Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող է, երկքաղաքացի է՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի անձնագրեր ունի։ Նա մայիսին մեկնել է Ռուսաստան ընտանեկան արտակարգ իրավիճակի պատճառով։
Լրագրողը ժամանակավորապես կալանավորվել է հունիսի 2-ին Կազանի օդանավակայանում վերադարձի թռիչքին սպասելիս, որտեղ առգրավել են նրա անձնագրերը, ապա ամիսներ հետո նրան մեղադրանք են առաջադրել: