Այսօր Կազանի Սովետական շրջանի դատարանը դռնփակ նիստում վճռել է 1 ամիս 17 օր ժամկետով կալանավորել «Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշևային: Նա կփոխադրվի քննչական մեկուսարան, որտեղ կմնա մինչև այս տարվա դեկտեմբերի 5-ը:
Թղթակցի փաստաբանը դատարանին խնդրել է նշանակել բանտարկության հետ չկապված խափանման միջոց, սակայն դատավորը մերժել է խնդրանքը:
Լրագրողը ձերբակալվել է հոկտեմբերի 18-ին: Ռուսաստանի իրավապահները նրան մեղադրում են Ռուսաստանի Դաշնության ՔՕ 330 հոդվածի 1 մասով՝ «ՌԴ օրենսդրությամբ սահմանված պարտավորության չկատարում լիազոր մարմնում օտարերկրյա գործակալի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ, որը կատարել է ՌԴ ռազմական, ռազմատեխնիկական գործունեության ոլորտում տեղեկատվություն հավաքող անձ և որի հայթայթած տեղեկատվությունը կարող է օգտագործվել Ռուսաստանի Դաշնության անվտանգության դեմ»:
Քնննչական կոմիտեի պնդմամբ, Կուրմաշևան պարտավոր էր փաստաթղթեր տրամադրել՝ դրանք «օտարերկրացի գործակալների» ցանկում գրանցելու համար: Մինչդեռ, ՌԴ արդարադատության նախարարությունն իր իսկ նախաձեռնությամբ լրագրողին չի ընդգրկել այդ գրանցամատյանում:
Սա առաջին քրեական գործն է, որը Ռուսաստանում հարուցվում է լրագրողի նկատմամբ: Ալսու Կուրմաշևան իր մեղքը չի ընդունում:
Հոկտեմբերի 18-ին Կուրմաշևային ձերբակալել և փոխադրել են քննչական մեկուսարան: Անցած ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 20-ին, դատարանը պետք է ընտրեր նրա համար կանխարգելիչ միջոց: Քննիչը խնդրել է լրագրողին ուղարկել քննչական մեկուսարան, իսկ դատախազն առաջարկել է ևս 72 ժամով երկարաձգել նախնական կալանքը: Դատավոր Մարս Գանեևը բավարարել է դատախազի հայցը:
Դատական այսօրվա նիստը քննիչի առաջարկով վերստին տեղի է ունեցել դռնփակ ռեժիմով:
Ալսու Կուրմաշևան Միացյալ Նահանգների և Ռուսաստանի քաղաքացի է, նա ապրում է Պրահայում՝ ամուսնու և երեխաների հետ:
Մայիսի կեսին լրագրողն ընտանեկան արտակարգ հանգամանքների բերումով մեկնել է Ռուսաստան: Հունիսի 2-ին, երբ նա պետք է վերադառնար Պրահա, Ռուսաստանի իրավապահները Կազանի օդակայանում կանգնեցրել են լրագրողին և նրանից վերցրել են ամերիկյան և ռուսաստանյան անձնագրերը:
Դրանից հետո Կազանի հաշտարար դատարանը տուգանել է Կուրմաշևային երկրորդ քաղաքացիության մասին Ռուսաստանի իշխանություններին չտեղեկացնելու համար:
Կուրմաշևայի կալանավորմանն արձագանքել են նրա գործընկերները տասնյակ երկրներում, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը:
«Մենք մտահոգված ենք լրագրող Ալսու Կուրմաշևայի կալանավորմամբ, որը տեղի է ունեցել իբր որպես «օտարերկրյա գործակալ» չգրանցվելու պատճառով: Մենք կոչ ենք անում նրան արագ և անվերապահ ազատել: Լրագրողներին պետք է տրվի առանց ճնշման, ահաբեկման և հետապնդումների նրանց այդ կենսական նշանակության աշխատանքը կատարելու հնարավորություն», - ասվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի հայտարարությունում:
Հոկտեմբերի 19-ին լրագրողներին պաշտպանելու համար Եվրոպայի խորհրդի հատուկ պլատֆորմը հրապարակեց Կուրմաշևայի կալանավորման մասին ծանուցում: Միջազգային կառույցում ակնկալում են լրագրողի ազատ արձակումը և դուրսբերումը նրա բոլոր գանձումներից:
«Ազատության» լրագրող Ալսու Կուրմաշևայի կալանավորումը դատապարտել է նաև Եվրոպական միությունը:
Հոկտեմբերի 19-ին լրագրողներին պաշտպանելու համար Եվրոպայի խորհրդի հատուկ կառույցը հրապարակել է Կուրմաշևայի կալանավորման վերաբերյալ հատուկ ծանուցում: Միջազգային համայնքն ակնկալում է լրագրողի անհապաղ ազատում:
«Ռուսաստանը պարտավոր է պահպանել իր միջազգային պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում՝ ներառյալ խոսքի ազատությունը», - ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
ԵՄ հայտարարությունում նաև ասվում է, որ լրագրողները պետք է պաշտպանված լինեն, և նրանց պետք է թույլ տրվի ազատորեն զբաղվել իրենց մասնագիտությամբ:
ԱՄՆ Պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցում ասել է, որ «ավելի կարևոր առաջնահերթություն չկա, քան դրսում գտնվող ԱՄՆ քաղաքացիների անվտանգությունը»:
«Մենք տեղյակ ենք Ռուսաստանում Ալսու Կուրմաշևայի կալանավորման մասին: Պետական դեպարտամենտն աշխատում է յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար, երբ ԱՄՆ քաղաքացի է ձերբակալվում է Միացյալ Նահանգներից դուրս: Ռուսաստանի իշխանությունները դեռ չեն տեղեկացրել մեզ այս ձերբակալության մասին», - ասել է Միլլերը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մայիսից, երբ ՌԴ իշխանություններն առգրավել են լրագրողի անձնագիրը, հետևում է այս գործին:
«Մինչ այս մենք հրապարակավ չենք մեկնաբանել լրագրողի խնդիրը, հուսալով, որ նա կկարողանա հեռանալ Ռուսաստանից: Մենք արձակել ենք ճանապարհորդությունների վերաբերյալ չորրորդ մակարդակի նախազգուշացումը և հորդորում ենք ԱՄՆ քաղաքացիներին ոչ մի դեպքում չմեկնել Ռուսաստան: Կուրմաշևան ունի երկքաղաքացիություն, այդ իսկ պատճառով Ռուսաստանի իշխանությունները մերժում են մեր ներգրավումը խնդրին, սակայն մենք գործի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կփնտրենք», - ասել է Միլլերը:
Հոկտեմբերի 19-ին ամերիկացի կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Մայքլ ՄըքՔոլը տարածել է հատուկ հայտարարություն Ալսու Կուրմաշևայի կալանավորման վերաբերյալ:
«Ես ցնցված եմ «Ազատ Եվրոպա/«զատություն» ռադիոկայանի թղթակից, ԱՄՆ քաղաքացի Ալսու Կուրմաշևայի կալանքից: Դժբախտաբար, սա Ռուսաստանի խոսքի ազատության հետ պատերազմի ևս մեկ օրինակն է և դա վկայում է, որ Պուտինի ռեժիմը տրամադրված է ամերիկացիների դեմ: Ես կոչ եմ անում նրան անհապաղ ազատ արձակել», - ասել է ՄըքՔոլը:
Լրագրողին ազատելու պահանջ է հրապարակել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեֆ Գեդմինը:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) նույնպես կոչ է արել ազատ արձակել Կուրմաշևային, «ով ձերբակալվել է շինծու մեղադրանքներով»:
Երկար տարիներ Ալսու Կուրմաշևան լուսաբանում է ազգային փոքրամասնությունների խնդիրները Ռուսաստանի Վոլգա-Ուրալի տարածաշրջանում և հատկապես թաթարական լեզվի և մշակույթի պաշտպանության ու պահպանման հարցերը՝ վերջին տարիներին բնիկ ժողովուրդների նկատմամբ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների ակտիվացած ճնշման պայմաններում:
Ռուսաստանի իշխանությունները կարող են «օտարերկրացի գործակալ» հռչակել որևէ մեկին, «ով գտնվում է արտաքին ազդեցության տակ»: Այդ եզրույթը խիստ անորոշ է սահմանված օրենքում, ինչը կամայականությունների հնարավորություն է տալիս իշխանության մարմիններին:
Այժմ գրանցամատյանում կան մի քանի հարյուր «օտարերկրացի գործակալներ»՝ անհատներ, լրատվամիջոցներ, հասարակական կազմակերպություններ և միավորումներ:
2022-ի վերջից ուժի մեջ են մտել օրենքների լրամշակումներ, որոնցով «օտարերկրյա գործակալին» արգելում է դասավանդել պետական հաստատություններում, կազմակերպել հանրային միջոցառումներ, պայմանագրով ծառայել բանակում կամ լինել ընտրական հանձնաժողովների անդամ:
2017-ին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության "Idel.Реалии" և "Азатлык Радиосы" ծրագրերը ճանաչել է որպես «օտարերկրացի գործակալներ»: