Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ալսա Կուրմաշևային։
«ԵՄ-ն կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել լրագրող Ալսա Կուրմաշևային, որին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում իր լրագրողական գործունեության համար։ Ռուսաստանի իշխանությունները պարտավոր են ապահովել լրագրողների անվտանգությունը և խոսքի ազատության իրավունքը և դադարեցնեն նրանց հետապնդումները»,- X սոցիալական ցանցում գրել է Բորելը:
«Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշևան հոկտեմբերի վերջից անազատության մեջ է, այսպես կոչված՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը խախտելու մեղադրանքով։
Մեղադրող կողմը պնդում է, թե լրագրողն ինքը պետք է փաստաթղթեր ներկայացներ «օտարերկրյա գործակալների» գրանցամատյանում ընդգրկվելու համար։ Սա այս հոդվածով Ռուսաստանում առաջին քրեական գործն է, որը հարուցվել է լրագրողի դեմ։ Կուրմաշևան չի ընդունում մեղքը:
Դեկտեմբերի 12-ին հայտնի է դարձել, որ Կուրմաշևայի դեմ ևս մեկ քրեական գործ է հարուցվել՝ «ռուսական բանակի մասին կեղծիքներ տարածելու» հոդվածով։
Գործի հարուցման պատճառ է դարձել անցյալ տարվա նոյեմբերին «Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության կողմից հրատարակված «Ոչ պատերազմին. Ուկրաինա ներխուժման դեմ ռուսների 40 պատմություններ» գիրքը:
Դրանում ներառված են պատմություններ Վոլգայի շրջանի բնակիչների մասին։ Ժողովածուն պատրաստվել է Idel.Realii կայքում 2022 թվականի մարտից օգոստոս ամիսներին տեղադրված հարցազրույցների հիման վրա: Քննիչների պնդմամբ՝ Ալսու Կուրմաշևան զբաղվել է գրքի տարածմամբ։
Սա արդեն երրորդ քրեական գործն է Կուրմաշևայի դեմ։ Հոկտեմբերին Կազանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել երկրորդ քաղաքացիության մասին իշխանություններին չծանուցելու համար և պարտադրել է 10 հազար ռուբլի տուգանք վճարել: