Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռ/կ-ը դատապարտում է Ռուսաստանում կալանավորված իր լրագրողին նոր մեղադրանք առաջադրելը


Ռուսաստանում կալանավորված «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռ/կ-ի լրագրող Ալսու Կուրմաշևային նոր մեղադրանք է առաջադրվել ռուսական բանակի մասին ֆեյքերի հոդվածով, որը երկար տարիների բանտարկություն է սպառնում, հաղորդում է Ռուսաստանի «Թաթար-ինֆորմ» իշխանամետ տեղական լրատվամիջոցը։

Նոր մեղադրանքի առիթը անցած տարի հրատարակված գիրքն է, որը կոչվում է «Ոչ պատերազմին․ 40 ռուսաստանցիների պատմություններ, որոնք դեմ են Ուկրաինա ներխուժմանը»։ Գիրքը հիմված է Պովոլժեի տարածաշրջանի բնակիչների հետ հարցազրույցների վրա։

Գիրքը հրատարակել է ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայությունը, որտեղ աշխատում է Ալսու Կուրմաշևան։ Մեղադրող կողմը գտնում է, որ նա մասնակցություն է ունեցել գրքի հրատարակմանը, խմբագիրներից մեկն է։

«Մենք վճռական դատապարտում ենք Ալսուի դեմ Ռուսաստանի իշխանությունների առաջադրած նոր մեղադրանքը։ Լրագրությունը հանցագործություն չէ։ Ժամանակն է վերջ տալ այդ դաժան հետապնդմանը։ Ալսուն արդեն 56 օր գտնվում է անարդար կալանքի տակ և բաժանված իր ընտանիքից»,- հայտարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինը։

Սա արդեն երրորդ քրեական գործն է Ալսու Կուրմաշևայի դեմ։ Անցած հոկտեմբերին Կազանի դատարանը նրան մեղավոր ճանաչեց երկրորդ քաղաքացիության մասին չիրազեկելու համար և 10 հազար ռուբլի տուգանք սահմանեց։ Երկրորդ գործով նա կալանավորվեց այսպես կոչված՝ «օտարերկրյա գործակալի» մասին ռուսական օրենքը խախտելու մեղադրանքով։ Երրորդ՝ նոր գործով մեղադրվում է ռուսական բանակի մասին ֆեյքերի հոդվածով։

Ալսու Կուրմաշևան Ռուսաստանի ու ԱՄՆ-ի քաղաքացիություն ունի, նա աշխատում է Պրահայում՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի կենտրոնակայանում։ Անցած տարի ընտանեկան հարցերի պատճառով նա Կազան էր մեկնել, որտեղ ենթարկվում է դատական հետապնդումների։

XS
SM
MD
LG