Մատչելիության հղումներ

Կազանի դատարանն օրինական է ճանաչել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ալսու Կուրմաշևայի դատավճիռը


Ալսու Կուրմաշևան կազանի դատարանում:
Ալսու Կուրմաշևան կազանի դատարանում:

Այսօր Կազանի Սովետսկի շրջանային դատարանն օրինական է ճանաչել «Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշևայի դեմ առաջին քրեական գործով դատավճիռը, որը կայացվել է երկրորդ քաղաքացիության մասին իշխանություններին տեղյակ չպահելու մեղադրանքով:

Նախկինում հաշտարար դատավորը վճռել է, որ լրագրողն այդ արարքի համար պարտավոր է 10 հազար ռուբլի տուգանք վճարել:

Լրագրողի փաստաբանը բողոքարկել է վճիռը՝ պատճառաբանելով, որ Կուրմաշևայի վրա այդ պահանջը չի տարածվում, քանի որ նա 1998 թվականից մշտապես բնակվել է Ռուսաստանից դուրս։ Դատարանը չի ընդունել այդ փաստարկը:

Կուրմաշևան գտնվում է քննչական մեկուսարանում՝ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի հետ կապված մեկ այլ քրեական գործով։ Լրագրողն ունի ԱՄՆ և Ռուսաստանի քաղաքացիություն։ Մինչ ձերբակալությունը նա ամուսնու և երեխաների հետ ապրել է Պրահայում։

Մայիսի կեսերին նա ընտանեկան հանգամանքների բերումով մեկնել է Կազան։ Հունիսի 2-ին նա պետք է վերադառնար Չեխիա, սակայն Կազանի օդակայանում նրան ձերբակալել են և առգրավվել են ռուսական և ամերիկյան անձնագրերը:

Լրագրողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել երկրորդ քաղաքացիության մասին պետությանը չտեղեկացնելու համար և նրան կարգադրել են չհեռանալ Կազանից:

Հետաքննությունն ամիսներով ձգձգվել է: Կուրմաշևայի կալանքը երկարաձգվել է մինչև 2024 թվականի փետրվարի 5-ը:

«Աջակցություն քաղբանտարկյալներին. Հուշամատյան» իրավապաշտպան կենտրոնը նրան ճանաչել է որպես քաղբանտարկյալ։

Լրագրողի կալանավորումը դատապարտել են Կանադայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի և Շվեդիայի կառավարությունները, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչը, Եվրախորհրդարանի նախագահը, Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության կազմակերպությունը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը, Amnesty International-ը, Լրագրողների պաշտպանության կոմիտեն, Freedom House-ը, Լրագրողների միջազգային ֆեդերացիան և իրավապաշտպան բազմաթիվ այլ կառույցներ:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն հայտարարել է, որ «Ալսու Կուրմաշևայի ձերբակալությունը Ռուսաստանում մինչ օրս անկախ մամուլի դեմ կիրառվող օտարերկրյա գործակալների օրենքի չարաշահման առավել աղաղակող օրինակն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG