Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել։
Ըստ Փաշինյանի գրասենյակի՝ քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին:
Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է հավատարմությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին, ինչպես նաև բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում լուծելու մոտեցումներին, պատրաստակամություն է հայտնել լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:
Փաշինյանը վերոնշյալ հարցերի շուրջ հեռախոսազրույցներ է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
Հեռախոսազրույցները տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող լարվածության ֆոնին։ Երևանն ու Բաքուն իրար են մեղադրում ռազմական սադրանք հրահրելու մեջ․ կառավարության սեպտեմբերի 7-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով՝ շեշտելով՝ ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում էականորեն սրվել է։ Փաշինյանը նաև ասաց, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է։ Բաքուն շտապեց հերքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ այն որակելով «քաղաքական մանիպուլյացիա»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը Մակրոնի և Շոլցի հետ զրույցներում Ալիևի հետ հրատապ քննարկումներ ունենալու պատրաստակամություն է հայտնելԱյսօր ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը հաղորդեց, որ Իրանը զորամիավորումներ է մոտեցրել Ադրբեջանի հետ սահմանին՝ Նախիջևանի մոտ։
Ըստ «Թրենդ»-ի՝ այդ մասին վկայող տեսանյութեր են հայտնվել իրանական սոցիալական ցանցերում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը զորամիավորումներ է մոտեցրել Ադրբեջանի հետ սահմանին․ «Թրենդ»