Նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Թոմ Լանթոսի մարդու իրավունքների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղում ստեղծված օրհասական կացության հարցով լսումներում բանախոսները, որոնց թվում եղել են նաև հրավիրված փորձագետներ, ընդգծել են, որ 120 հազար արցախցահայերին շրջափակման մեջ պահող Ադրբեջանի կառավարությունը գործնականում ցեղասպանություն է իրականացնում:
Այդ մասին է ասել հանձնաժողովի հանրապետական համանախագահ, Նյու Ջերզիից ընտրված կոնգրեսական Քրիսթոֆեր Սմիթը:
«Ցեղասպանության այս հրեշավոր հանցագործությունը ծրագրել, փորձարկել և իրագործում է Ադրբեջանի կառավարությունը, ասել է թե՝ Ադրբեջանը երկաթե բռունցքով ղեկավարող բռնապետ նախագահ Իլհամ Ալիևը», - հայտարարել է լսումները նախագահող կոնգրեսականը:
Նա վրդովմունքով նշել է, որ գործադիրն անտեսել է քննարկումներին մասնակցելու հրավերը:
«Այս լսումներում ունենք երկու դատարկ աթոռ, մենք մասնակցելու առաջարկ ենք փոխանցել պետական քարտուղարության և ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներին, չնայած զանգերին և էլեկտրոնային նամակներին՝ նրանք չեն արձագանքել»,- ասել է Սմիթը:
Նա նշել է, որ լսումներին ներկա են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը և Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը:
Երկու առանցքային բանախոսներն էին Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և քաղաքագետ, Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր, Կոլումբիայի համալսարանի «Վայրագություններ Արցախում» հետազոտական ծրագրի ղեկավար Դեյվիդ Ֆիլիփսը:
Երկուսն էլ նշել են, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը թերացել է այս ճգնաժամին արձագանքելու և դրան ճիշտ գնահատական տալու հարցում, քանի որ 120 հազար մարդկանց պարենից, առաջին անհրաժեշտության պարագաներից և դեղորայքից միտումնավոր զրկելու Բաքվի գործելակերպը չեն անվանել «ցեղասպանություն»:
Դեկտեմբերին սկսվել է շրջափակումը, դա արվել է կեղծ բնապահպանական կարգախոսի ներքո, հետագայում անցակետ է տեղադրվել և երթևեկությունը նվազագույնի է հասցվել: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել Ալիևին վերացնել շրջափակումը, սակայն Ալիևը մնացել է անդրդվելի և հետագայում էլ անտեսել է բոլոր կոչերն ու հորդորները:
«Կասկած չկա, որ այս փուլում առկա է ցեղասպանություն կատարելու մտադրություն»,- ասել է Օկամպոն:
Նա հիշեցրել է, որ արդարադատության միջազգային դատարանի՝ հանցանքը կանխելու առաքելության հայեցակարգը շատ հստակ է՝ երբ ի հայտ են գալիս հնարավոր հանցանքի նախանշանները՝ պետություններն անմիջապես պետք է անցնեն գործի և կանխեն վտանգը: Դա չի հաջողվել, քանի որ արցախահայության շրջափակումը և դրա ավերիչ հետևանքներն արդեն իրականություն են:
«Հետևաբար, հիմա այս հանձնաժողովը պետք է նամակ փոխանցի գործադիրին և ասի՝ տեսեք, սա հիմա է տեղի ունենում, սա շատ կարևոր է»,- ասել է նախկին դատախազը:
Նրա համոզմամբ, այժմ անհրաժեշտ են կոնկրետ և կոշտ քայլեր: Պատկերավոր ասած, հրեաների և Հիթլերի բանակցություններն ու Աուշվիցի համակետրոնացման ճամբարն անհամատեղելի են, պետք է նախ վերջ տալ Աուշվիցին, նոր քննարկել բանակցությունների հարցը:
«Հնարավոր չէ բանակցել, երբ նախագահ Ալիևը ցեղասպանությունը դարձնում է բանակցային գործիք»,- ասել է Օկամպոն:
Ուրեմն ի՞նչ է պետք, ըստ արգենտինացի իրավաբան, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի:
«Վերջ տալ հերքումներին, ճանաչել ցեղասպանությունը և փրկել Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար հայերի կյանքը»,- ասել է նա իր ելույթի ավարտին:
Ապա խոսել է քաղաքագետ, Ջորջթաունի համալսարանի պրֆեսոր Դեյվիդ Ֆիլիփսը: Նա էլ ասել է, որ Ալիևի ռեժիմի գործողությունները հավասարազոր են ցեղասպանության: Նրա խոսքով, Ալիևն անձամբ է նպաստում Ադրբեջանում հայատյացության տարածմանը:
«Վերջերս Եվրասիական սոցիոլոգների ազատ ընկերակցության անցկացրած հարցման արդյունքների համաձայն, ադրբեջանցիների 60 տոկոսը ենթադրում է, որ հայերը կսպանվեն կամ կտեղահանվեն»,- ասել է պրոֆեսորը:
Պարենի պաշար չի մնում, ադրբեջանցիները զորամիավորումներ են մոտեցնում շփման գծին և Հայաստանի հետ սահմանին: Գրեթե ամեն օր տեղի են ունենում հրադադարի խախտումներ: Ի՞նչ է հնարավոր անել ստեղծված իրավիճակում:
«Եթե իրավիճակի արագ փոփոխություններ չլինի ԱՄՆ և դաշնակիցները պետք է հայերին տան պաշտպանվելու միջոցներ, օգտագործել ցեղասպանությունը կանխելու իրավունքը: այլապես պատմությունը կկրկնվի»,- ասել է պրոֆեսորը:
Նրա համոզմամբ, նույնիսկ եթե Լաչինի միջանցքը բաց լինի՝ Ալիևի ռեժիմը երբեք չի պահպանել հրադադարը և մնացած պայմանավորվածությունները: Հանցագործների անունները պետք է հայտնի լինի, դրանց թվում են Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը: Պատասխանատվություն են կրում նաև Թուրքիայի ղեկավարները:
Ապա Դեյվիդ Ֆիլիփսն ասել է, որ այս իրավիճակի համար պատասխանատու է նաև Բայդենի վարչակազմը:
«Լռություն պահպանելով և չգործելով՝ Բայդենի ադմինիստրացիան կապացուցի, որ ադրբեջանական նավթն ու գազն ավելի թանկ է համարում, քան Արցախի հայերի կյանքը»,- ասել է Ֆիլիպսը:
Արդյո՞ք այս իրավիճակում կա Ալիևին մեղադրանք ներկայացնելու հնարավորություն: Այդ թեմայով պարզաբանում, է տվել Օկամպոն: «Միջազգային քրեական դատարանը չի կարող հետապնդել Ալիևին, ոչ Ադրբեջանը և ոչ էլ Հայաստանը դրան չեն միացել»,- ասել է նա:
«Բայց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է, այդպես չէ՞»,- միջամտել է նախագահողը:
«Այո, կարող է, կան այլ մեթոդներ: Հայաստանը կարող է վավերացնել համաձայնությունը: Ադրբեջանից դուրս եկածները կարող են դիմել դատարանին»,- արձագանքել է Օկամպոն:
Կան իրավիճակի կարգավորման շատ տարբերակներ, բայց դրանցից Օկամպոն առանձնացրել Է մեկը, որը կարող է շատ արդյունավետ լինել:
«Նախագահ Բայդենը, պետքարտուղար Բլինքենը կարող են զանգահարել Ալիևին և ասել՝ պարոն Ալիև, հանեք բլոկադան վաղը, առանց նախապայմանների, այլապես մենք ձեզ կհամարենք պատասխանատու ցեղասպանության համար»,- ասել է Օկամպոն: