Մատչելիության հղումներ

Կոնգրեսական հանձնաժողովի զեկուցողները փաստեցին՝ Բաքուն Արցախում ցեղասպանություն է իրականացնում


ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում Նյու Ջերսիից կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթի նախագահությամբ սեպտեմբերի 6-ին լսումներ անցկացվեցին Ղարաբաղի հարցով, ինչպես բացման խոսքում նշեց Սմիթը՝ հասկանալու, թե ինչպես կարող են պաշտպանել Ղարաբաղի բնակիչներին, ինչ կարող է անել ԱՄՆ-ի կառավարությունը:

Լսումներին հրավիրվել էին ու ելույթ ունեցան, հարցերի պատասխանեցին Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և Կոլումբիայի համալսարանի «Վայրագություններ Արցախում» հետազոտական ծրագրի ղեկավար պրոֆեսոր Դեյվիդ Ֆիլիպսը, ով 2000 թվականի սկզբներին հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի համակարգողն էր։ Լսումներին մասնակցեցին նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը, Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը։

Լուիս Օկամպոն իր խոսում նշեց, որ հիմա հրատապը Ղարաբաղի հայերի ցեղասպանությունը կանխելն է։ Չպետք է սպասել ցեղասպանության լիակատար իրականացմանը, պետք է անհապաղ գործել այն կանխելու համար։

«Լեռնային Ղարաբաղի հայերը ձեր կարիքն ունեն, որ ցեղասպանությունն այլևս երբեք իրականություն չդառնա, իսկապես՝ երբեք նորից, որովհետև այն նախկինում տեղի է ունեցել 1915 թվականին», - Մարդու իրավունքների հանձնաժողովում ասաց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը։

«Մենք արդեն ուշացել ենք, հունվարին արդեն զգացվում էին ցեղասպանության վտանգները», - ասաց Օկամպոն՝ նշելով Լաչինի ճանապարհի փակումը էկոակտիվիստների կողմից, որոնք հեռացան միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն անցակետ տեղադրեց։

Օկամպոն առաջարկեց, որ հանձնաժողովը տեղեկատվություն ուղարկի գործադիր մարմնին, տեղեկացնի, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում։ Դա կարևոր է, քանի որ ԱՄՆ-ը խորապես ներգրավված է բանակցություններում, բայց Ալիևը ցեղասպանությունը որպես գործիք է օգտագործում բանակցությունների համար։ Պետք է դադարեցնի ցեղասպանությունը, հետո նոր բանակցություններ ընթանան, ընդգծեց նա:

Դեյվիդ Ֆիլիպսն ասաց, որ Ադրբեջանը ցեղասպան մտադրություններ ունի, գործողությունների նպատակն է ֆիզիկապես բնաջնջել մարդկանց, վերացնել հայերի մշակութային և կրոնական ներկայությունը Ղարաբաղում ու վերջին հաշվով Հայաստանի Հանրապետությունում։ Որևէ կասկած չկա նրանց ցեղասպան մտադրությունների մասին, ասաց Ֆիլիպսը՝ նշելով, որ Ադրբեջանում Ալիևի ստեղծած մթնոլորտում ադրբեջանցիները կարծում են, որ հայերը կա՛մ պետք է մահանան, կա՛մ տեղահանվեն։

Ջոն Էվանսն ասաց, որ Արցախից ստացվող մեսիջները տագնապալից են, ինչպես նաև այդ խեղճ մարդկանց իրավիճակը: Ներկա պահին իրավիճակը շատ լուրջ է։

Ելույթների ընդհանուր եզրահանգումն այն էր, որ Արցախում ցեղասպանություն է իրականացվում, որը պետք է շտապ կանխվի։ Հանձնաժողովը նամակ կուղարկի գործադիր մարմնին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG