Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը 126 էջանոց զեկույց է հրապարակել Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանության վտանգի վերաբերյալ։
Ինստիտուտը կից թվիթերյան գրառմամբ նշել է, որ զեկույցի նախագծի հրապարակումը պայմանավորված է շրջափակման ծանր հանգամանքներով և Արցախի և Հայաստանի սահմաններում Ադրբեջանի ռազմական կուտակումներով։
«Մենք խորապես մտահոգված ենք այն ամենով, ինչ ներկայումս տեղի է ունենում, և կարծում ենք, որ դա ցեղասպանություն է։ Միջազգային աշխարհը շատ բան կարող է անել Հայոց Երկրորդ ցեղասպանությունը կանխելու համար, սակայն այն պետք է գործի համարձակ և արագ», - գրված է Թվիթերում։
Ադրբեջանն արդեն 8 ամիս է փակել է Լաչինի միջանցքը, այս տարվա հունիսի 15-ից էլ արգելափակել է դեպի Արցախ հումանիտար բեռների մուտքը՝ ո՛չ դեղորայք, ո՛չ սնունդ, ո՛չ վառելիք չի մտնում Լեռնային Ղարաբաղ։