Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ է վերջին օրերին Բաքուն կրկին ակտիվացրել է թռիչքները դեպի իսրայելական «Օվդա» օդանավակայան


«Օվդան», ըստ իսրայելական աղբյուրների, այդ երկրի միակ օդանավակայանն է, որն ունի թույլտվություն պայթուցիկ ռազմամթերքի արտահանման ու ներկրման համար։ 

Միայն օգոստոսի 15 -ից մինչև սեպտեմբերի 5-ը ադրբեջանական Silk Way ավիաընկերությունը բեռնատար ինքնաթիռներով դեպի իսրայելական այս օդանավակայան արդեն 5 թռիչք է իրականացրել՝ օգոստոսի 15-ին, 29-ին, սեպտեմբերի 1-ին, 2-ին և մեկ թռիչք էլ այսօր՝ սեպեմբերի 5-ին։

Ընդ որում, սեպտեմբերի 1-ին Silk Way-ը «Օվդայից» վերադարձել է ուղիղ Ադրբեջանի Գյանջայի օդակայան, իսկ արդեն սեպտեմբերի 2-ին Իսրայել է թռչել Գյանջայից ու կրկին վերադարձել ադրբեջանական այս օդանավակայան։

Ադրբեջանից «Օվդա» և հակառակ ուղղությամբ բեռնատար ինքնաթիռների կատարած տասնյակ թռիչքների մասին իսրայելական «Հաարեց» օրաթերթն այս տարի հետաքննություն է իրականացրել։

Բաքվից դեպի «Օվդա» իրականացվող թռիչքները կտրուկ աճում են հայ-ադրբեջանական ռազմական բախումների ժամանակ. Հաարեց

Բաց աղբյուրների վրա հիմնելով՝ պարբերականը գրում է, որ միայն անցած 7 տարիների ընթացքում՝ 2016-ից սկսկած, ադրբեջանական Silk Way ավիաընկերության 92 բեռնատար ինքնաթիռներ վայրէջք են կատարել իսրայելական «Օվդա» օդանավակայանում։ Ընդ որում, իսրայելական «Հաարեցը» արձանագրել է, որ Բաքվից դեպի «Օվդա» իրականացվող թռիչքների հաճախականությունը կտրուկ աճում է հենց հայ-ադրբեջանական ռազմական բախումների ժամանակ։

Մասնավորապես, ըստ իսրայելական պարբերականի, 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ Բաքվից Իսրայելի «Օվդա» օդանավակայան իրականցվել է 6 թռիչք, 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ միայն սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ 20 թռիչք։ 2021-ի հուլիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական բախումների ընթացքում իրականացվել է 13 թռիչք, 2022-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսների ռազմական բախման ժամանակ՝ 7 թռիչք։

«Հաարեցը» իր հրապարակման մեջ շեշտում է՝ Իսրայելը ռազմավարական գործընկեր Ադրբեջանին է վաճառում միլիարդավոր դոլարների զենք՝ բալիստիկ հրթիռներ, օդային պաշտպանության համակարգեր, կամիկաձե անուդաչուներ՝ դրա դիմաց Բաքվից ստանալով նավթ և, որ ամենակարևորն է, մուտք դեպի Իրան։

Հղում անելով արևմտյան մամուլին, «Հաարեցը» գրում է, որ, օրինակ, Ադրբեջանը թույլ է տվել Մոսադին հենակետեր տեղադրել իր տարածքում և դիտարկել, թե ինչ է կատարվում Իրանում, անգամ օդային տարածք է տրամադրել, որպեսզի անհրաժեշտության դեպքում Իսրայելը կարողանա թիրախավորել Իրանի միջուկային օբյեկտները։

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին Բաքուն կրկին ակտիվացրել է թռիչքները դեպի իսրայելական «Օվդա»։ Արդյո՞ք այսօրինակ ակտիվությունը խոսում է Ադրբեջանից կողմից ռազմական գործողոությունների վերսկսման հնարավորության մասին։

Արցախի նախագահի նախկին խորհրդական, այժմ Հայաստանի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով, Ադրբեջանը չի թաքցնում, որ այս ընթացքում ոչ միայն Իսրայելից, այլև Թուրքիայից է մեծածավալ ռազմական մատակարարումներ ստանում։ Բայց սա, ըստ Աբրահամյանի, լարվածության միակ բաղադրիչը չէ։ Տեղեկություններ կան Ադրբեջանում մոբիլիզացիոն հավաքների հետ կապված։ Բացի դրանից, Բաքուն նաև ակտիվ կերպով փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, թե իբր ռուսական կողմի աջակցությամբ Արցախում վտանգավոր տեղաշարժեր են կատարվում։ Իսկ Հայաստանի մասով հայ-հնդկական ռազմական համագործակցությունը ներկայացվում է որպես ռևանշիզմի դրսևորումը, ինչը չի համապատասխանում իրականությանը։

Ռազմական գործողությունների վերսկման ռիսկերը մեծացել են. Տիգրան Աբրահամյան

«Վերջին շրջանում ադրբեջանական ակտիվությամբ պայմանավորված, մեծ թվով գործոններով պայմանավորված, ընդհանուր ռիսկերը ավելացել են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աբրահամյանը։

Նրա համոզմամբ, այս իրավիճակում պետք է գործի դրվի ռազմաքաղաքական և ռազմական դիվանագիտության բոլոր գործիքները հնարավոր պատերազմը կանխելու համար՝ հատկապես ակտիվ աշխատելով գործընկեր, դաշնակից երկրների հետ. - «Լարվածության օրերին, օրինակ, շատ ավելի Հայաստանի իշխանությունը սրում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Ռուսաստանը այս տարածաշրջանի գլխավոր գործող ուժերից է, և իսկապես այսպիսի իրավիճակում պետք է Ռուսաստանի հետ աշխատել։ Անկախ նրանից, թե ով ինչ հիասթափություն ունի, ով ինչ խնդիր ունի, չես կարող որևէ ձևով ռուսական դերակատարությունը այս տարածաշրջանում ներկայության առումով հաշվի չառնել։ Սա մեկ։ Երկրորդը, Միացյալ Նահանգները, նաև Եվրոպական միությունը բավականին ակտիվություն են դրսևորում։ Եվրոպական միությունից զատ, նաև առանձին Ֆրանսիան։ Բնականաբար, պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ առաջին հերթին փաստական առումով ի ցույց դնելու այդ հիմնական դերակատարների համար, թե ինչի է նախապատրաստվում Ադրբեջանը և սա ինչ է բերելու։ Երկրորդը, փորձել օգտագործել նաև գուցե միջազգային կառույցների հնարավորությունը՝ ընդհուպ մինչև Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման։ Որովհետև, բնականաբար, կան երկրներ, որոնք Ադրբեջանի վրա ունեն ազդեցություն։ Պետք է փորձել աշխատել համատեղ շահերի համադրման միջոցով հասնել այս իրավիճակի մեղմացմանը։ Եթե նույնիսկ հնարավոր պատերազմի կամ հնարավոր էսկալացիայի մասշտաբները փոքրացվեն, դա ինքնին արդեն իսկ կլինի իրավիճակի որոշակի հանգուցալուծում»։

Տիգրան Աբրահամյանն ասում, թե իհարկե պետք է հասկանալ, որ ամեն ինչ չէ, որ կարելի է կանխել, հետևաբար Հայաստանը պետք է պատրաստ լինի ադրբեջանական հնարավոր նոր ռազմական գործողություններին։ Իսկ դա ենթադրում է ոչ միայն անվտանգության ուղղությամբ մեծածավալ աշխատանք, այլև երկրի ներսում համապատսխան իրավիճակի նախապատրաստում, ինչը որևէ ձևով չի իրականցվում։

Իսկ Ի՞նչ արվում է Հայաստանի կառավարության մակարդակով դեպի Իսրայել հաճախակի դարձած ադրբեջանական թռիչքների մասով, արդյո՞ք Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը այս հարցով շփումների մեջ է Իսրայելի գործընկերների հետ։

Հայաստանի արտգործնախարարությունից խնդրեցին հարցը գրավոր ուղարկել։ Թեև Հայաստանն ու Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ հաստատել են դեռ 1992 թվականին, բայց Երևանը Թել Ավիվում դեսպանատուն բացել է ընդամենը երեք տարի առաջ՝ 2020 թվականի օգոստոսին։

XS
SM
MD
LG