Մատչելիության հղումներ

Բաքուն անդրդվելի է, չնայած Լաչինի միջանցքը բացելու Վաշինգտոնի կոչերին


ԱՄՆ-ի պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը սեպտեմբերի 5-ի ճեպազրույցում նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է խորապես ներգրավված մնալ հայ- ադրբեջանական կարգավորման շփումներով՝ չհերքելով, բայց նաև չհաստատելով, որ Պետքարտուղարություն է այցելել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը, ինչի մասին հարցրեց «Թուրանի» թղթակիցը ու հետաքրքրվեց, թե ուրիշ ի՞նչ շփումն են եղել։

Վեդանտ Պատելը ընդգծել է, որ ԱՄՆ-ը խորապես մտահոգված է շարունակվող շրջափակման հետևանքով սննդամթերքի, դեղորայքի և այլ կենսական ապրանքների, Լեռնային Ղարաբաղում հումանիտար պայմանների վատթարացմամբ։

«ԱՄՆ-ն շարունակաբար աշխատել է կողմերի հետ վերջին մի քանի շաբաթների ընթացքում, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, և մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը հումանիտար, առևտրային, ինչպես նաև ուղևորափոխադրումների համար», - հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի փոխխոսնակը։

Ադրբեջանը անցած տարեվերջից արդեն 8 ամիս փակել է Լաչինի միջանցքը, իսկ հունիսի 15-ից փաստացի պաշարման մեջ վերցրել Լեռնային Ղարաբաղը, արգելելով սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների, նույնիսկ դեղորայքի ներկրումը Արցախ։

Միջազգային հանրությունը, միջազգային կազմակերպությունները, մամուլը, գնալով ավելի հստակ են բարձրաձայնում Արցախում տիրող աղետալի իրավիճակի մասին։

Բաքուն հերքում է բոլոր մեղադրանքները, ժխտում քննադատությունները, պնդում, թե Լաչինի ճանապարհը փակ չէ, այնտեղով Կարմիր խաչի մեքենաներով հիվանդներ են տեղափոխվում, իրենց կողմից առաջարկում են օգտագործել Աղդամի ճանապարհը, որն ավելի արդյունավետ է՝ բայց հայերը մերժում են։

Սաուդյան Արաբիայում հրատարակվող Arab News-ին տված հարցազրույցում Բաքվի այս բոլոր պնդումները կրկնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Ղարաբաղի հայերը ապրում են Ադրբեջանի ներսում, ուրիշ տարբերակ չկա։ Նրանք պետք է շփումներ ունենան և տեղում գտնեն գոյություն ունեցող խնդիրների լուծումները»,- ասել է նա։

Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների մասին նա ասել է, թե բոլոր պլատֆորմները իրենց համար ընդունելի են։

«Ադրբեջանը իրոք ցանկանում է խաղաղության համաձայնագիր ստորագրել ու շրջել տարածաշրջանում հակամարտության և վայրագության էջը։ Մենք ցանկանում ենք ապրել խաղաղության մեջ։ Բայց գնդակը Հայաստանի դաշտում է։ Որքան շուտ նրանք հասկանան իրականությունը, այնքան լավ կլինի բոլորի համար։

Ադրբեջանի դեմ Հայաստանի կեղտոտ քարոզչությունը մեզ շեղել է խաղաղության համաձայնագրի բանակցությունների ճանապարհից՝ Վաշինգտոնի տրամադրած հարթակում։ Մենք շատ կարևոր առաջընթացի էինք հասել. փաստաթղթի գրեթե 70 տոկոսը ձևակերպվել էր, ինչ-որ առումով մենք համաձայնվել էինք», - նշել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Հիքմեթ Հաջիևի խոսքերով՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը ամբողջովին կփոխի Հարավային Կովկասը։ «Բայց Հայաստանի վարչապետը մի կողմից ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից հայկական զինված ուժեր պահում մեր տարածքում։ Նա մինչև հիման ֆինանսավորում է մեր տարածքում անօրինական ռեժիմը», - մեղադրել է Հաջիևը Փաշինյանը։

Հիքմեթ Հաջիևի հայտնած դիրքորոշումը նույնությամբ կրկնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ պետական «Ազերթաջ» գործակալությանը և հունգարական «Մադյար Դեմոկրատա» թերթին տված հարցազրույցում։ Նրա ասել է, թե Ղարաբաղի հայերի միակ ապագան Բաքվի հետ երկխոսությունն և Ադրբեջանի կազմում իրենց ապագայի քննարկումը։

«Այլ ուղի պարզապես գոյություն չունի, մնացած բոլոր տարբերակները անօրինական են։ Դա է մեր կարմիր գիծը: Ադրբեջանի տարածքում գորշ գոտիներ այլևս չեն լինելու», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործում նա ասել է, թե վճռական են տրամադրված խաղաղության հասնելու համար։ Բայց նա հավելել է, թե Ադրբեջանի տարածքում դեռ հայկական զորամիավորումներ կան, որոնց քանակը մոտավորապես 10 հազար է։ Բայրամովը նշել է, որ այդ զորամիավորումները Հայաստանն է պահում, ֆինանսավորում պետբյուջեից ու նրանք տարածաշրջանում պայթյունավտանգ ու լարվածության աղբյուր են հանդիսանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG