Մատչելիության հղումներ

Ծիծաղելի է, երբ Ադրբեջանը փորձում է աշխարհին մարդասիրություն ցուցադրել. Արցախի օմբուդսմեն


Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան

Հակարիի կամրջից առևանգված արցախցի երեք ուսանողներին Ադրբեջանը տասը օր պահելուց հետո երեկ ազատ արձակեց։ Հակարիի անցակետին սկզբում Լևոնը մոտեցավ, տեսավ Ալենն ու Վահեն չկան, սպասեց։ Հետո երեքով ադրբեջանցի երկու սահմանապահների հետ քայլեցին դեպի իրենց Հայաստան տեղափոխող մեքենան։ Ալենը մուգ կապույտ շապիկով է, Վահեն բաց կապույտով է, Լևոնը՝ սպիտակ։ Շատ երկար թվացող ճանապարհն անցան հավասարակշիռ, ձիգ։

Ալենի հայրը՝ Նելսոն Սարգսյանը չի զարմանում. - «Կարող ա մի քիչ անհամեստություն ըլնի, բայց այդպես էլ կա։ Տպավորությունը չեմ կարող վերծանել բառերով։ Էդ տարիքում մարդը ճանապարհ ա անցել, նաև պատերազմը... չգիտեմ»։

Որդին 44-օրյա պատերազմի մասնակից է, մյուս երկու տղաները զինծառայությունը նոր են ավարտել։ Երեք ուսանողներ, որ օգոստոսի վերջին Երևան սովորելու էին գալիս՝ Ալենն ագրարայինում, Վահեն տնտեսագիտականում, Լևոնը պոլիտեխնիկում։ Մարտունու ֆուտբոլային թիմի մարզիկներին Բաքուն Հակարիի անցակետում մեղադրանք ներկայացրեց՝ անարգել եք ադրբեջանական դրոշը, ու տասը օրով ազատազրկեց։ Երեկ երեկոյան, ադրբեջանցի իրավապահների ձևակերպմամբ, նրանց արտաքսեցին Հայաստան։ Երեքի ծնողներն էլ Արցախում են, Բաքվի տարածած տեսանյութն էին տեսել ու մի քանի բառ փոխանակել որդիների հետ, տղաները դեռ կապի միջոցներ չունեն։

«Սաղ նորմալ էր, տեսքն էլ ա նորմալ, խոսակցությունն էլ ա նորմալ», - ասում է Լևոն Գրիգորյանի հայրը՝ Ժիրայր Գրիգորյանը։

Ինչպե՞ս են նրանց վերաբերվել Բաքվում. այս հարցը ծնողները չեն տվել, միայն առողջական խնդրով են անհանգստացել, ասել են՝ լավ ենք։

«Կարճ ենք խոսացել, էնքան որ հարցրել ես, բա չե՞ք գնում բժշկի։ Էնքան որ արխայինացա, որ ոչ մի բժշկի կարիք էլ չկա», - ասում է Վահե Հովսեփյանը մայրը՝ Արև Սարգսյանը։

Վահեի եղբայրը 44-օրյա պատերազմում է զոհվել, 31-ամյա աշխարհազորային էր։ Ծնողները չգիտեն Բաքվի իրավապահներն ունեի՞ն այդ տեղեկությունը, թե՞ ոչ։ Վահեի հայրը զարմանքով մի բան է պատմում՝ Վահեն Արցախի գերբով ժամացույց ուներ, դրանով Բաքուն գնաց ու դրանով Բաքվից եկել։

Ադրբեջանի դատախազության ներկայացուցիչ Նեմաթ Զամանովը սոցցանցի իր էջում գրել է՝ «Այս ամենը վկայում է Ադրբեջանի մարդասիրության մասին»: Զամանովը վստահեցրել է, թե իր երկրում ոչ մի ժողովուրդ խտրականության չի ենթարկվում։

Գեղամ Ստեփանյան
Գեղամ Ստեփանյան

«Ծիծաղելի է, երբ Ադրբեջանը փորձում է աշխարհին մարդասիրություն ցուցադրել», - արձագանքում է Արցախի օմբուդսմենը։ - «Այս ցուցադրված կամ կեղծ հումանիզմը չէ, որ պետք է խոսի պետության հումանիստական դիրքորոշման կամ վարքագծի մասին, այլ հայ ռազմագերիների նկատմամբ ցուցաբերված ամենավերջին դաժանությունները, ռազմական հանցագործությունները և 120 հազար մարդու 9 ամիս շարունակ շրջափակման մեջ պահելը լրիվ այլ բաներ են ապացուցում»։

Գեղամ Ստեփանյանը շեշտում է, որ եթե նույնիսկ ընդունենք, որ արցախցի ֆուտբոլիստները անարգել են ադրբեջանի դրոշը, ապա հենց նույն Բաքվի օրենքով վարչական իրավախախտումից մեկ տարի անց որևէ պատասխանատվություն նախատեսված չէ, իսկ այդ միջադեպը ուղիղ երկու տարի առաջ է եղել. - «Երևի մտածել են, որ մենք չենք ուսումնասիրելու իրենց օրենսդրությունը, չենք հասկանալու էս նյուանսները, և փորձել են վարչական պատասխանատվություն սահմանել։ Բայց օրենսդրությունը այլ բան է ասում»։

Հակարիի անցակետից երկու տարեց արցախցիներ Վագիֆ Խաչատրյանն ու Ռաշիդ Բեգլարյանը առևանգվել ու մինչև այժմ էլ Բաքվում են անազատության մեջ, հիշեցնում է Արցախի օմբուդսմենը։ Այդ անցակետում ադրբեջանն ինչ ուզում անում է, դա ազատազրկման գործիք է Բաքվի ձեռքին, շեշտում է Ստեփանայանը, հատկապես որ հայկական կողմը բոլորովին չգիտի, թե ում անուն-ազգանուններ են ներառված Բաքվի սև ցուցակներում։

Այս ամենը օմբուդսմենը նաև միջազգային հանրության ամենաթողության հետևանք է համարում. - «Անընդհատ խոսում է Ադրբեջանում մարդու իրավունքների կամ օրինականության խայտառակ վատ վիճակի մասին, բայց միևնույն ժամանակ դա չի անդրադառնում, օրինակ, Եվրոպա - Ադրբեջան տնտեսական հարաբերությունների վրա, կամ Ամերիկայի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական աջակցության վրա»։

Արցախցի երեք ուսանողների առևանգումից հետո ռուս խաղաղպահները դադարեցրել են մարդկանց փոխադրումը Հակարիի անցակետով։ Այժմ արցախում երևանյան ԲՈՒՀ ընդունված 50 ուսանող կա, որ դասի գալ չեն կարող։ Քանի անվտանգության երաշխիք չկա, փոխադրում չպետք է լինի, վստահ է Արցախի օմբուդսմենը։

«Շատ եմ ուզում մի անգամ թեկուզ մի հինգ օրով, տասը օրով գամ, մի անգամ էրեխեքին տեսնեմ, էլի գնամ», - ասում է Վահե Հովսեփյանի մայրը։

Բաքվից երեկ վերադարձված տղաների ծնողները այսօր սեփական որդիներին գրկելու, անհանգստությունը փարատելու հնարավորություն չունեն։10 օր նրանց բաժանում էր Բաքուն, այսօր Բաքվի անցակետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG