Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվող մոտ 400 տոննա հումանիտար բեռը շարունակում է սպասել Լաչինի միջանցքի մուտքի մոտ, Արցախում հումանիտար վիճակը շարունակում է մնալ լարված, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով՝ իրադրության միակ փոփոխությունն այն է, որ Կարմիր խաչի և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով բուժման կարիք ունեցող և այլ քաղաքացիների որոշակի շարժ է սկսվել Լաչինի միջանցքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Չգիտես ուրախանաս, թե տխրես, որ անցնում ես էդ անցակետը»․ Լաչինի միջանցքով այսօր արցախցի մի խումբ երիտասարդներ եկել են Հայաստան«Հավաստի տեղեկություններ են հասել, թե Լաչինի միջանցքը միակողմանի բացելու ծրագրեր են մշակվում»
Վարչապետը տեղեկացրեց՝ հավաստի տեղեկություններ են հասել, թե Լաչինի միջանցքը միակողմանի բացելու ծրագրեր են մշակվում՝ Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ։
Փաստելով, որ նախորդ տարվա դեկտեմբերից Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետևանքով այս պահին Հայաստանում են գտնվում Լեռնային Ղարաբաղի շուրջ 5 հազար բնակիչներ, իսկ ևս շուրջ 30 հազարը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով՝ գործադիրի ղեկավարը հայտարարեց՝ այս դրույթի չկատարումը և մյուս փաստերը շարունակաբար վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակը էթնիկ զտման ճանապարհով հայությանը Լեռնային Ղարաբաղից հեռացնելն է՝ լինի դա սովամահության, սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով։
Ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի՝ «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հայտարարությունը«Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը»
«Մեր ունեցած տեղեկությունները կվայում են, որ Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել Լեռնային Ղարաբաղի վրա», - հայտարարեց Փաշինյանը՝ շեշտելով՝ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ ԼՂ հայության իրավունքներին ու անվտանգությանն առնչվող հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանզիմի շրջանակներում։
Այս համատեքստում վարչապետը էական համարեց նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետի կատարումը՝ մասնավորապես շեշտելով՝ այն նախատեսում է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձ ոչ միայն ԼՂ տարածք այլև հարակից շրջաններ։
«Սա նշանակում է, որ ոչ միայն Հադրութի, Մարտակերտի, Մարտունու մի շարք գյուղերի, այլև Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի և մյուս շրջանների հայերը արժանապատվորեն և անվտանգ իրենց տները վերադառնալու հնարավորություն պետք է ունենան», - ասաց Փաշինյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին։
Գործադիրի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ Երևանն ադրբեջանական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի նոր առաջարկները՝ այլ մանրամասներ չհրապարակելով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղության պայմանագրի տեքստի երեք-չորս կետերում ունենք տարաձայնություններ. Ալեն Սիմոնյան