Խաղաղություն ասելով` Ադրբեջանը գործնականում հասկանում է Բաքվի բոլոր պահանջների կատարում. հայաստանցի փորձագետներն են գնահատում՝ Euronews-ին տված հարցազրույցում Ալիևի հավաստիացումներն ու քայլերը ինչքանո՞վ են համահունչ։
Հայաստանում և Ադրբեջանում թղթակիցը նույն հարցերն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Իլհամ Ալիևին: Խաղաղության հաստատումն այս հարցազրույցի ամենաառանցքային հարցերից մեկն էր:
«Խաղաղություն ոչ միայն կարող է, այլ պետք է լինի: Դա է իմ մոտեցումը», - ասել է Հայաստանի վարչապետը:
Առաջընթացը ինչո՞ւ բավարար տեմպով չի. Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը խոսել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության պայմանավորվածության մասին՝ ենթադրաբար Ալիևի հետ, որը չի կատարվել։ Մինչ այս Հայաստանը որևէ պայմանավորվածության մասին չի խոսել, ավելին, բազմիցս է ասել, որ միջազգային ներգրավվածությամբ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեսանելի չէ:
«Մենք պայմանավորվածություն ունենք, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև, դա Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքն է, հիմնական քաղաքը, պետք է տեղի ունենա երկխոսություն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության մասին միջազգային մեխանիզմների շրջանակներում, ու այդ երկխոսությունը նույնպես մինչև այդ պահը տեղի չի ունեցել, բայց մենք պետք է հետևողականորեն աշխատենք», - ընդգծել է Փաշինյանը:
Խաղաղության ձգտման մասին խոսող Ալիևը Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը կապել է ժամանակին Հայաստանում բնակված ադրբեջանցիների վերադարձի հետ. Երբ լրագրողը առաջարկեց ուղերձ փոխանցել հայերին, նա չի մոռացել սպառնալ, թե թող գիտակցեն, որ ուժերը հավասար չեն։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է՝ Ադրբեջանի նախագահը խաղաղությունը պատկերացնում է բացառապես Բաքվի պայմաններով։
«Մենք տեսնում ենք Արցախի պաշարումը, ընդհուպ մարդասիրական աղետի իրավիճակ ստեղծելը, մենք տեսնում ենք ագրեսիվ գործողությունները Հայաստանի հանդեպ, որոնք մասշտաբային բնույթ հիմա չեն կրում, բայց իրենց տրամաբանությամբ շարունակում են լինել հավակնոտ ագրեսիվ: Ու այս տեսանկյունից այդ առավելապաշտությունը, որ կա Ադրբեջանի վարքագծում թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի նկատմամբ, խոսում է նրա մասին, որ Ադրբեջանի նախագահը մտադիր չէ արդյունավետ աշխատել խաղաղության ուղղությամբ կամ խաղաղությունը պատկերացնում է բացարձակապես Ադրբեջանի պայմաններով, բայց իրական խաղաղության լինելու համար կողմերը պետք է գան փոխհամաձայնության և ոչ թե մեկի թելադրանքով ինչ-որ ռեժիմի», - ասաց Բադալյանը:
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը նկատում է, թե որքան տարբեր է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների խաղաղության տեսլականը։
«Տեսանք, որ Ալիևը խաղաղություն հասկանալով պատկերացնում է Ադրբեջանի բոլոր պահանջների կատարումը, այսինքն, Հայաստանի կողմից միակողմանի զիջումների կատարումը: Փաշինյանը կարծես խոսում է խաղաղության մասին, ամեն գնով», - նշեց Գրիգորյանը:
Փորձագետները լավատես չեն, թե անգամ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարող է վերջ դնել հակամարտությանը:
«Փաստաթղթի իմպլեմենտացիայի գործընթացը կարող է տևել տարիներ ու այդ գործընթացում վստահաբար Ադրբեջանը շարունակելու է կիրառել այս ուժային գործիքակազմը: Իհարկե, շատ են խոսում տարբեր երաշխիքների ինստիտուտի մասին, բայց պետք է հասկանալ, որ առկա միջազգային կոնինգտուրայի պայմաններում նման մեխանիզմները մեծ հաշվով չեն կարող շատ արդյունավետ լինել և Ադրբեջանի համար որևէ դժվարություն չի լինելու այս ռազմական դիվանագիտության քաղաքականությամբ առաջ շարժվել նաև ապագայում», - ասաց Գրիգորյանը:
Հակոբ Բադալյանը կարծում է՝ Հայաստանը պետք է խոսի խաղաղության մասին, բայց պատրաստվի պատերազմի. - «Հայաստանի մեծագույն սխալը կարող է լինել, եթե խոսելով խաղաղության մասին, չպատրաստվի պատերազմի: Խաղաղության գործիքներից մեկը կարող է լինել դրանով իսկ պատերազմի ռիսկերը նվազեցնելը: Հակառակ պարագայում Հայաստանը միշտ հայտնվելու է, այսպես ասած, թույլ օղակի դերում, իսկ քանի որ այսօր միջազգային որևէ կարգ չի աշխատում ու մենք տեսնում ենք փաստացի համաշխարհային պատերազմ, պատերազմն արդեն դառնում է ամենատարբեր հարցեր լուծելու միջոց: Եվ սա տեսնելով է նաև, որ Ալիևը շարունակում է ապավինել իր ուժային ռեսուրսին»:
Euronews-ին տված հարցազրույցներում Փաշինյանն ու Ալիևը հաճախ հիշատակում էին հուլիսին բրյուսելյան իրենց վերջին հանդիպումը։ Եվս մեկ հանդիպում՝ կրկին եռակողմ, ըստ Եվրոպական խորհրդի նախագահի, կկազմակերպվի ամառվանից հետո, բայց հստակ օր չի հայտարարվել։