Մատչելիության հղումներ

«Չգիտես ուրախանաս, թե տխրես, որ անցնում ես էդ անցակետը»․ Լաչինի միջանցքով այսօր արցախցի մի խումբ երիտասարդներ եկել են Հայաստան


Արցախցի Քնար Խաչատրյանն այսօր իր մի խումբ հասակակիցների հետ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ փակված Լաչինի միջանցքի այս կողմն անցավ։ Նա գալիս է Երևան՝ սովորելու։

«Իրականում ավելի բարդ էի պատկերացնում էդ անցակետով անցնելու գործընթացը, բայց, ըստ իս, հեշտ էր, ու ամեն ինչ հաջողությամբ անցավ», - «Ազատությանը» փոխանցեց 17-ամյա Քնարը, ով Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ է ընդունվել։

Ադրբեջանական անցակետով անցնելը շատ տարօրինակ էր, ասում է առաջին կուրսեցին։

«Նորմալ էր, չէի ասի, որ լավ էր, նորմալ էր։ Չգիտես ուրախանաս, թե տխրես, որ անցնում ես էդ անցակետը։ Մեր երեխեքից մեկը հուզված էր, դու քեզ համար կանգնած ես, մեկ էլ տեսնում ես միանգամից 10 լրագրող մոտեցավ քեզ, սկսում են հարցեր տալ, ու չգիտես՝ ոնց պատասխանեց», - ասաց Քնար Խաչատրյանը։

Անցակետի ադրբեջանցիները ստուգում են փաստաթղթերը, պատմում է աղջիկը՝ նշելով՝ իր դեպքում որևէ խոչընդոտ կամ միջադեպ չի եղել, բայց, օրինակ, խմբից մեկի պայուսակի վրա Արցախի դրոշն էր պատկերված, լրացուցիչ քննել ու զննել են։

«Դրա համար իրեն հետ կանչեցին ու լրացուցիչ ժամանակ տրամադրեցին ամեն ինչ քննարկելու համար», - պատմեց Քնարը։

Փակված Լաչինի միջանցքով ավելի քան 2 ամիս բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից զատ ոչ ոք չէր անցնում։

Հունիսի 15-ին Հակարիի կամրջի միջադեպից հետո Ադրբեջանն ամբողջությամբ արգելել էր ելումուտը, երեկ առաջին անգամ Ստեփանակերտը հաղորդեց՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ռուսաստանի քաղաքացիներ ու բուհեր ընդունված արցախցիներ են Հայաստան տեղափոխվել՝ ընդհանուր 41 հոգի։ Թե քանիսն էին այսօրվա խմբում, դեռ չի հայտարարվել։

Անցակետի անմիջական հարևանությամբ ադրբեջանցի լրագրողներ են հավաքվում, նկարահանում ու հարցեր ուղղում արցախցիներին՝ պնդելով, թե միջանցքը բաց է։ Ստեփանակերտը խոստորեն քննադատում է այս ամենը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է արգելել Լաչինի միջանցքով հումանիտար բեռնափոխադրումները, իսկ Հայաստան եկող քաղաքացիների հետ հարցազրույցները օգտագործում է քարոզչական նպատակներով։

«Ադրբեջանական կողմը շարունակում է նվաստացուցիչ պայմաններ ստեղծել Հակարիի կամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետում՝ ի լրումն Արցախի քաղաքացիների նկատմամբ անօրինական հսկողության ու խոչընդոտների»,- երեկ հայտարարել էր Արցախի կառավարության ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը՝ հավելելով, որ Լաչինի միջանցքով երկկողմանի երթևեկությունը պետք է վերականգնվի առանց ադրբեջանական որևէ միջամտության։ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքում որևէ անցակետ նախատեսված չէր։

Համալսարաններ ընդունված ուսանողներից բացի, արդեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ այսօր Հայաստան են տեղափոխվել նաև 7 բուժառուներ։ Եվս 7 հիվանդներ էլ օրվա ընթացքում Կարմիր խաչի մեքենաներով Արցախ կվերադառնան։

Օգտագործում են Հելենի աճյունը քաղաքական նկատառումներից ելնելով. մորեղբայր

Չնայած Լաչինի միջանցքով երեկվանից սկսված այս տեղաշարժին՝ Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված Հելեն Դադայանի դին հայրենի Ճարտար տեղափոխել դեռ չի ստացվում։ 21-ամյա ուսանողուհու հարազատներն արդեն 9-օր է սպասում են։

Ուսանողուհու մորեղբայրը՝ Միշա Սաֆարյանն է այս հարցերով զբաղվում. - «Գնալով իրավիճակն ավելի է բարդանում։ Այս պահի դրությամբ Երևանի Կարմիր խաչ կներկայացվի նոր թողարկված մահվան վկայականի պատճենները և թարգմանությունները ռուսերեն»։

Միշա Սաֆարյանը դին Գորիս է տարել, որպեսզի այնտեղից էլ Արցախ հասցնի, բայց ասում է՝ չնայած Կարմիր խաչից տրվող խոստումներին՝ որևէ կոնկրետ պատասխան դեռ չկա. - «Օգտագործում են աճյունը քաղաքական նկատառումներից ելնելով, արդեն իրենց պահանջները, որ այս թղթում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումը չգրվի, միայն լինի Լեռնային Ղարաբաղ։ Հստակ է, որ ուզում են, որ փաստաթղթավորվի, որ դա Ադրբեջան է, արդեն քաղաքական ենթատեքստ են տալիս։ Իհարկե, մենք չնայած ծնողի անելանելի վիճակից ցանկացած փաստաթուղթ պատրաստ է ստորագրել, միայն հասնի իր երեխայի աճյունին, բայց սա անընդունելի է»։

Միջազգային կառույցի հայաստանյան գրասենյակից «Ազատությանը» փոխանցեցին, որ աղջկա դին հայրենի գյուղ տեղափոխելու հարցով Բաքվի հետ երկխոսությունը դեռ շարունակվում է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG