Մատչելիության հղումներ

Միրզոյան. Ցեղասպանության կանխումը ՄԱԿ-ի և ԱԽ-ի հիմնական պարտականությունն է


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից ակնկալում է դատապարտել քաղաքացիական անձանց նկատմամբ, որպես պատերազմի մեթոդ, սովի կիրառումը, հումանիտար օգնության ապօրինի մերժումը և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը գոյատևման համար անհրաժեշտ իրերից զրկելը, պահանջել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում, կոչ անել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների: Այս մասին հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ չորեքշաբթի օրը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում:

Պաշտոնական Երևանը Խորհրդից ակնկալում է նաև ապահովել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ լիարժեք համագործակցությունը և մարդասիրական օգնության ապահով և անխոչընդոտ մատակարարումը, Լեռնային Ղարաբաղ գործուղել կարիքների գնահատման անկախ միջգերատեսչական առաքելություն և տուժած բնակչությանը տրամադրել մարդասիրական օգնություն, ասաց Միրզոյանը նիստի ժամանակ, որը հրավիրվել էր Հայաստանի պահանջով՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ։

«Այս հումանիտար հարցերն ակնհայտորեն պետք է լուծվեն միջազգային հանրության վճռական միջամտությամբ՝ նախքան բացասական հետևանքները կհանգեցնեն ԼՂ ժողովրդի էթնիկ զտման։ Ըստ Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների, «սա կանխամտածված հանցագործություն է՝ պայմանավորված ցեղասպանություն իրականացնելու ակնհայտ մտադրությամբ։ Ադրբեջանի իշխանությունները նպատակաուղղված հրահրել են Լաչինի միջանցքի շրջափակումը՝ իմանալով, որ դա կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության աստիճանական ոչնչացմանը, սակայն նախընտրել են շարունակել գործողությունների նման ընթացքը», - ընդգծեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Փաստերով և թվերով ներկայացնելով Լաչինի միջանցքի` Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի 8-ամսյա արգելափակման ժամանակագրությունը և հետևանքները, Միրզոյանը նշեց. - «Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցում նշված է, որ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, արդեն իսկ ցեղասպանություն է: Ըստ Օկամպոյի, «Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը խոչընդոտում է ցանկացած սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիությանը, պետք է համարվի ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի «գ» կետի. «կյանքի համար միտումնավոր վատ պայմաններ ստեղծելը, հավասար է ֆիզիկական ոչնչացման»։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է: Առանց անհապաղ կտրուկ փոփոխությունների հայերի այս խումբը մի քանի շաբաթից կոչնչացվի»։

«Նման աղետի կանխումը ՄԱԿ-ի և այս Խորհրդի հիմնական պարտականությունն է: Ես իսկապես կարծում եմ, որ այս նշանավոր կառույցը, չնայած աշխարհաքաղաքական տարաձայնություններին, կարող է հանդես գալ որպես ցեղասպանության կանխարգելման, այլ ոչ ցեղասպանության ոգեկոչման կառույց, երբ արդեն շատ ուշ կլինի», - հայտարարեց նախարարը:

«Նախորդ ամիսներին ձեզանից շատերը փորձել են հասցեագրել Լաչինի միջանցքի բացման խնդիրը։ Այնուամենայնիվ, չնայած բոլոր կոչերին, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին, Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող որոշումներին, իրավիճակը չի բարելավվել։ Հակառակը, Ադրբեջանն աստիճանաբար, բայց հետևողականորեն սրել է շրջափակումը՝ ընդհուպ մինչև Լեռնային Ղարաբաղի լիակատար պաշարում։ Հայաստանն իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքի փակման հետևանքով հումանիտար ճգնաժամի խորացման վերաբերյալ Ադրբեջանի հետ բոլոր բանակցություններում, որոնց առանձին օժանդակել և միջնորդել են ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ռուսաստանը։ Եվ, այնուամենայնիվ, ապարդյուն», - ասաց Միրզոյանը՝ շեշտելով. - «Այս ողջ ընթացքում Ադրբեջանի կողմից ցուցաբերած ներգրավվածությունը կարող է բնութագրվել ցանկացած կերպ, բայց ոչ բարեխիղճ: Անվտանգության խորհրդում այս հարցի վերաբերյալ առաջին քննարկման ժամանակ Ադրբեջանը հրաժարվեց ստանձնել որևէ պատասխանատվություն իր գործողությունների համար և նույնիսկ հայտարարեց, որ չի վերահսկում Լաչինի միջանցքը։ Վերջին ութ ամիսների ընթացքում Ադրբեջանը մի շարք պատրվակներ է առաջ քաշել իր գործողություններն արդարացնելու նպատակով։ Սկզբում այսպես կոչված էկոակտիվիստներ էին՝ մտահոգված շրջակա միջավայրի պահպանությամբ, հետո Լաչինի միջանցքով զենք տեղափոխելու անհիմն մեղադրանքները, ավելի ուշ՝ ռազմական սադրանքները և այլն»։

«Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապող օղակ և չունի այլընտրանք։ Լաչինի միջանցքը պետք է բացվի, իսկ ինչ վերաբերում է այլ հնարավոր հաղորդակցություններին, դա պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում», - ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

«Այսօր ես այստեղ եմ հայցելու այս հեղինակավոր կառույցի աջակցությունը մեր տարածաշրջանում արդար և համապարփակ խաղաղության և կայունության հասնելու հեռանկարը պահպանելու հարցում, որը լրջորեն խաթարվում է Ադրբեջանի կողմից՝ ԼՂ-ում մարդասիրական աղետի հրահրման միջոցով:

Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանը միջազգային հանրության աջակցությամբ ջանք չի խնայել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։ Եվ կարծում եմ, որ այսօր մենք դեռ հնարավորություն ունենք հասնելու այս նպատակին։ Սակայն ԼՂ-ում առկա հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում և դրանից դուրս», - հայտարարեց Արարատ Միրզոյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG