Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը միջազգային հանրությունից խնդրում ու պահանջում է՝ անհապաղ կասեցնել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը


«Ես՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանս, այս հրատապ ուղերձով ահազանգում եմ, որ հենց հիմա Արցախի Հանրապետության ժողովուրդը ենթարկվում է ցեղասպանության և կանգնած է ոչնչացման ու հայրենազրկման իրական սպառնալիքի առջև»․ արդեն 2 ամիս ամբողջովին պաշարված Արցախի նախագահը միջազգային հանրությունից խնդրում ու պահանջում է՝ անհապաղ կասեցնել Արցախի ժողովրդի ցեղասպանությունն ու սովամահությունը, վերացնել ապօրինի շրջափակումը։

Լաչինի միջանցքի արգելափակումը երեկ երեկոյան Արայիկ Հարությունյանն իր ուղերձում որակեց Արցախի ժողովրդին ոչնչացնելու Ադրբեջանի քաղաքականության մի մաս։

«Ադրբեջանը հետևողականորեն վարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու քաղաքականություն՝ ուղեկցելով իր գործողություններն ուժի կիրառմամբ և մարդու իրավունքների զանգվածային խախտումներով։ Այս քաղաքականության վերջնանպատակն է՝ ձերբազատվել Արցախի ժողովրդից և փակել արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը», - ասաց Արցախի նախագահը։

Հարությունյանը անուն առ անուն դիմեց միջազային դերակատարներին, առաջինը՝ Հայաստանին։ Ակնկալում է, որ Երևանը Արցախում ստեղծված իրավիճակը անհապաղ կդարձնի ՄԱԿի ԱԽ-ի քննարկման հարց, հասնի Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցների, դրան գումարած Հայաստանից չեն հնչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կասկածի տակ դնող հայտարարություններ։

«Վճռականորեն կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին, հասարակական և քաղաքական գործիչներին զգույշ լինել իրավիճակի վերաբերյալ իրենց հրապարակային հայտարարություններում, գնահատականներում, որևէ հայտարարություն կամ գործողություն չպետք է կասկածի տակ դնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և չպետք է նպաստի Ադրբեջանի հետագա հանցավոր ագրեսիվ գործողություններին», - հայտարարեց Արցախի նախագահը։

2020-ի պատերազմից հետո Արցախում խաղաղապահ առաքելություն տեղակայած Ռուսաստանի Դաշնությանը կոչ արեց բազմապատկել ջանքերը Լաչինի միջանցքով շարժը վերականգնելու ուղղությամբ։ Նույնը նա Միացյալ Նահանգներից և Ֆրանսիայից է ակնկալում։ Իսկ Ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի երբեմնի համանախագհող այդ երեք պետություններին կոչ էր անում անհատական և միասնական ջանքեր գործադրել՝ միջազգային մանդատով բանակցային ձևաչափ ստեղծելու համար։

«Լիահույս եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հետևողականություն կցուցաբերեն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման հարցում», - նշեց Հարությունյանը։

Եվրոպական Միությանն Արցախի նախագահը նաև պատժամիջոցների կոչով դիմեց՝ ուժեղացնելու ճնշումն Ադրբեջանի վրա՝ Արցախի շրջափակումը վերացնելու և մարդու իրավունքների զանգվածային խախտումներին վերջ դնելու նպատակով։

«Հորդորում եմ հավատարիմ մնալ Եվրոպական Միության հռչակած արժեքներին ու սկզբունքներին՝ զերծ մնալով Ադրբեջանի հետ հատկապես էներգետիկ գործընկերությունը մարդու իրավունքներից ու ազատություններից գերակա համարելու մոտեցումից», - ասաց Արցախի նախագահը։

Հարությունյանը կրկին բարձրաձայնեց հավասարը հավասարին Բաքու-Ստեփանակերտ բանակությունների պատրաստակամության մասին, բացառեց առանց միջնորդների ու գործուն երաշխիիքների բանակցության մասնակցությունը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG