Մատչելիության հղումներ

Խաղաղության պայմանագրի տեքստի երեք-չորս կետերում ունենք տարաձայնություններ. Ալեն Սիմոնյան


Խաղաղաղության պայմանագրի տեքստում 3-4 կետերի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանն առայժմ համաձայնության գալ չեն կարողանում, այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Ազգային ժողովի նախագահը՝ հրաժարավելով մանրամասնել, թե կոնկրետ որ կետերի մասին է խոսքը։

«Չի կարա, ասենք, տաս կետ ըլնի, տասից տասն էլ անհամաձայնություն... Երեք-չորս առնվազն բան կա, որի շուրջ տարբեր առաջարկներ են գալիս... Երեք-չորս կետերում ունենք տարաձայնություններ», - ասաց Ալեն Սիմոնյանը։

Նրա փոխանցմամբ, խաղաղության պայմանագրի որոշ կետերի շուրջ Երևանի և Բաքվի միջև կոնսենսուս կա։ Դրանք միջազգայնորեն ընդունված սկզբունքներն են. - «Օրինակ, տեսեք, մենք խաղաղության պայմանագիր ունենք մեկ, երկու, երեք, չորս երկրի հետ, բոլորի մեջ դրանք նշված են։ Ընդհանուր դրույթներ են, և էն բաներն են, որոնք որ միջազգայնորեն ընդունված կետեր են»։

Խոսելով հայկական կողմի կարմիր գծերի մասին՝ Ազգային ժողովի նախագահն ասաց, թե չեն կարող խաղաղության պայմանագրի մեջ ականներ դնել, որոնք կվտանգեն Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։

Ազգային ժողովի նախագահի համոզմամբ, խաղաղության պայմանագրում Արցախի մասին դրույթ չպետք է լինի

Կլինի արդյո՞ք խաղաղության պայմանագրում Արցախի մասին հիշատակում։ Ազգային ժողովի նախագահն ասաց, թե իր համոզմամբ չպետք է լինի։ Մինչդեռ Անվտանգության խորհրդի քարտուղարը օրերս ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստում Ղարաբաղի մասին հիշատակում կա՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ փաստաթուղթը վերջնական չէ։

«Երկու երկրների պայմանագրերը վերաբերվում են երկու երկրների հարաբերություններին։ Արցախի հարցը, եթե դուք Արցախի հարցին տիրապետում եք, Արցախի հարցը էդ երկու երկրների պայմանագրի մեջ, իմ ընկալմամբ, պետք է որևիցե ձևով արտահայտված չլինի։ Թող չլինի տպավորություն, որ էդ պայմանագրով մենք որևիցե ձևով փորձում ենք հետ կանգնել Արցախի շահերի պաշտպանության, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության... Մենք պետք է հասկանանք, օրինակ, նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որը որ մենք ունենք, ինչ-որ մասով մեզ բավարարո՞ւմ է այդ իրավունքները ֆիքսելու, թե՞ չի բավարարում։ Եվ արդյո՞ք մենք, օրինակ, նոր դրույթ դնելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մեջ, չեղյալ չենք հայտարարի նոյեմբերի 9-ում տեղ գտած մեզ համար և Արցախի ժողովրդի համար կարևորագույն արձանագրումները, որոնց տակ կա Ադրբեջանի նախագահի ստորագրությունը», - նշեց Ալեն Սիմոնյանը։

Պաշտոնական Երևանը հաճախ է խոսում միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծման անհրաժեշտության մասին, որի շրջանակներում Ստեփանակերտը և Բաքուն պետք է կքննարկեն արցախահայերի անվտանգությունն ու իրավունքները։

Հարցին, թե ով պետք է լինի այդ միջազգային երաշխավորը, խորհրդարանի խոսնակն արձագանքեց. - «Ով որ կկարողանա դա իրականցնել հողի վրա։ Եթե, ենթադրենք, ինչ-որ երկիր ցանկություն ունի, բայց չի կարողանալու իրականացնել, այդ համաձայնագիրը ուժ չի ունենալու։ Միանշանակ է, որ պետք է բոլոր պայմանավորվածությունները ինչ-որ երաշխիք ունենան, որովհետև հիմա մենք ունենք նոյեմբերի 9-ի համաձայնագիր, որի իրագործումից մենք էլ ենք դժգոհ, ադրբեջանական կողմն էլ է, չէ՞, դժգոհություններ հայտնում։ Պետք է հասկանանք արդյո՞ք մեխանիզմ միանշանակ անհրաժեշտ է։ Մենք կարծում ենք, որ միանշանակ անհրաժեշտ է»։

Ալեն Սիմոնյանը զսպվածության կոչ է անում Ռուսաստանին

Անդրադառնալով Արևմուտքի միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացին՝ Ազգային ժողովի նախագահը այսօր զսպվածության կոչ արեց ռազմավարական դաշնակից Ռուսաստանին՝ շեշտելով, թե ավելորդ է համարում «Մոսկվայի ջղաձգումներն ու նյարդային արձագանքները», երբ այլ երկրներ փորձում են դրական քայլեր ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում։

«Ես կարծում եմ, որ պետք է մի քիչ ավելի իրենք հանգիստ լինեն, ավելի զսպված լինեն և հասկանան, որ Հայաստանի Հանրապետությունը իր շահերն ունի և իր անվտանգության խնդիր ունի, որը որ պետք է ապահովի ի հեճուկս որևիցե աշխարհաքաղաքական ելևէջի կամ որևէ մեկի ցանկության կամ որևիցե մեկի խաղի», - ասաց Սիմոնյանը։

Կապիտուլյացիայի երկրորդ գործընթացը թողնում են Արցախի վրա

Մինչ իշխանությունը խոսում է արցախահայերի իրավունքների և անվտանգության հարցերի քննարկման միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին, որը կարող է ընդգրկվել կամ չընդգրկվել խաղաղության պայմանագարում՝ ընդդիմությունը ահազանգում է, որ տեղի է ունենում Արցախի հանձնման գործընթաց, քանի որ Փաշինյանի իշխանությունը բանակցություններից դուրս է թողել Արցախի ինքնորոշման իրավունքը, և խնդիրը բացառապես քննարկվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։

Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան

«Խնդիրը այն է, թե դա ինչպիսի ամրագրում է ստանալու։ Եթե ստանալու է այն ամրագրումը, որը իշխանությունը իր մոտեցումներում ներկայացնում է, այսինքն՝ բացառապես արցախցիների իրավունքների և ազատության հարցը, դա նշանակում է, որ խաղաղության պայմանագրով ամրագրվելու է Արցախի Ադրբեջանին հանձնման գործընթացը։ Եթե առհասարակ չի լինում, և ասում են՝ արցախցիներ, դուք գնացեք, ադրբեջանցիների հետ այս թեման բանակցեք, պարզապես Արցախի վրա է պատասխանատվությունը գցվում, և փաստացի այդ գործընթացը երկրորդ կապիտուլյացիայի թողնվում է Արցախի վրա», - ասաց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Անդրադառնալով Լաչինի միջանցքին ու Բաքվի առաջ քաշած նախապայմանից հետո Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանակությանը՝ Աբրահամյանը նշեց, որ Ադրբեջանի պայմաններից ընդամենը մեկն է կատարվել։ Գլխավոր խնդիրներն այս պահին վերաբերում են Կաշենի հանքում ադրբեջանական կողմի ստուգումներին և Հայաստանն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական վերահսկողությանը։

Ընդդիմադիր պատգամավորի տեղեկություններով, այս պահին քննարկումները հենց այս հարցերի շուրջ են ընթանում. - «Կարծես թե ռենտգեն սարքի տեղակայումը արդեն քննարկված-ավարտված է, որ լինելու է վերահսկողություն որոշակի։ Որքան ես եմ տեղյակ, առաջին հերթին քննարկվում է բեռնատար մեքենաների ռենտգեն սարքի անցկացումը, որը հնարավորություն կտա ադրբեջանցիներին որևէ ձևով, կարծես թե այս պահին մինչև վերջ քննարկված չէ, վերահսկելու, թե ինչ ապրանքներ են մուտք գործում դեպի Արցախ»։

Վերջին անգամ Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպել են անցած ուրբաթ, քննարկել նաև Լաչինի միջանցքի հարցը, սակայն ձեռք բերված պայմանավորվածությունների մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG