Ստեփանակերտին միայն հայտարարությունները չեն բավարարում, Երևանից արցախցիները քայլեր են ակնկալում։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ պնդել էր՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը պետք է քննարկվեն այդ ձևաչափով ու միջազգային ներգրավվածությամբ։
Հայ-ադրբեջանական մոսկովյան բանակցություններում Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարություններից հետո Արցախից պահանջեցին հերքել, որ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի օրակարգն ու իջեցրել Բաքու-Ստեփանակերտ երկխոսության նշաձողը։ Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխիքների հարցը, դատելով Լավրովի խոսքից, քննարկվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաստատման համատեքստում և շաղկապվում է ժամանակին Հայաստանում բնակված ադրբեջանցիների վերադարձի հետ։
Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի խոսքով՝ սպասում են, որ Երևանը կկարողանա հասնել միջազգային հստակ մեխանիզմներով Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների ու որ օրակարգը նախապես որոշված չլինի։ Այդ դեպքում պատրաստ են Բաքվի հետ գնալ բանակցությունների՝ թեկուզ վաղը։
«Եթե խոսվում է ազգային փոքրամասնության կամ այլ ձևակերպումների մասին, իհարկե, արդեն նախապես օրակարգը որոշված է: Այս դեպքում այդ հանդիպումը չի կարող որևէ արդյունք ունենալ: Պետք է լինեն միջազգային երաշխավորված մեխանիզմներ և նաև օրակարգը չպետք է լինի նախապես որոշված կամ նախապայմաններով, ճնշման տակ: Մենք միշտ էլ կողմ ենք հանդիպումներ ունենալու, քննարկելու, մեր տեսակետները ներկայացնելու, իրենց տեսակետները լսելու, բոլոր պատմաիրավական, քաղաքական ու մնացած բոլոր հարցերը քննարկելով գալ հարցի խաղաղ կարգավորմանը: Եթե Հայաստանի իշխանությունները բանակցություններում կարողանում են հասնել այդ կետին, մենք միանշանակ պատրաստ ենք այդ բանակցությունների գնալ ու քննարկել հակամարտության հետագա կարգավորման հարցը», - ասաց Հարությունյանը:
«Ազատության» հարցին՝ եթե այդ պայմանները չապահովվեն, բացառո՞ւմ են բանակցությունները, Հարությունյանը պատասխանեց. - «Ի՞նչ բանակցության մասին է խոսքը, եթե նախապայմաններով է գնում մարդ, դառնում է ուղղակի հանդիպում: Այսինքն՝ կարող է այդ հանդիպումը տեղի ունենալ ինչպես տեղի է ունեցել մարտի 1-ին, բայց այդ բանակցություններին արդյունք չի լինելու»:
«Իշխանությունները պատրաստ են զիջումների իրենց իշխանությունը երկարաձգելու համար»
Ոչ միայն Հայաստանի, այլև՝ Արցախի ղեկավարությունն է պատրաստ զիջումների՝ իր իշխանությունը երկարաձգելու համար. չնայած Ստեփանակերտից Երևանին ներկայացվող պահանջներին՝ հրաժարվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գաղափարից, ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը կարծում է՝ նախագահը շարունակում է չհակադրվել Հայաստանի վարչապետին, որը պարբերաբար վերահաստատում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը։
«Փորձել են հակադրվել, բայց հենց որ Նիկոլ Փաշինյանը Արայիկ Հարությունյանին մեղադրում է՝ Բերձոր է հանձնել, փողեր են մսխել, բացահայտումներ կանի երևի թե, Արայիկ Հարությունը վախից լռել է», - ասաց Գալստյանը:
«Ազատության» դիտարկմանը՝ պետնախարարը հայտարարություններ է արել, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. - «Պետնախարարը նշանակովի պաշտոն է և որ րոպեին Արայիկ Հարությունը զանգ ստանա՝ ազատի պետնախարարին պաշտոնից, նույն րոպեին ազատելու է: Միանշանակ այս իշխանությունները, պարտված իշխանությունները պատրաստ են նորանոր զիջումների իրենց իշխանությունը երկարաձգելու համար»:
Պաշտոնական Ստեփանակերտը երեկ դժգոհեց նաև Ռուսաստանից, թե նրանց առաջարկած տեսլականը հավասարակշռված չէ։
«Պնդումը, թե անհրաժեշտ է վարել երկխոսություն՝ համաձայնեցնելու միջազգային պարտավորություններից, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին կոնվենցիաներից բխող իրավունքները, արտացոլում է միայն մեկ կողմի՝ Ադրբեջանի տեսակետը։ Նման մոտեցումը կանխորոշում է հնարավոր երկխոսության արդյունքը և արժեզրկում է դրա իմաստը», - նշված է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Արթուր Հարությունյանն ասում է՝ Ռուսաստանի միջնորդությամբ բանակցություններում անգամ պատերազմից հետո է քննարկվել կարգավիճակի հարց, այսօրվա հայտարարությունները անընդունելի է համարում. - «Բերել իջեցնել այն մակարդակի, որ մենք այստեղ պետք է խոսենք որպես փոքրամասնություն, այսինքն, Ադրբեջանի փոքրամասնություն, իհարկե, դա անհասկանալի և անընդունելի է»:
Միջազգային ներգրավվածությամբ Բաքու-Ստեփանակերտը երկխոսությունը պնդող Երևանը միաժամանակ ընդունում է, որ այդ մեխանիզը դեռ տեսանելի չէ։