Այսօր մեկնարկում է սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը. առաջիկա շաբաթներին 14 քաղաքական ուժ է փորձելու համոզել երևանցիներին իր օգտին քվեարկել։
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համարը փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է, դեռ մեկ տարի առաջ էր հայտնի, որ նա է իշխանությունների թեկնածուն։
«Քաղաքացիական պայմանագիրն» արդեն իսկ ակտիվ քարոզչություն է սկսել՝ տարաբնույթ տեսանյութեր սոցցանցերում, գովազդներ, ելույթներ և այլն։
Իրավապաշտպանները պնդում են՝ Ավինյանի օգտին վարչական ռեսուրսներն են չարաշահվում։ «Անկախ դիտորդն» է, մասնավորապես, ծավալուն ուսումնասիրություն հրապարակել՝ ցույց տալով, թե Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջերն անցնող մեկ տարվա ընթացքում որքան հաճախ են Տիգրան Ավինյանի մասին գրել։ Նրա անունը շրջանառվել է ավելի շատ, քան նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանինն ու քաղաքապետի ներկայիս պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանինը։
«Բարդ է չափել նկարագրված վարչական ռեսուրսի օգտագործմամբ Երևանի ավագանու ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի ստացած առավելությունը: Ակնհայտ է, սակայն, որ այդ ռեսուրսների օգտագործումը կազմակերպվել է միտումնավոր, համակարգված ձևով», - եզրափակում է ընտրությունների ընթացքին հետևող դաշինքը՝ հավելելով, որ այսպիսով Ավինյանը դառնում է Երևանի քաղաքապետի պաշտոնի հիմնական հավակնորդ, իսկ մրցակիները ստիպված են լինում դիրքավորվել նրա մեկնարկային առավելության պայմաններում։
Իշխանությունների թեկնածուն քարոզարշավը կսկսի երեկոյան՝ Նուբարաշենում կհանդիպի բնակիչների հետ։
2021-ին իշխող ուժի կողմից պաշտոնանկ արված Հայկ Մարությանը հանրությանը անհայտ «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակի առաջին համարն է։
Մարությանը պաշտոնանկությունից հետո քաղաքապետի պաշտոնում իր աշխատանքն ամփոփող համանուն մոնո ներկայացմամբ էր հանդես գալիս։ Վերջին ներկայացումից հետո՝ հենց թատրոնի բեմից հայտարարեց ընտրություններին մասնակցելու մասին։ Անցնող օրերին էլ հումորային ներկայացումից տարբեր հատվածներ է հրապարակում, այստեղ, օրինակ, խոսում է ապօրինի կառուցապատումից․ - «Ուրեմն, ես համաձայն չեմ, ժողովուրդ ջան, ես համաձայն չեմ, սա մարդը չէր կարա աներ, սա բնությունն է ստեղծել, էն վերևի բալկոններից մեկից բալկոնի սերմը պոկվել է ընկել է գետնին ու էս բալկոնն աճել ա»։
«Ազգային առաջընթացի» քարոզարշավը կմեկնարկի դրամահավաքով։
Քաղաքապետ է ցանկանում դառնալ նաև ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, որը գլխավորում է «Մայր Հայաստան» դաշինքը։
Թևանյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից։ Դաշինքն ավագանու ընտրություններն իշխանափոխության հասնելու ճանապարհ է համարում։ Քարոզարշավը կսկեն Կենտրոնից։
«Հանրապետության» ցուցակը գլխավորում է արդարադատության նախկին նախարար, իրավաբան Արտակ Զեյնալյանը։ Այսօր երեկոյան Կասկադի վերնամասում են հավաքվելու։
Քաղաքական ուժն այս օրերին Զեյնալյանի մասին պատմող հոլովակներ է հրապարակում։ Դրանցից մեկում կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է քաղաքապետի թեկնածուին ներկայացնում․ - «Զեյնալյանի այո-ն, 100-տոկոսանոց այո է, ոչ-ը՝ 100-տոկոսանոց ոչ, դժբախտաբար ոչ շատ է ասում, բայց հիմա սովորել է և ոչ-ից հետո ասում է, թե ինչն է կարելի, էդ շատ կարևոր բան է»։
«Ապրելու երկրի» քաղաքապետի թեկնածուն կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն է։
Այս ուժին սատարում է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը, որը ավագանու ընտրությունները արցախյան հարցի հետ է կապել՝ պնդելով, թե սա կարող է դառնալ առաջին քայլը՝ «հեռացնելու այն իշխանություններին, որոնք հրաժարվել են Արցախից»։
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Լուսավոր Հայաստանը», որի առաջին համարն ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն է։
Ընտրապայքարի մեջ են նաև «Միացյալ Հայաստան», «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հաղթանակ» «Հանրային ձայն» և «Արդար Հայաստան» կուսակցությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի ավագանու ընտրություններին առաջադրվել է 13 կուսակցություն և մեկ դաշինք