Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընդդիմությունը դեռ չի հայտնում Երևանի ավագանու ընտրության մասնակցության մասին


Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար դեռ ոչ մի քաղաքական ուժ փաստաթղթեր չի ներկայացրել, թեև երեկվանից արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է ընդունման գործընթացը:

Քաղաքական ուժերը մինչև օգոստոսի 13 -ը ժամանակ ունեն փաստաթղթեր ներկայացնելու։ Սովորաբար բոլոր ուժերն իրենց ցուցակներն ու այլ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում են ժամկետի վերջին օրերին:

Թեև փաստաթղթերի ընդունումն արդեն սկսվել է, բայց դեռ հայտնի չէ՝ խորհդարանական ընդդիմության հիմնական ուժերը՝ «Դաշնակցությունն» ու «Հանրապետականը» մասնակցելու են արդյոք Երևանի ավագանու ընտրություններին, թե ոչ:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկանը նշեց, որ քննարկումներ են ընթանում, և առաջիկայում հայտարարություն կտարածեն:

«Տվյալ դեպքում քննարկումները Հայ հեղափոխական դաշնակցությունում ընթանում են և տեղական կառույցների, և Երևանի քաղաքային կոմիտեի հետ միասին, և առաջիկա մի քանի օրերին նաև մեր մասնակցության կամ չմասնակցության, կամ դիրքորոշումների մասին կլինի ամբողջական հայտարարություն», - ասաց նա «Ազատության» հետ զրույցում։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, հանրապետական Հայկ Մամիջանյանը ևս ասաց՝ դեռ որոշում չունեն, կուսակցության գերագույն մարմնում քաղաքապետի թեկնածուի հարցը դեռ չի քննարկվել, և հենց դա ինքնին խոսուն փաստ է:

«Կարծում եմ, որ փաստը, որ չենք քննարկել, ցույց է տալիս, որ մենք շատ ավելի կարևոր խնդիրներ և մարտահրավերներ ունենք ողջ ազգովի, բայց բնականաբար հարցը կքննարկվի։ Երբ կայացնենք որոշում, այն կհրապարակվի», - ասաց նա։

Այս ընտրությունների գլխավոր ինտրիգը ևս չի հանգուցալուծվել. մասնակցելո՞ւ է արդյոք իր իսկ թիմակիցների կողմից պաշտոնանկ արված նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Այս հարցը դեռ պատասխան չունի, Մարությանը լռում է:

Մարությանի ֆեյսբուքյան էջում, որտեղ, ի դեպ, դեռ առկա է քաղաքապետարանի պաշտոնական էջի հղումը, վերջին գրառումը Գյումրիում մի քանի օրից սպասվող «Քաղաքապետը» ներկայացման մասին է:

Սկսելով այս ներկայացումը՝ Մարությանը խոստանում էր դրանում տալ նաև գլխավոր հարցի պատասխանը Երևանի ընտրություններին իր մասնակցության մասին, սակայն այդ հարցի պատասխանը դեռ որևէ ներկայացման ընթացքում չի հնչել, և Գյումրիում սպասվող ներկայացումը վերջին հնարավորությունն է այդ մասին հայտնելու:


Ընտրություններին իրենց մասնակցության մտադրության մասին հայտարարել են նաև Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, «Ապրելու երկրի» նախագահ Մանե Թանիդլյանը, «Լուսավոր Հայաստանից» Դավիթ Խաժակյանը, փաստաբան Նորայր Նորիկյանը և այլք, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» իր թեկնածուի մասին դեռ անցած տարի էր հայտարարել՝ ներկայումս փոխքաղաքապետ, նախկինում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է:

Ի դեպ, մոտ երկու շաբաթ առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հրապարակում արեց, որում պնդում էր, թե «Քաղաքացիական պայմանագիրը», այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով, ձայներ է հավաքում Ավինյանի համար: «Անկախ դիտորդ» դաշինքը տեղեկություններ էր ստացել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, պատգամավոր Գևորգ Պապոյանի հրահանգով Սպիտակի համայնքապետը հանդիպումներ է ունեցել համայնքի ղեկավարների հետ ու հորդորել համայնքի հետ կապ ունեցող, բայց Երևանում հաշվառված քաղաքացիներին քվեարկել Ավինյանի օգտին։

«Անկախ դիտորդի» «Փաստերի ստուգման հարթակի» ներկայացուցիչը ունեցած տեղեկություններն ստուգելու համար զանգահարել էր վարչական ղեկավարներին, ներկայացել Գևորգ Պապոյանի օգնական, հարցեր ուղղել ընտրողների ցուցակների վերաբերյալ։ Նրանցից առնվազն վեցը հայտնել էին, որ կամ արդեն ունեն, կամ շուտով կունենան յուրաքանչյուրը 10-15-ական ընտրողների ցուցակներ, որոնք հավաստիացրել են, թե քվեարկելու են Ավինյանի օգտին։

Արդյոք այստեղ կա՞ վարչական ռեսուրսի չարաշահում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ասում է՝ իր անձնական կարծիքով՝ վարչական ռեսուրսի չարաշահում չկա, բայց եթե դիմում բողոք լինի, պատրաստ են քննարկել. - «Մի բան է ձեր պատկերացրած կամ ցանկացած քաղաքացու պատկերացումը վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ, մեկ այլ բան է օրենսդրությունը»։


Երևանի ավագանու ընտրությունների քարզոզարշավը կսկսվի օգոստոսի 23 -ին, կտևի 24 օր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG