Մատչելիության հղումներ

Հայկ Մարությանը ձայն է տանելու իշխանության թեկնածուի դեմ պայքարողների դաշտից․ քաղաքական մեկնաբան


Հայկ Մարությանի մուտքը Երևանի քաղաքապետի ընտրարշավ մրցակցային գործոն է լինելու այն ուժերի համար, որ պայքարելու են իշխանության թեկնածուի դեմ, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

Իր թիմակիցների կողմից 2021 թվականի դեկտեմբերին պաշտոնանկ արված նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ հայտարարեց, որ կմասնակցի սեպտեմբերին սպասվող Երևանի ավագանու ընտրություններին։

«Հայկ Մարությանը ձայն է տանելու այն դաշտից և ոչ թե իշխանության դաշտից։ Ես կարծում եմ, որ իշխանության թեկնածուի համար շեշտը դրվելու է կայուն ընտրազանգվածի վրա, վարչական ռեսուրսի վրա, այլ հարակից ռեսուրսների վրա, որոնք ձևավորվում են իշխանության կարգավիճակից բխելով, և այս տեսանկյունից, իհարկե, Հայկ Մարությանն իր ներկայությամբ ավելի շուտ մրցակցային գործոն է ավելացնում մյուս դաշտում՝ այն ուժերի դաշտում, որոնք փորձում են պայքարել իշխանության թեկնածուի հետ։ Իսկ Հայկ Մարությանը կարող է տանել այդ որոշակի տոկոսը՝ հաշվի առնելով այն, որ երբ նրան հեռացնում էին քաղաքապետի պաշտոնից, այդ հանգամանքները որոշակի համակրանք առաջացրեցին նրա հանդեպ, որպես «զոհի» հանդեպ, և այս տեսանկյունից հիմա Մարությանն առկա պրոցեսում բավական մրցակցային թեկնածու է մյուս ուժերի համեմատությամբ», - ասաց Բադալյանը։

Հարցին, թե միավորումներ հնարավոր համարո՞ւմ է, քաղաքական մեկնաբանը պատասխանեց․ - «Ընտրական պրոցես է և այս տեսանկյունից ամեն ինչ հնարավոր է։ Ես կարծում եմ, որ այսօր դաշտում հիմնականում ակտիվ դերակատարում ունեցող ուժերը, համենայն դեպս, քիչ հավանական է, որ Մարությանի հետ ինչ-որ միավորումներ կազմեն»։

Հակոբ Բադալյանը կարծում է, որ Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրությունը, ինչպես մյուս ընտրությունները, ևս յուրօրինակ քննություն է լինելու, և շատ կարևոր է ապահովել ընտրական գործընթացի օրինականությունը:

«Շատ կարևոր է, թե ինչպիսին է լինելու բուն ընտրական գործընթացի կազմակերպման որակը և, իհարկե, ընտրական պրոցեսի օրինականությունը, որպեսզի մենք չբախվենք մի իրավիճակի, երբ էլի թղթերով ամեն ինչ կարգին կարող է լինել, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ ամեն ինչ էդքան էլ կարգին չէր։ Այդպիսի իրավիճակներ մենք ունեցել ենք և ցանկալի է, որպեսզի այդպիսի իրավիճակ չլինի Երևանի քաղաքապետի ընտրությանը և իսկապես երևանցին ունենա ընտրության հնարավորություն և իրացնի իր հնարավորությունը», - ասաց Բադալյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG