Մատչելիության հղումներ

Թևանյանը վայր է դնում պատգամավորի մանդատը, ընտրություններին կգլխավորի «Մայր Հայաստան» դաշինքը


Ազգային ժողովի ընդդիմնադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը վայր է դնում պատգամավորի մանդատն ու կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին՝ գլխավորելով «Մայր Հայաստան» դաշինքը։ Այդ մասին Թևանյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ մանդատից հրաժարվելը ոչ թե օրենսդրության պահանջ է, այլ քաղաքական որոշման արդյունք։

«Ես ինձ պատգամավորական մանդատով չեմ ուզում ապահովագրել, ինքս ինձ հետդարձի ճանապարհ չեմ թողնում, քանզի ընտրողից ակնկալում եմ, որ ինքն էլ ի՛ր վճռականությունը կցուցաբերի», - գրել է Թևանյանը՝ շեշտելով՝ այս կերպ նաև հստակ մեսիջ է հղվում հանրությանը, որ ավագանու մանդատի համար չէ պայքարը։

«Մեր երկրի օրակարգն անվտանգությունն է, Հայաստանի ու Արցախի փրկությունը, իշխանափոխությունը։ Հենց այդ օրակարգով էլ մտնում ենք ընտրապայքար, որ փոխենք այս մղձավանջային իրականությունը», - գրել է պատգամավորը։

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին՝ համամասնական ընտրակարգով՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներով։ Քաղաքական ուժերը մինչև օգոստոսի 13 -ը ժամանակ ունեն փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու։ Ընտրությունների քարոզարշավը կսկսվի օգոստոսի 23 -ին, կտևի 24 օր։

Ընտրություններին մասնակցության մասին արդեն հայտարարել են Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, «Ապրելու երկրի» նախագահ Մանե Թանիդլյանը, «Լուսավոր Հայաստանից» Դավիթ Խաժակյանը, փաստաբան Նորայր Նորիկյանը, «Ուժը հայրենյացի» ցուցակը կգլխավորի Նելլի Հարությունյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն Տիգրան Ավինյանն է։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կգլխավորի «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը, ՀՅԴ-ն էլ հայտարարել է, որ առանձին ցուցակով չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG