Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին


Հայ հեղափոխական դաշնակցությունն առանձին ցուցակով չի մասնակցի սեպտեմբերին սպասվող Երևանի ավագանու ընտրություններին, հայտնում են կուսակցության Գերագույն մարմնից։

Խորհրդարանում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության մի մասը կազմող քաղաքական ուժը որոշումը բացատրում է իր մոտեցմամբ, որ ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններին պետք է մասնակցի մեկ միասնական ցանկով: Քանի որ նախընթաց շրջանում այս ձևաչափը հնարավոր չեղավ կյանքի կոչել, ՀՅԴ-ն նպատակահարմար չի գտնում Երևանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը։

Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմինը, սակայն, այսօր տարածած հաղորդագրության մեջ չի պարզաբանում՝ արդյոք մյուս ուժերի հետ քննարկում եղել է այս թեմայով, թե ոչ, ինչո՞ւ ընդդիմությունը համաձայնության չի եկել միասնական ցանկով ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, արդյոք Դաշնակցությունը կսատարի ընդդիմադիր ուժերից մեկին։ Ընդդիմադիր ուժը այս պահին միայն կարճ մեկնաբանությամբ է սահմանափակվում։

«Առաջադրումներից և գրանցված թեկնածուների ծրագրերի հրապարակումից հետո հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ», - նշել է քաղաքական ուժը։

Առայժմ հայտնի չէ՝ «Հայաստան» խմբակցության մյուս թևն ինչ որոշում ունի։ Ընդդիմադիր խմբակցությունից անկուսակցական պատգամավոր Անդրանիկ Թևանյանը երեկ հայտնեց, որ Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի «Մայր Հայաստան» շարժումը, որի նախաձեռնող անդամ է ինքը։ Սակայն, պատգամավորը չէր բացահայտել՝ ընտրություններին ինչ կուսակցությամբ կամ դաշինքի ցուցակով է մասնակցելու նորաստեղծ շարժումը:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցությունից էլ «Ազատությանը» հայտնում են, որ դեռ որոշում չունեն՝ կմասնակցեն ընտրություններին կամ ինչ ձևաչափով կմասնակցեն։

«Այն պահից սկսած, երբ Հանրապետականն ունենա որոշում այդ հարցով, մենք հանդես կգանք հրապարակային հայտարարությամբ։ Մենք համարում ենք, որ Հայաստանի և Արցախի, մոր բոլորի առջև կան շատ ավելի վտանգավոր և հրատապ լուծում պահանջող խնդիրներ, քան Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության կամ չմասնակցության հարցը», - նշեց «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը։

Երևանի ավագանու ընտրություններին իր մասնակցության մասին երեկ հայտնեց 2021 թվականի դեկտեմբերին իշխող ուժի կողմից պաշտոնանկ արված նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նրա նախընտրական շտաբից հայտնել են, որ Մարությանը գլխավորելու է «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակը, սակայն ինքը որևէ կուսակցության չի անդամակցի: Մարությանին արդեն իշխանության թեկնածու Տիգրան Ավինյանի մրցակից են համարում։

Ընտրություններին մասնակցության մասին ավելի վաղ հայտնել էին Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, «Ապրելու երկրի» նախագահ Մանե Թանդիլյանը, «Լուսավոր Հայաստանից» Դավիթ Խաժակյանը, փաստաբան Նորայր Նորիկյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորելու է Նելլի Հարությունյանը։

ԿԸՀ-ում կուսակցությունների գրանցման գործընթացն արդեն սկսվել է, վերջնաժամկետը օգոստոսի 13-ն է։ Այս պահին, սակայն, որևէ քաղաքական ուժ իր ընտրացուցակը չի ներկայացրել հանձնաժողով։

XS
SM
MD
LG