Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող ռուսական բանակում սկսել են շատ խմել

Խմիչքի խանութ, արխիվ, Ռուսաստան:

Ուկրաինայի սահմանների մոտ տեղակայված ռուսական ստորաբաժանումներում զինվորական դատարաններն ամեն օր քննում են հարբեցողության հետ կապված գործեր: Աճել է նաև թմրամիջոցների օգտագործման հոդվածով դատավարությունների թիվը:

Верстка կայքը վերլուծել է այդ գործերը, զրուցել է զինծառայողների հետ և պնդում է, որ նրանցից շատերը, փաստորեն, անդադար խմում են:

Դա արվում է զորամասի տարածքից օրինական կամ ապօրինի հեռանալու ժամանակ, քնելու ժամին, պահակության ժամին, տեխնիկան նորոգելու կամ կերակուր պատրաստելու ժամանակ:

Բուն ռուս-ուկրաինական պատերազմի գոտում, որտեղ իրականացվում է «հատուկ ռազմական օպերացիան», այդպես է Ուկրաինա ներխուժելու առաջին օրվանից՝ 2022 թվականի փետրվարի 24-ից:

Զինվորական կանոնադրության համաձայն, ծառայության ընթացքում ալկոհոլի օգտագործումը կոպիտ խախտում է, որի համար կարգազանցին կարող են նկատողություն անել, ուղարկել հաուպտվախտ՝ զինվորական կալանատուն, և նույնիսկ ազատել ծառայությունից, սակայն պատժի վտանգը զինվորականներին չի զսպում, նրանք շարունակում են խմել։

Верстка կայքի լրագրող Դարյա Կուչերենկոն «Ազատության» ռուսական ծառայության «Նաստոյաշչեե վրեմյա» ծրագրին ասել է, որ շատերին ալկոհոլը ոչ միայն տալիս է դաժան իրականությունից կտրվելու, այլև առաջնագծից խուսանավելու հնարավորություն:

Միշտ չէ, որ հրամանատարները գինովցած զինծառայողին կալանատուն են ուղարկում, գերադասում են սահմանափակվել նկատողություն հայտնելով, որ մարդուժ չկորցնեն: Բայց կան զինծառայողներ, ովքեր մի քանի անգամ են հայտնվում հաուպտվախտում: Խմեցիր՝ 15 օր կնստես, էլի խմեցիր՝ 20 օր, երրորդ անգամ խմեցիր՝ 25 օր:

«Ինչպես նշել են մեր զրուցակից զինծառայողները, դա իսկապես միջոց է՝ մարտական գործողություններին մասնակցելուց խուսափելու համար: Հաուպտվախտում դու պարզապես նստում ես, խրամատում չես, պետք չէ կրակել, ամենայն հավանականությամբ, ողջ կմնաս, քեզ այնտեղ դեռ մի բան էլ կհսկեն»,- ասել է Կուչերենկոն:

«Հիմնական պատճառը սթրեսն է»

Սակայն առկա են հարբեցողության նաև այլ պատճառներ: Զինծառայողները փորձում են ալկոհոլի օգնությամբ ազատվել հոգեվիճակի վրա ազդող ծանր ճնշումից:

«Հիմնական պատճառը սթրեսն է, իսկ նրանք, ովքեր սահմանամերձ ճամբարներում են և պարբերաբար գործուղվում են մարտական առաջադրանք կատարելու ու վերադառնում՝ նաև հետտրավմատիկ սթրեսային խանգարում են ստանում»,- ասել է Կուչերենկոն:

Այդպիսով, մեկը խմում է, որ չգնա առաջնագիծ, մյուսը խմում է, որ մոռանա առաջնագծում տեսածը կամ արածը, երրորդը խմում է, որ խլացնի մահվան վախը կամ վիրավորումից առաջացած ֆիզիկական ցավը:

Խմիչքներից ամենատարածվածն օղին է, որոշ տեղերում սպիրտ են խմում: Սահմանամերձ բնակավայրերում օղի գտնելը շատ հեշտ է, կան նաև խանութներ, որտեղ հնարավոր է կոնյակ և գարեջում գնել:

Բայց իրականությունից կտրվելու համար Ուկրաինայի սահմանի մոտ տեղակայված ռուսաստանցի զինծառայողները ոչ միայն ալկոհոլ են օգտագործում, տարածվել է նաև մարիխուանայի (կանեփի) և մեֆեդրոն անվամբ թմրադեղի օգտագործումը:

«Կանեփը նրանք տեղում են գտնում, պոկում և օգտագործում են, իսկ մեֆեդրոնը համացանցի գաղտնի կայքերում են պատվիրում»,- ասել է Կուչերենկոն: