Ռուսաստանի մայրաքաղաքի Օստանկինսկի շրջանային դատարանը սկսել է քննել մոսկվացի Յուրի Կոխովեցի դեմ «ռուսական բանակի մասին ֆեյքերի» վերաբերյալ քրեական գործը:
Կոխովեցի դեմ քրեական գործ է հարուցվել, երբ նա անցած տարի ամռանը մասնակցել է «Ազատության» ռուսական ծառայության անցկացրած փողոցային հարցմանը: Ըստ SOTA Տելեգրամ ալիքի՝ մեղադրանքի տեքստում նշված է, որ այդ հարցմանը մեղադրյալը բացասական վերաբերմունք է հայտնել «ռազմական հատուկ օպերացիայի» նկատմամբ և ռուսական բանակի գործողություններն Ուկրաինայում բնութագրել է որպես «հանցավոր»: Այսպիսով՝ մեղադրող կողմը պնդում է, որ Կոխովեցը դիտավորյալ կեղծ տեղեկատվություն է տարածել Ռուսաստանի զինված ուժերի մասին:
Հարցմանը մասնակցած տղամարդը ասել է, մասնավորապես, որ Ռուսաստանը ռմբակոծել է առևտրի կենտրոններ, առանց որևէ պատճառի ռուս զինվորականները Բուչայում գնդակահարել են խաղաղ բնակիչների: Այս խոսքերի համար նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:
Այժմ մեղադրյալը տնային կալանքի տակ է:
Երեկ այս գործով դատական նիստը հետաձգվել է վկաների բացակայության պատճառով:
Ռուսական բանակը վարկաբեկելու և ռուսական բանակի մասին ֆեյքեր տարածելու վերաբերյալ օրենքներն ընդունվել են Ուկրաինա ներխուժումից մեկ շաբաթ անց՝ 2022 թվականի մարտին: Դրանք ըստ էության արգելում են լրատվամիջոցներին, բլոգերներին և անհատներին որևէ կարծիք հայտնել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, եթե դա չի համընկնում ռուսական պաշտոնական քարոզչության հետ:
2022-ին դատարանները բանակը վարկաբեկելու հոդվածով տուգանել են ավելի քան 4 հազար մարդու՝ ընդհանուր առմամբ ավելի քան 150 միլիոն ռուբլու չափով:
Վարկաբեկման և բանակի վերաբերյալ ֆեյքերի մասին հոդվածները Ռուսաստանում ակտիվորեն օգտագործվում են նաև որպես պատերազմի դեմ արտահայտվողների վրա ճնշում գործադրելու միջոց: Այս հոդվածներով դատապարտվել են, մասնավորապես, քաղաքական գործիչներ Իլյա Յաշինը և Ալեքսեյ Գորինովը, գործեր են հարուցվել տասնյակ այլ ակտիվիստների դեմ: