Մատչելիության հղումներ

Շոյգու. «Խռովությունը ձախողվել է զինվորական երդմանը հավատարմության շնորհիվ»


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն գերատեսչության բարձրաստիճան ղեկավարների հետ հեռավար կարգով անցկացրած ժողովի ընթացքում ասել է, որ հունիսին վիճակը երկրում ապակայունացնելու փորձը ձախողվել է նախևառաջ զինվորական երդմանը և զինվորական պարտքին զինծառայողների հավատարմության շնորհիվ:

«Չեմ կարող շրջանցել մեկ հարց, որին արդեն սպառիչ պատասխաններ է տվել մեր գերագույն գլխավոր հրամանատարը [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը]: Խոսքը հունիսի 23-25-ին Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու փորձի մասին է: Այդ ծրագրերը ձախողվեցին, որովհետև մեր զինված ուժերի անձնակազմն իր հավատարմությունը ցուցաբերեց երդմանը և զինվորական պարտքին: Շնորհակալություն եմ հայտնում բարեխիղճ ծառայության համար»,- ասել է Շոյգուն:

Նրա խոսքով, ձախողված խռովության ընթացքում զորքերի միավորումները և զինծառայողները շարունակել են խիզախորեն և անձնուրաց լուծել իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Շոյգուի ելույթի մասին հաղորդագրությունում ռուսական լրատվամիջոցները չեն նշում, թե արդյո՞ք նախարարը խոսել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և Ուկրաինայում ռուսական ուժերի փոխհրամանատար Սերգեյ Սուրովիկինի մասին, որոնց վերաբերյալ տեղեկություններ վերջին օրերին չեն հաղորդվել:

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և ղեկավար Եվգենի Պրիգոժինի անցած շաբաթավերջին խռովություն կազմակերպելու ձախողումից հետո այդ երկու բարձրաստիճան զորավարների մասին տեղեկություններ չեն հրապարակվում: Որոշ չհաստատված լուրերի համաձայն, Սուրովիկինը կարող է ձերբակալված լինել:

Կրեմլը հերքում է նմանօրինակ լուրերը և կոչ է անում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին:

XS
SM
MD
LG