Մատչելիության հղումներ

Հացահատիկի գործարքից դուրս գալու հաջորդ օրն իսկ Ռուսաստանը ռմբակոծեց ուկրաինական նավահանգիստները


Հացահատիկի գործարքից դուրս գալու հաջորդ օրն իսկ Ռուսաստանը ռմբակոծեց ուկրաինական նավահանգիստները, որտեղից կատարվում էր տոննաներով հացահատիկի առաքումը։ Օդեսայի և Նիկոլաևի նավահանգիստների վրա ռուսական ուժերը նախ անօդաչու սարքեր արձակեցին, ապա նաև հրթիռներ։

Մի քանիսը հասել են թիրախներին, սոցցանցերում հրապարակվել են վնասված ենթակառուցվածքների լուսանկարներ։

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը այսօր ասել է, որ Ռուսաստանի կողմից Օդեսայի նավահանգստի վրա արձակված յուրաքանչյուր հրթիռը ուղղված է նաև աշխարհում քաղցած մարդկանց վրա, նկատի ունենալով, որ հացահատիկն այլևս նրանց չի հասնում։

«Բավական չէ, որ հացահատիկի գործարքը դադարեցվեց, և ամբողջ աշխարհի համար հրատապ անհրաժեշտ ցորենը այլևս հնարավոր չէ արտահանել, անցած գիշերն էլ հարձակում է կատարվել Օդեսայի նավահանգստի վրա։ Ռուսաստանի նախագահը ոչ միայն ռմբակոծում է Ուկրաինան և Օդեսայի նավահանգիստը, այլև Օդեսայի նավահանգստին ուղղված յուրաքանչյուր հրթիռը ուղղված է նաև աշխարհում քաղցած մարդկանց դեմ։ Ասել է Գերմանիայի արտգործնախարարը։

Կրեմլի խոսնակն այսօր ասել է, թե առանց անվտանգության երաշխիքների սևծովյան նավահանգիստներից հացահատիկի տեղափոխումը ռիսկային է։

«Ուստի եթե ինչ-որ բան ձևակերպվի առանց Ռուսաստանի, ապա այդ ռիսկերը պետք է հաշվի առնվեն․ Մենք չենք կարող ասել, թե որ երկրները կարող են այդ ռիսկերն ընդունել», - ասել է Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով հարցին, որ Թուրքիան կարող է ապահովել ուկրաինական հացահատիկի արտահանումը Սև ծովով։

Ուկրաինական նավահանգիստների ռմբակոծությունները հաջորդեցին ոչ միայն հացահատիկի գործարքի դադարեցմանը, այլև Ղրիմի կամրջի վրա կատարված հարձակմանը։ Չնայած պաշտոնական Կիևը չի ստանձնել կամուրջը վրա գրոհելու պատասխանատվությունը, ուկրաինական մամուլը գրել էր, որ անցած կիրակի գիշերը կամրջի վրա հարձակումն իրականացվել է ջրային անօդաչու սարքերի միջոցով։

Պայթյունի հետևանքով կամրջով անցնող ավտոմեքենայում ամուսիններ էին զոհվել, նրանց դուստրը վիրավորվել է։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ կամրջի վրա հարձակումն անպատասխան չի մնա։ Եվ արդեն այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովը ասաց, որ Ռուսաստանի զինված ուժերը հատուցման հարված են հասցրել։

«Ռուսաստանի զինված ուժերը ծովային տեղակայման գերճշգրիտ զենքով հատուցման խմբային հարված են հասցրել այն օբյեկտներին, որտեղ Ռուսաստանի դեմ ահաբեկչական գործողություններ են նախապատրաստվել», - նշել է նա:

Կոնաշենկովը նաև ասել է, որ բացի դրանից Նիլոկլաևի և Օդեսայի տարածքում գտնվող պահեստներ են ոչնչացրել, որտեղ մտավորապես 70 հազար տոննա վառելիք էր պաշարվել ուկրաինական բանակին մատակարարելու համար։

Ղրիմի կամրջի վրա հարձակումից հետո ավտոմոբիլային երթևեկությունը դադարեցվել էր, բայց այս պայթյունը այնքան մեծ վնասներ չի պատճառել, որքան անցած հոկտեմբերին կատարված հարձակումը։ Երկուշաբթի երեկոյան ժամերին ավտոմոբիլների երթևեկությունը մասամբ վերականգնվել է։ Կամրջի երկու ծայրերում հարյուրավոր մեքենաներ են կուտակվել, ավելի շատ են Ղրիմից դեպի Ռուսաստան գնացողները։

Ռուսական ուժերը շարունակել են ուկրաինական բնակավայրերի ամենօրյա հրետակոծությունները

Ռուսական ուժերը ուկրաինական նավահանգիստներից բացի շարունակել են ուկրաինական բնակավայրերի ամենօրյա հրետակոծությունները։ Ուկրաինայի ռեգիոնալ իշխանությունները հաղորդում են չորս զոհի մասին։ Դոնեցկի մարզի հյուսիսային շրջանի ռմբակոծության հետևանքով երեք մարդ է զոհվել՝ մեկ կին ու երկու տղամարդ, Զապորոժիեի հարավում ևս մեկ կին է զոհվել։

Անցած ամսվա վերջին ՄԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ ռուսական ներխուժման հետևանքով Ուկրաինայում 9 հազար 177 խաղաղ բնակիչ է զոհվել, գրեթե 16 հազարը վիրավորվել են։ Սա միայն հաստատված տվյալներ են, թվերը կարող են ավելի մեծ լինել, քանի որ նախ մարտական գործողությունները շարունակվում են, այսօր ևս հաղորդվեց զոհերի մասին, երկրորդ՝ ռուսական օկուպացիայի տակ հայտնված բնակավայրերում հեշտ չէ ճշտել զոհվածների թիվը։

Վերջին 24 ժամվա ընթացքում մարտեր են տեղի ունեցել Կուպյանսկի, Կրանսի Լիմանի, Բախմուտի ուղղություններով, ռազմաճակատային գծի էական փոփոխություններ չկան։ Ուկրաինայի զինված ուժերը հաղորդում են Դոնեցկի մարզում Ստարոմայորսկոե գյուղ համար ընթացող ծանր մարտերի մասին: Սա ռազմաճակատի հարավ-արևելյան ուղղությունն է։

Ուկրաինական ուժերի խմբավորման մամուլի խոսնակ Վալերի Շերշենն ասել է, որ հակառակորդը փորձում է ռեզերվները տեղափոխել այնտեղ, որտեղ ուկրաինական զորքերը փորձում են առաջ շարժվել։

«Առաջխաղացումը, կարելի է ասել քայլ առ քայլ է, թեպետ դրանք փոքր տարածություններ են, բայց թշնամու համար բավականին զգալի են», - նշել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG