Մատչելիության հղումներ

Ուկրաինական ուժերի համար ռազմաճակատում անցած շաբաթը ծանր էր. Վլադիմիր Զելենսկի


Ուկրաինական ուժերի համար ռազմաճակատում անցած շաբաթը ծանր էր, նախագահ Վլադիմիր Զելենսկին է հայտարարել՝ առանց փակագծեր բացելու։ Նա միաժամանակ վստահեցրել է՝ բանակը հաջողություններ էլ ունի, ուկրաինացի զինվորականները քայլ առ քայլ առաջանում են։

«37 քառակուսի կիլոմետր տարածք», - անցած շաբաթ ուկրաինական զորքն այդքան է առաջացել, տեղեկացրել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։

Անցած օրերին ահագնացած ծանր մարտերը շարունակվում են Բախմուտի շուրջ։ Թեև ռուսական կողմը շաբաթներ առաջ վերահսկողություն էր հաստատել ռազմավարական նշանակության այդ բնակավայրի մեծ մասի նկատմամբ, Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակողական գործողությունները այժմ սպառնում են Բախմուտի շրջափակմամբ։

Արևմտյան հետախուզական աղբյուրների տվյալներով՝ ինտենսիվ ռազմական գործողություններն այս օրերին Բախմուտի հարավում են, հյուսիսային հատվածից էլ ուկրաինական ուժերի առաջխաղացումը կարող է կանխել ռուսական մատակարարումները, և Մոսկվան փորձում է ուժերը համալրել հենց այդ հատվածում՝ Դուբովո-Վասիլիվկայի մերձակայքում:

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորական, հոլանդացի ծովակալ Ռոբ Բաուերի գնահատմամբ՝ Կիևի անցած ամիս սկսած հակահարձակումը չափազանց բարդ գործողություն է՝ այն համեմատելով 1944-ի իրադարձությունների հետ:

«Մենք տեսանք Նորմանդիայում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ դաշնակիցներից յոթ, ութ, ինը շաբաթ էր անհրաժեշտ, որպեսզի փաստացի կարողանան ճեղքել գերմանացիների պաշտպանական գիծը։ Դրա համար զարմանալի չէ, որ այս ամենը տեղի չի ունենում արագ», - ասել է ՆԱՏՕ-ի պաշտպանական հանձնաժողովի ղեկավարը։

Ռուսական ուժերը նահանջի մասին չեն ակնարկում

Ռուսական ուժերը նահանջի մասին չեն ակնարկում նույնիսկ Ուկրաինայում ռազմական գործողություններին ակտիվորեն մասնակցած «Վագների» առաջնորդ Եվգենի Պրիգոժինի կազմակերպած խռովությունից հետո։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր, առաջին անգամ մեկնաբանելով այդ իրադարձությունները, պնդել է, որ տեղի ունեցածը որևէ ազդեցություն չի ունեցել զինված ուժերի գործողությունների վրա:

«Զինծառայողները խիզախորեն և անձնուրաց շարունակել են լուծել իրենց առջև դրված խնդիրները», - հայտարարել է նախարար Շոյգուն։

Արդյո՞ք «Վագների» հազարավոր զինյալների դուրս բերումը ռազմի դաշտից կարող է նոր մոբիլիզացիայի անհրաժեշտություն առաջացնել, ինքը Շոյգուն չի պարզաբանել, փոխարենը Ռուսաստանի պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովն է կտրականապես հերքել:

«Այսօրվա դրությամբ և մոտ ապագայում նոր մոբիլիզացիայի կարիք չկա», - ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Կարտապոլովը։

Ռազմաճակատում ծանր մարտերին զուգահեռ ռուսական ուժերը շարունակում են օդային հարվածներ հասցնել ուկրաինական բնակավայրերին։ Ըստ պաշտոնական Կիևի, անցած գիշերվանից սկսած ռուսները կրկին գործի են դրել իրանական արտադրության մոտ երկու տասնյակ «Շահիդ» անօդաչու թռչող սարքեր, որոնց մեծ մասը հակաօդային ուժերը ոչնչացրել են, այդուհանդերձ, ավերածություններ կան Սում քաղաքում, հաղորդվում է 1 զոհի և 16 վիրավորի մասին։

Ռուսական կողմն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Հաագայում բացվել է Ուկրաինայում ռուսների հանցանքների հետաքննության կենտրոնը

Մինչ այդ պատերազմական հանցագործությունների համար Ռուսաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությանը միջազգային մակարդակով պատասխանատվության ենթարկելուն ուղղված առաջին քայլերն են արվում. Հաագայում այսօր բացվել է հետաքննությունների միջազգային կենտրոն, որը հավաքագրելու է Ուկրաինայում մոտ մեկուկես տարի շարունակվող պատերազմական հանցագործությունների ապացույցները։ Սա կլինի միջանկյալ քայլ հետագայում հատուկ տրիբունալ ստեղծելու ուղղությամբ:

Մինչ օրս ուկրաինական պատերազմի համատեքստում ռուսական իշխանությունների դեմ միջազգային կառույցի կողմից առաջադրված միակ մեղադրանքը Կրեմլի ղեկավարի և Ռուսաստանի՝ երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության օրդերն է, որը տրվել է Միջազգային քրեական դատարանի կողմից։ Նրանց առաջադրված մեղադրանքները վերաբերում են բացառապես ուկրաինացի երեխաների արտաքսմանը։

Ռուսաստանյան իրավապահներն իրենց հերթին պաշտոնական Կիևին են մեղադրում հերթական հանցագործության մեջ։ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը պնդում է, որ բռնակցված Ղրիմի առաջնորդ Սերգեյ Ակսյոնովի դեմ մահափորձ է կազմակերպվել, ինչը կանխվել է։ Գերատեսչությունը հայտարարել է, թե Մոսկվայից նշանակված պաշտոնյային, իբր, պետք է հեռավար ռումբով ոչնչացներ Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված մի ռուսաստանցի, ով արդեն խոստովանական ցուցմունքներ է տվել։ Կիևն այդ հաղորդագրությանը չի արձագանքել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG