Մատչելիության հղումներ

Ռուսական բանակում կրկին սկանդալ է


ՌԴ բանակի գեներալ-մայոր Իվան Պոպով
ՌԴ բանակի գեներալ-մայոր Իվան Պոպով

Պրիգոժինի աննախադեպ ապստամբությունից մեկ ամիս չանցած ռուսական բանակում կրկին սկանդալ է։ Այս անգամ ռազմական ղեկավարության դեմ հայտարարություն է արել Զապորոժիեում կռվող կանոնավոր բանակի գեներալ։ Ընդ որում, քննադատությունը հրապարակվել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Անդրեյ Գուրուլյովի Տելեգրամ ալիքում։

Հարավային ռազմական օկրուգի 58-րդ բանակի հրամանատար, գեներալ-մայոր Իվան Պոպովը պնդում է, թե ինքը աշխատանքից հեռացվել է, քանի որ ղեկավարությանը զեկուցել է բանակում առկա խնդիրների մասին. - «Կամ պետք էր վախկոտի պես լռել, կամ ասել այն, ինչ բարձր ղեկավարությունն ուզում է լսել, կամ էլ իրերն իրենց անուններով անվանել»։

Գեներալի խոսքով, նա ուշադրություն է հրավիրել հրետանային հետախուզական կայանների բացակայության, ինչպես նաև ռազմաճակատում զինծառայողների զանգվածային մահվան վրա։

Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի տվյալներով, Պոպովը հեռացվել է 58-րդ բանակի հրամանատարի պաշտոնից, քանի որ հանդգնել է Գլխավոր շտաբի ղեկավարին զեկուցել առաջնագծում իրեն երկար ժամանակ վստահված կազմավորման ստորաբաժանումների ռոտացիայի անհրաժեշտության մասին։ Պոպովի ենթակայության տակ կռվող զինվորները մեկ ամսից ավելի է, ստիպված են պաշտպանվել ուկրաինական բանակի գրոհներից Զապորոզժիեի ուղղությամբ։

Օլեգ Ցոկով
Օլեգ Ցոկով

Ռուսական աղբյուրները գրում են մեկ այլ բարձրաստիճան զինվորականի մահվան մասին։ Ըստ այդ աղբյուրների, օկուպացված Բերդյանսկում, չճշտված տեղեկությունների համաձայն, «Դյուն» հյուրանոցում զոհվել է գեներալ-լեյտենանտ Օլեգ Ցոկովը։ Նախօրեին այդ հյուրանոցի շենքը ենթադրաբար խոցվել էր Storm Shadow հրթիռով։

Պաշտոնական աղբյուրներն այս լուրերը որևէ կերպ չեն մեկնաբանում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարը երեկ առաջին անգամ հարցազրույց է տվել Պրիգոժինի չստացված ապստամբությունից հետո՝ պնդելով, թե բանակը շարունակում է հավատարիմ մնալ Գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինին։

Մինչդեռ անկախ վերլուծաբանները ասում են, թե շաբաթներ առաջ ձախողված ռազմական ապստամբությունից հետո բանակի դժգոհությունը ղեկավարությունից մեծացել է, և դա արդեն դժվար է թաքցնել ։

Մասնավորապես, Wall Street Journal-ը, հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, գրել է, թե «Վագների» վարձկանների և նրանց առաջնորդ Եվգենի Պրիգոժինի ապստամբության մեկնարկից մի քանի ժամ անց Ռուսաստանի ներքին անվտանգության ծառայությունը ձերբակալել է ռուս մի քանի բարձրաստիճան զինվորականների, այդ թվում՝ օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Սերգեյ Սուրովիկինին։ Ըստ ամերիկյան պարբերականի, Սուրովիկինը կալանավորվել և հարցաքննվել է Մոսկվայում, սակայն նրան մեղադրանք չի առաջադրվել։ Ընդհանուր առմամբ, ըստ Wall Street Journal-ի, կալանավորվել են 13 ռուս բարձրաստիճան սպաներ, նրանցից մի քանիսը հետագայում ազատ են արձակվել։ Սակայն
գեներալ Սուրովիկինն ու գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը շարունակում են մնալ կալանքի տակ։ Եվս 15 զինվորականներ հեռացվել են պաշտոններից։

Ամեն օր ուկրաինական քաղաքներում տուժում խաղաղ բնակիչներ

Մինչ այդ պատերազմը շարունակվում է։ Ամեն օր ուկրաինական քաղաքների ռմբակոծությունից տուժում են խաղաղ բնակիչներ։ Միայն այս գիշեր Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային 20 անօդաչու թռչող սարքերով և երեք հրթիռներով։ Կիևը երրորդ օրն անընդմեջ անօդաչու սարքերի հարվածի տակ է, բեկորներից մի քանիսը ընկել են բազմահարկ շենքերի վրա, չորս մարդ վիրավորվել է։

Ուկրաինայի օդը պաշտպանելու համար Կիևը ամիսներ շարունակ Արևմուտքից խնդրում է ժամանակակից կործանիչներ։ Իր հերթին, Մոսկվան սպառնում է, թե այդ դեպքում կփոխվեն պատերազմի կանոնները։

Ռուսաստանի արտգործնախարարը, մասնավորապես, հայտարարել է, թե քանի որ ամերիկյան F-16 կործանիչները տեսականորեն կարող են միջուկային զենք կրել, Ռուսաստանը դրանց փոխանցումն Ուկրաինային կդիտարկի որպես «միջուկային ոլորտում սպառնալիք»։

«Մենք տեղեկացրել ենք ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի իշխանություններին, որ Ռուսաստանը չի կարող անտեսել այդ ինքնաթիռների միջուկային զենք կրելու հնարավորությունը: Ռազմական գործողությունների ժամանակ մեր զինվորականները չեն հասկանա՝ նշված տիպի յուրաքանչյուր կոնկրետ ինքնաթիռ կրո՞ւմ է միջուկային զենք, թե՞ ոչ։ Ուկրաինայի զինված ուժերում նման համակարգերի հայտնվելու փաստը մեր կողմից կդիտվի որպես միջուկային ոլորտում Արևմուտքի սպառնալիք», - ասել է Սերգեյ Լավրովը։

Միջուկային անվտանգության հարցը օրակարգում է Ուկրաինայում պատերազմի առաջին իսկ օրերից։ Ընդ որում, միջուկային զենք օգտագործելու սպառնալիքով հաճախ հանդես է գալիս հենց Ռուսաստանը։

Russian Field սոցիոլոգիական ընկերության հարցման այսօր հրապարակված արդյունքների համաձայն, ռուսաստանցիների երեք քառորդը դեմ է, որ Ուկրաինայում միջուկային զենքի կիրառվի։ Հարցվածների 11 տոկոսը միջուկային հարվածն ընդունելի է համարում, իսկ 5 տոկոսն էլ ասել է, թե այն կարելի կիռարել՝ եթե պատերազմում պարտվելու վտանգ լինի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG