Ալյուրի, շաքարավազի պարկեր, մակարոնեղեն, ձեթ... հիմնականում չոր սնունդ են արդեն երրորդ օրը մարդիկ բերում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ պահանջելով այդ ամենը հասցնել պաշարված ու սովի վտանգի առաջ կանգնած Արցախի բնակիչներին։
Միջազգային կառույցի ներկայացուցչության մոտ հավաքվածներից Հասմիկ Իսրայելյանն «Ազատությանն» ասաց՝ այսօր արդեն պետք է մտածեն, թե ինչպես պահեստավորեն ապրանքը, որ արևի տակ չմնա, չփչանա. - «Ովքեր մտնում են սուպերմարկետ տան առևտուր անելու, հիշեք, որ Արցախում մեր հայրենակիցների մի ստվար հատված կամ գուցե նաև բոլորը սոված են հիմա»։
Մեկ ամսից ավելի է Ադրբեջանն արգելում է Լաչինի միջանցքով Հայաստանից որևէ հումանիտար բեռ տեղափոխել։ Սնունդ հավաքելուց բացի, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ մի քանի հոգի հացադուլ են հայտարարել։
Այսօր նրանց միացավ նաև մեր զրուցակից Հասմիկը։ Ասում է՝ սա նվազագույնն է, որ կարող է անել միջազգային ուշադրությունից դուրս մնացած արցախցիների համար։ Պահանջ ունեն նաև Հայաստանի կառավարությունից. - «Որպեսզի կառավարությունը դիմի ՄԱԿ-ի պարենային անվտանգությանը։ Ճնշելու ենք, որովհետև իրենք էդ լիազորությունը ունեն, գործիքակազմը ունեն, հայտնվել են շատ ավելի վատ և շատ ավելի փակ դրության մեջ գտնվող երկրներում ու իրավիճակներում»։
ՄԱԿ-ից արձագանք երեք օր է չկա։ Ակցիայի մասնակիցներն ասացին, որ առանձին աշխատողներն պարզապես մոտեցել են, ապրումակցել։
«Ազատության» զանգերը ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակն առայժմ անպատասխան է թողնում։ Կառավարությունից ևս չեն արձագանքել մեր հարցին, թե սննդի խիստ պակասի պայմաններում Հայաստանը ի՞նչ քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի հայերին օդային ճանապարհով օգնություն հասցնելու համար, դիմե՞լ է արդյոք ՄԱԿ-ի պարենի հարցերով գործակալությանը կամ ռուս խաղաղապահներին։
Հումանիտար խնդիրը քաղաքական ճգնաժամի հետևանքն է, ասաց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության Տիգրան Աբրահամյանը, ով այսօր միացել էր բողոքի ակցիային։ «Ազատության» հետ զրույցում նա ասաց նաև, որ առաջին հերթին քաղաքական լուծումներ են պետք, մինչդեռ Հայաստանի իշխանություններն իրենց հայտարարություններով չեն նպաստում իրավիճակի հանգուցալուծմանը. - «Իշխանության տարբեր ներկայացուցիչներ Արցախը համարում են Ադրբեջանի կազմում հայկական համայնք և այլն։ Բնականաբար, սրանք մի կողմից նեղացնում են Հայաստանի Հանրապետության բանակցային հնարավորությունները՝ մոտեցնելով զրոյի, մյուս կողմից մեծացնում են Ադրբեջանի ագրեսիվության հնարավորությունները։ Եվ Ադրբեջանը փորձում է ցանկացած գործընթաց բերել իր օրենսդրության դաշտ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միշելը կարևորում է հումանիտար մատակարարումները և՛ Լաչինով, և՛ Աղդամով, վերահաստատում ԵՄ աջակցությունը Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանըԲրյուսելում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ գրեթե երեք ժամ տևած հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահը Լաչինի միջանցքը բացելուն զուգահեռ կարևոր համարեց Աղդամով հումանիտար մատարակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը։ Արցախից մերժում են Բաքվի այդ առաջարկը։
«Ազատության» հարցին, թե արդյոք Հայաստանի կառավարությունը կարող է դիմել ՄԱԿ, ունի՞ այդ լծակը, Աբրահամյանն արձագանքեց. - «Բնականաբար, հնարավորությունը կա։ Բայց այստեղ կա մեկ այլ խնդիր։ Հայաստանյան իշխանությունները նույնիսկ այնտեղ, որտեղ ինչ-որ քայլ առաջին հայացքից իրականացնում են, բայց այդտեղ էլ հետևողական չեն, չեն կարողանում պաշտպանել։ Եվ շատ դեպքերում որտեղ որ նրանք դիմում են, դիմում են միայն այնպիսի հարցերում, որոնք իրավիճակում որևէ ռեալ փոփոխություն չեն բերում»։
Նախորդ օրերին քաղաքացիները եղել են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների դեսպանատների, Եվրամիության պատվիրակության առջև։
Միջազգային կառույցների ուշադրությունը սովի մատնված, շրջափակված Արցախի վրա կենտրոնացնելու նպատակով այսօր ևս Երևանի տարբեր հատվածերում ակցիաներ են տեղի ունեցել։ Երեկոյան հանդիպում -քննարկումների նպատակը հասկանալն է, թե ինչով կարող են հայաստանցիները օգնության ձեռք մեկնել 120 հազար շրջափակված արցախցիներին։