Մատչելիության հղումներ

«Կանխեք ցեղասպանությունն Արցախում» կարգախոսով ակցիա՝ ԵՄ պատվիրակության շենքի առջև


«Կանխեք ցեղասպանությունն Արցախում», «բացեք կյանքի ճանապարհը», «փրկեք Արցախի ժողովրդավարությունն Ալիևի բռնապետությունից» կարգախոսներով քաղաքացիներն այսօր Հայաստանում Եվրամիության պատվիրակության շենքի առջև էին հավաքվել։ Պահանջում էին հանդիպում պատվիրակության ներկայացուցիչների հետ։

«Մենք այստեղ ենք՝ խնդրելու, պահանջելու, հորդորելու, որպեսզի Եվրոպական միությունը բոլոր ջանքերը գործադրի, գործուն ազդեցություն ունենա ճանապարհի բացման համար», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանք Եվրամիությանը ևս մեկ անգամ հիշեցրին՝ Արցախի շուրջ 120 հազար բնակչությունը 7-ամսյա շրջափակման, ավելի քան 1 ամիս էլ ամբողջական պաշարման մեջ է՝ սովի սպառնալիքի առջև։

«Հարգարժա՛ն Եվրամիություն, դուք եղել եք, եկել եք դիտարկե՞լ ցեղասպանությունը, դուք եկել եք դիտարկե՞լ, թե ինչպես են երեխաները մահանում, որովհետև մայրը չի կարողանում տեղին ու ժամանակին սնունդը գտնի իրենց, դուք եկել եք դիտարկելո՞ւ, թե ինչպես են 30 հազար երեխաներ կիսաքաղց ապրում», - հարցրեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։

Լաչինի միջանցքը բացելու համար անհրաժեշտ քայլերի թվում «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն անհրաժեշտ է համարում Ալիևի վարչակազմի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը. - «Ո՞ւր են ձեր պատժամիջոցները, ո՞ւր է ձեր արձագանքն այսօր»։

Մինչև այժմ, սակայն, և՛ Եվրամիությունը, և՛ Միացյալ Նահանգները, մատնացույց անելով ընթացող բանակցությունները, հայտարարել են, որ Բաքվի նկատմամբ պատժամիջոցների հարց չեն դիտարկում։

Քաղաքացիները հայտարարում են՝ այս ընթացքում, երբ հազարավոր արցախցիներ սովի վտանգի առջև են, Եվրոպան լուռ հետևում է Արցախի պաշարմանն ու Բաքվի՝ արցախցիներին ցեղասպանելու փորձերին։

«Ես Հայաստանում մարդու իրավունքների առաջին պաշտպանն եմ, ես միշտ շնորհակալ ու գոհ եմ եղել Եվրոպայի կողմից մեզ տված օգնությանը, որ մենք կարողանանք ոչ միայն ինքներս հասկանանք, այլև տարածենք այդ վեհ գաղափարները։ Հիմա այդ վեհ գաղափարները դուք վաճառել եք՝ ուղղակի ձեր մի քիչ տաք լինելու համար, որովհետև Ադրբեջանից դուք ստանում եք ինչ-ինչ նավթ ու գազ։ Ամոթալի է այդ վիճակը», - նշեց Լարիսա Ալավերդյանը։

Պատվիրակության ներկայացուցիչներից մեկը ճաղերից այն կողմ լսեց քաղաքացիներին ու հայտնեց, որ այս պահին նրանց ընդունել չեն կարող։ Քաղաքացիները նրան հանձնեցին իրենց նամակը։ Դրա մեջ նշված էր, որ Աղդամի ճանապարհը չի կարող այլընտրանք լինել Լաչինի միջանցքին։ Հավաքվածները ընդգծում են՝ Արցախը պաշարած, սովի սպառնալիքի առջև կանգնեցրած Ադրբեջանից հումանիտար օգնություն չեն ակնկալում, իրենց իրավունքների վերականգնում են պահանջում։ Օրեր առաջ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ գրեթե երեք ժամ տևած հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահն էր կարևոր համարել Աղդամով հումանիտար մատակարարումներ իրականացնելու «Ադրբեջանի պատրաստակամությունը», միաժամանակ շեշտել, որ Արցախը Հայաստանին կապող միակ՝ Լաչինի ճանապարհը պետք է բացվի։

Ակցիայի մասնակիցները ԵՄ պատվիրակություն էին եկել ՄԱԿ-ի գրասենյակից։ Նրանք միջազգային հեղինակավոր կառույցի գրասենյակի առջև արդեն երկրորդ օրն է՝ սնունդ, դեղորայք ու այլ անհրաժեշտ ապրանքներ են հավաքում։ Պահանջում են, որ Միավորված ազգերի կազմակերպությանն ու այլ կառույցների օգնությունը տեղափոխեն Արցախ։

«Հիմա քաղաքացիները երկրորդ օրն է՝ պարեն են բերում ՄԱԿ-ի գրասենյակի առաջ և այստեղ հավաքագրելով այս պարենը, նաև ունենալով հստակ հավաստիացում տարբեր կազմակերպություններից, որ իրենք կարող են տոննաներով պարեն տրամադրել, մենք ակնկալում ենք, որ ՄԱԿ-ը, Եվրամիությունը կարող են հնարավոր դարձնել այս պարենի տեղափոխումը և տեղ հասցնելը Ստեփանակերտ մեր հայրենակիցներին», - ասաց «Բացում» նախաձեռնության համակիր Սեդա Գրիգորյանը։

Արդյո՞ք ՄԱԿ-ը կիրականացնի հումանիտար փոխադրումներ՝ քաղաքացիներին գրասենյակից հստակ արձագանք չեն ստացել։ Հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակավ չի արձագանքել այս պահանջին։

«Մենք իրենց փոխանցել ենք կոնսպեկտ, որովհետև այստեղ ինչ տեղի է ունեցել, այնտեղ արտացոլվել է, և իրենք պարզապես ինչպես միշտ, ինչպես միջազգային բոլոր հաստատություններն են անում, խոստացան, որ կծանոթանան և կանեն հնարավորինը», - հայտնեց Լարիսա Ալավերդյանը։

Քաղաքացիներից մեկն այսօր 90-ից ավելի պարկ ալյուր էր բերել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։ Այն ևս Արցախում սպառման եզրին է։ Այն ամենը, ինչ Հայաստանից էր մատակարարվում, հիմա Ստեփանակերտում ու շրջաներում ճոխություն է համարվում, եղած ապրանքների գներն էլ մի քանի անգամ բարձր են։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG