Մատչելիության հղումներ

Մեկ ամսից ավելի է ոչ մի կիլոգրամ մարդասիրական բեռ չի մտնում Արցախ


Ստեփանակերտի խանութներից մեկում
Ստեփանակերտի խանութներից մեկում

Արցախի խանութներում հիմա ո'չ մթերք կա, ո'չ էլ հերթ։ Մարդիկ Ստեփանակերտի տարբեր թաղերից հասնում են փռեր՝ հաց գտնելու։ Սահմանափակ քանակով են տալիս, երբեմն պետք է տարբեր փռեր գնալ ՝ մեկ օրվա բաժինը տուն տանելու համար։

«Ստեղ վեցից կանգնած եմ... և լրիվ ստացալ չեմ, ինչ պետք ա իլալ։ Մեղք ենք մունք, օրիշ պեն չեմ կարում ասիմ»։

Վառելիքի բացակայության պատճառով հացն ու կաթնամթերքը հնարավոր չէ խանութներ տանել։ Տարեցները մեկ մածունի համար ժամերով Արցախի միակ կաթնամթերքի արտադրամասի մոտ են կանգնում։

«Ամեն օր կյամ եմ, կյամ, դարդակ քինամ», - ասում է մի տարեց մարդ, ով այսօր կարողացել է գնել մեկ շիշ մածուն ու մի տուփ թթվասեր։

Արթուր և Լյուդմիլա Ստեփանյանները Մարտակերտի Շահմասուր գյուղից երեկ դժվարությամբ Ստեփանակերտ են հասել, որ հաց ու մանկական սնունդ գտնեն իրենց 11 երեխաների համար։

«Երեկ եկալ ենք ստեղ, հացի ենք եկալ, հաց, հաց չկա», - ասում է Արթուրը։

Անցել են քաղաքի տարբեր փռերով ու 14 հաց են գտել՝ մեծ ընտանքիին մեկ ու կես օր կհերիքի։ Այսօր էլ տրանսպորտ չէին գտնում գյուղ՝ երեխաների մոտ վերադառնալու համար։ Երեխաները բոլորը անչափահաս են։

Հայրն ասում է, որ ամենաշատը քաղցրավենիքի կարիք են զգում, շաքարավազ չկա, որ մայրիկը մի բան թխի. - «Էն փոքրները սպանում եմ մեզ քաղցրի հետի։ Առաջ պեչենի ա իլալ, վաֆլի ա իլալ, կանֆետներ ա իլալ, առել ենք։ Մհեկ չկա, չգիտենք ինչ անենք»։

Քաղաքը ոտքի տակ էր տվել, անցել բոլոր մեծ ու փոքր խանութներով, միակ քաղցր բանը որ գտել էր, 30 հատ փոքրիկ չուպաչուպսն էր։ Սոցիալական զարգացման հիմնադրամն էր երկու տութ տակդիր ու մանակական սնունդ տվել տան ամենափոքրի 6 ամսական երեխայի համար

«Պան չկա առնենք, ի՞նչ առնենք... չկա։ Պամիդորը թանկ ա, առնեւմ չենք», - դժգոհում է Արթուրը։

Նա պատմում է՝ ջանում են, որ երեխաները քաղցած չմնան, ասում է՝ եթե հացը քիչ է, մենք մեծերս քիչ ենք օգտվում։ Արթուրը հույս ունի, որ վաղը 15 հացով ու քաղցր գնդիկներով կհասնի իր երեխաներին։ Հարևան գյուղում մեկ պարկ ալյուր է գտել, բենզին գտնելն ու այդ մեկ պարկին հասնելու հույս նույնպես ունի։

«Իրավիճակն աղետալի է», - ասում է Արցախի անվտանգության և զարգացման ճակատի անդամներից Արշակ Աբրահամյանը. - «Բազմաթիվ մարդիկ կան, որ արդեն օրական իրանց սննդակարգը փոխել են և մեկ անգամ են օրվա մեջ սնվում՝ ժամը 3-4-ի կողմերը, որովհետև սնունդը բավարար չի։ Բազմաթիվ ծնողներ արդեն ահազանգում են, որ փոքր երեխաների ինքնազգացողությունն է վատանում»։

Առաջնային համարելով Լաչինի միջանցքի բացումը՝ Աբրահամյանը նաև շեշտում է օդային հումանիտար միջանցքի անհրաժեշտությունը. - «Որով կարող են միջազգային կազմակերպությունները իրականացնել պարենամթերքի մուտք դեպի Արցախ։ Որը որոշակի ժամանակահատվածով կմեղմվի այստեղ տիրող աղետալի իրավիճակը»։

Արտակ Բեգլարյան
Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը Հայաստանից ու Արցախից հնչող կոչերը օդային միջանցքի անհրաժեշտության վերաբերյալ կարևոր է համարում, բայց չի հավատում, որ կլինի այդպիսի բան. - «Քանի դեռ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև չկա՝ հստակ միջազգային իրավունքով ու պրակտիկայով, այլ տարբերակը իրատեսական չի։ Դրա համար շատ բարձր միջազգային մակարդակի քաղաքական կամք է պետք, իսկ էդ կամքը եթե լինի, հենա Լաչինի միջանցքը կբացեն էլի»։

Ճգնաժամն արդեն ժամերով է խորանում, մեկ ամսից ավելի է ոչ մի կիլոգրամ մարդասիրական բեռ չի մտնում Արցախ։ Այս մեկ ամսում հղիության վաղ շրջանում պտղի կորուստների թիվը երեք անգամ ավելացել է, ահազանգում է Մոր և մանկան առողջության կենտրոնի ղեկավարը։ Մարդիկ սթրեսի մեջ են ու թերսնված։

Արցախցիների փակ խմբերում այս օրերին ապրանքների փոխանակման խնդրանքներ են. ձուն, շաքարավազը կփոխանակեն սպասք լվանալու հեղուկի, ծխախոտը՝ բենզինի հետ։ Շրջաններում բանջարեղեն կա, բայց Ստեփանակերտ հասցնել չեն կարողանում, քաղաքի շուկայում եթե մի բան գտնվի, շատ թանկ է։

«Ինձ մնացել ա մոտ մեկ շաբաթվա սնունդ։ Նույնիսկ միս չկա։ Միսը չկա, որովհետև վառելիք չկա, որ գյուղերից միս բերեն։ Ծայրահեղ վատ վիճակ ա», - ասում է Ստեփանակերտի բնակիչ Լիանա Ոսկանյանը։

Լիաննան 6 երեխաների մայրիկ է, այդ մի քանի օրվա սնունդն էլ հնդկաձավար, մակարոն է, բազմազանություն չկա։ Բանջարեղեն գնել չի կարող, լոլիկի մեկ կիլոգրամը 2500 դրամ է. - «Հազարավոր արցախցիների համար ինքը թանկ հաճույք ա, որովհետև գործազուրկ են մարդիկ, չեն աշխատում»։

Լիաննան երեկ համացանցում տեսել է վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի տեղադրած լուսանկարները՝ վերնագրված այսպես՝ «Մեր այսօրվա ընթրիքը պատրաստեցի մեր աճեցրած բանջարեղեններով»։ Նկարներում սմբուկ, լոլիկ, բիբար, վարունգ շողշողում են, հետո, արդեն կտրատված, կաթսայի մեջ են։ Առաջին տիկնոջ ընթրիքի լուսանկարներին արցախցի կինը նայել է ցավով. - «Իմ համար շատ վիրավորական ա, որ մի ամբողջ ազգ, մի ամբողջ երկիր սովի ա մատնված, հայերը սովի են մատնված, իսկ Հայաստանի դեմքը ներկայացնող առաջին տիկինը իրա համար խրախճանքների մեջ ա... Ուղղակի շրջանցել եմ, որպեսզի ավելի մեծ ցավ չզգամ... արհամարհված ու լքված ենք մենք»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG