Մատչելիության հղումներ

Արցախից հերքում են, թե Աղդամից օգնություն է փոխադրվել Ստեփանակերտ


Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մի քանի մեքենաներ են երեկ Խրամորթ մտել ու դուրս եկել։ Այս գյուղը Աղդամից (Ակնայից) 3 կիլոմետրի վրա է, և համացանցում տեղեկություն պայթեց, թե Կարմիր խաչի աշխատակիցները Աղդամից հումանիտար օգնություն են Արցախ տեղափոխում։

Ներքին գործերի նախարարությունը հերքեց. - «Արցախի ՆԳ Ասկերան քաղաքի ոստիկանական անցակետով դեպի Ակնա և հակառակ ուղղությամբ որևէ տրանսպորտային միջոց չի անցել, առավել ևս հումանիտար բեռներ չեն տեղափոխվել»։

Խրամորթցի Հասմիկ Անդրյանը, որ գյուղի դպրոցի կազմակերպիչն է, պատմում է, որ Կարմիր խաչի աշխատակիցները գյուղի աշակերտների համար ամառային դպրոց են նախաձեռնել, երեկ եկել էին պայմաններին ծանոթանալու. - «Իրանք ընդամենը Ասկերանով գալիս են, մի քիչ իջնում ա, հետո բարձրանում ա դեպի Խրամորթ։ Չի հասնում ռուսական պոստին, մինչև ռուսական պոստը հասնելը մեզ ունենք հայկական պոստ, էդ պոստի մոտով էլ հենց բարձրանում ա վերև։ Աղդամ չեն մտնում»։

Այսօր երեկոյան արդեն Ասկերան - Աղդամ ճանապարհին մի խումբ արցախցիներ բետոնե արգելապատնեշներ տեղադրեցին, նաև բողոքի ակցիա էր տեղում։ Պաստառներից մեկի վրա գրված էր՝ «Ճանապարհ դեպի մահ»։ Ասկերանից Աղդամ տանող ճանապարհին Արցախի ոստիկանության ծառայողները շուրջօրյա հերթապահության կետ ունեն, հետո ռուս խաղաղապահների հսկիչ կետն է, հետո արդեն ադրբեջանականն ու Աղդամը։

Պաշարված Արցախում այս օրերին Աղդամով օգնություն ստանալու հեռանկարը ամենազգայուն թեման է դարձել։ Նախ, պաշտոնական Բաքուն արտգործնախարարի շուրթերով արդեն երրորդ անգամ է առաջարկում առաջին անհրաժեշտության ապրանքներ Ադրբեջանից։ Բրյուսելյան բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունեց Աղդամով հումանիտար մատարակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը։

Արցախի խորհրդարանի իշխանական պատգամավոր Արթուր Հարությունյանի տպավորությամբ, Միշելը իրավիճակին չի տիրապետում. - «Կա նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, կան ստանձնած պարտավորություններ, կա դատարանի որոշում, որ պիտի Լաչինի միջանցքը անխափան գործի։ Սա պետք է անեն միջնորդական գործունեություն իրականացնող երկրները, ոչ թե այլընտրանքային ինչ-որ խորհուրդներ տան, կամ առաջարկներ ներկայացնեն, կամ ողջունեն»։

Արցախցիները հումանիտար բեռի համար չեն պայքարում, այլ արժանապատիվ ապրելու, շեշտում է պատգամավորը։

Միշելի այս հայտարարությունը դատապարտել են արցախում գործող մի խումբ հասարակական կազմակերպություններ. - «Հումանիտար աղետի մեջ գտնվող ժողովրդին տրամադրվող աջակցությունը չի կարող լինեն նրա արժանապատվության ոտնահարման գնով, մի երկրից, որը բացի ատելությունից, տառապանքներից և ցավերից այլ բան առաջարկել չի կարող»։

Արցախի խանութներում կատարյալ դատարկություն է, միայն հաց է մատակարարվում, այն էլ քիչ քանակով։ Խրամորթը 220 բնակիչ ունի, ամեն օր 35 հատ հաց են ստանում, բայց Ադրբեջանից Աղդամով հացի փշրանք կամ օճառ չեն ուզում։

«Չէ, ոչ մի անգամ, դա ոչ մեկն էլ թույլ չի տա իրան, չի լինի էդպիսի բան... Անհնարին է։ Միմիայն կյանքի ճանապարհ Հայաստանի հետ։ Վերջ, ուրիշ ճանապարհ չկա», - ասում են խրամորթցիք։

Արցախում ապրողները ու Լաչինի անցակետից այս կողմ, Հայաստանում մնացած արցախցիները նույն կարծքին են. - «Ինքնորոշման էդքան տարվա պայքարից հետո մենք նորից գնանք, ղարաբաղցին նորից գնա հացի խաթեր մտնի ասի՝ ես գնում եմ Աղդամից հաց բերե՞մ... Ինքը ինչ առաջարկներ անի, մենք չենք ընդունում։ Ինքը կարող ասի՝ բերենք, բացենք մի ամիս, մի տարի, բայց թուրքը մնում ա թուրք, էլի ինչ-որ վնաս կհասցնի... Էդ ո՞ր հայը խելքից պակաս ա, որ կարողանան էդքանից հետո նրանց հետ առևտուր անի կամ շփվի։ Տեսել ենք։ 70-ական թվականներից, խաղաղության ժամանակ էլ էլի հայկական գյուղերին վնաս էին տալի, էսիմ ինչ, դպրոցները ուզում էին փակեն»։

Ջանիկ Պետրոսյանը Ադրբեջանին հանձնված Խծաբերդի 40 տարվա մաթեմատիկայի ուսուցիչն է, որդին Ստեփանակերտում է, միայն հաց ու մի քիչ կարտոֆիլ ունի։ Ջանիկը կարծում է, որ Ադրբեջանն ի վիճակի է նույնիսկ թունավոր սնունդ ուղարկել, միայն արցախցիներին վնասի. - «Եթե փողվող լինեն, գոնե ինչ-որ ժամանակ իրենց հանգիստ կպահեն, մի քիչ ճանապարհ կտան, շողոքորթելով որ կարողանան ժողովրդին համոզեն։ Բայց ավելի են գռեհիկ դառել, ավելի են վնաս տալիս։ Նրանց ծրագիրը մենակ էն ա, որ ժողովրդին վախեցնեն, իրենց ճանապարհները բացեն, մարդիկ արդեն թողնեն-լքեն։ Իրենց պետք ա Ղարաբաղը առանց հայերի»։

Աղդամով հումանիտար միջանցք ստեղծելու ցանկությամբ, արցախցիների համոզմամբ, Ադրբեջանն ինտեգրման գործընթաց է սկսում։ Նրանք վստահ են, որ Բաքվից հաց վերցնելը Բաքվին ենթարկվելն է։

XS
SM
MD
LG