Մատչելիության հղումներ

«Բացեք կյանքի ճանապարհը, մենք Արցախն ենք». ակցիա՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև


44-օրյա պատերազմում որդուն, տունն ու ծննդավայրը կորցրած հադրութցի Դոնարա Բադասյանը այսօր մի հոգս ունի՝ ուտելու բան գտա՞ն իր հարազատները պաշարված Արցախում:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև հավաքված քաղաքացիներն ուզում են, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ն իր անդամ պետություններով ի վերջո նկատեն թե ինչ է կատարվում Արցախում։ Ճարտարի քահանան իր հոտի մոտ հասնել չի կարող՝ ճամփան փակ է. Երևանի կենտրոնում է առաջարկում տերունական աղոթքով Աստծուց խաղաղություն խնդրել։

«Պետք է հետ գնանք մեր ծառայությունը շարունակելու, բայց չենք կարողանում: Ամեն բան Արցախում խաթարված է», - ասաց քահանան:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի պարիսպների մոտ երկու սև հաց է, մոմեր, հիշեցում այն մասին, որ օրեր առաջ արցախցի մայրիկը ուտելիքը հետևից գնաց, իսկ նրա երկու փոքրիկները մահացան մորը փնտրելու ճանապարհներին։ Հավաքվածները պաստառներ են պարզել՝ «բացեք կյանքի ճանապարհը, մենք Արցախն ենք», նաև լուսանկարներ են, որոնցում արդեն 7 ամիս շրջափակման մեջ ապրող մարդիկ են՝ տարեցներ, երեխաներ։

Լորին պաստառ չունի պարզած՝ Արցախը հագին է, շապիկի վրա. - «Ուզում ենք գոնե Արցախի մեր քույրերին, եղբայրներին ցույց տալ, որ իրենց հետ ենք, իրենց կողքն ենք»:

Ո՞ւր է ՄԱԿ-ը, երբ արցախցիները սովի ու ցեղասպանության սպառնալիքի տակ են, հարցնում է «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը, պնդում՝ կառույցը պետք է հատուկ զեկուցողներ նշանակի, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառի։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, չլինելով ՄԱԿ-ի անդամ պետություն, իրավունքներ ունի որպես թող մասնակի, բայց միջազգային իրավական սուբյեկտ», - ընդգծեց Ալավերդյանը:

Պաշտոնական Բաքուն միջանցքը փակել ու Աղդամով արցախցիներին սնունդ ուղարկելու առաջարկ է անում, Եվրոպական խորհրդի նախագահն էլ սա պատրաստակամություն էր որակել:

«Եվրոպառլամենտը երբևիցե չի հայտարարել, որ կարող է Ստեփանակերտը ստանա հումանիտար օգնություն Աղդամով, էդ քանի՞ խելք ունի նա, քանի՞ եղբայր եք էդ խելքով», - հայտարարեց Լարիսա Ալավերդյանը:

Արցախցիները Բաքվից Աղդամով հումանիտար առաքանի չեն ուզում. - «Աղդամը լինի իրանց, Թարթառը լինի իրանց, մեր Արցախից ձեռք քաշեն»:

Նկարչուհի Զարուհի Մուրադյանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին առաջարկում է դուրս գալ զով սենյակներից, ընդվզել, քանի դեռ այդ կառույցը չի կատարում իր պարտավորությունը ՄԱԿ-ի պարենի ծրագիր կա, հիշեցրեց և այդ ծրագրին կես տարի առաջ դիմում է գրել Արցախի պետնախարարը։ Չճանաչված պետություն լինելը պատճառ չէ, ասաց նա։

«Սինջարի եզդիներին ուղիղ մեկ տարի կոտորածի ժամանակ ՄԱԿ-ի պարենային ծրագիրը մատակարարել է օդանավերով», - նշեց Մուրադյանը:

ՄԱԿ-ի շենքի մոտ հավաքվածների մի մասը երթով նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանություն գնաց, պահանջը՝ տեր կանգնել եռակողմ պայմանագրի կետերին, բացել ճանապարհը։ Պահանջագիրը դեսպանատան աշխատակիցներին մոտեցրին փակ ճանապարհի պատճառով Երևանում մնացած արցախցի երեխաները:

Ադրբեջանական դարձած Աղավնոյի բնակիչ Զարուհի Հակոբյանը վստահ է՝ ռուս խաղաղապահներին այլևս ապավինել պետք չէ, ՄԱԿ-ի խաղաղապահներին պետք է կանչել:

«Ռուսական զորքերը գտնվելով Արցախում չեն օգնում Արցախում գերության մեջ հայտնված հայ ժողովրդին, իրենք իրենց կարիքները կարողանում են հոգալ՝ օգտվելով Ստեփանակերտի օդանավակայանի հնարավորություններից՝ մինչդեռ հայ ժողովուրդը, որ հայտնվել է շրջափակման մեջ, կյանքի ճանապարհը փակ է: Ես համարում եմ, որ այսօր Արցախում հայտնված հայը զենքը գլխին պահած պատանդ է», - նշեց Հակոբյանը:

Երևանցի Գյուլնարա Ալեքսանյանը ՄԱԿ-ի հետ հույս չէր կապի. - «Ուշքի եկեք, ՄԱԿ-ի հետ այսպիսի հույսեր կապելը սին է, դատարկ է, մենք պետք է մեր ունեցած դաշնակիցներին չկորցնենք»:

Այսօր Արցախի պետնախարարը ողջունելով Հայաստանում սկսված այս ակցիաները, հորդորել է մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները, թե «ակցիան ռուսների դեմ է չեմ մասնակցում, Արևմուտքին է դեմ՝ չեմ գալիս»: «Լավ է լինել անսկզբունք, քան անհայրենիք», - գրել է Գուրգեն Ներսիսյանը: Այսօր երեկոյան Արցախի նախագահն է ուղերձով հանդես գալու, գրել է՝ «ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ»։

Ֆեյբուքյան օգտատերերից մեկն է այսօր տեսանյութ տարածել՝ թե ինչ կա այժմ Ստեփանակերտի ամենամեծ սուպերմարկետում՝ ոչինչ չկա։ Արցախի վաճառակետերում երբեմն-երբեմն հաց է երևում, կաթնամթերք քիչ ու կարճ ժամանակով։ Երեխաները քաղցրավենիքի համար խանութ են մտնում ՝ ծամոնով հեռանում։

XS
SM
MD
LG