«Ապրի Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ վերլուծաբան, քաղաքագետ Բենիամին Պողոսյանը երկու մտահոգիչ հանգամանք է տեսնում շաբաթ օրը գրեթե երեք ժամ տևած բրյուսելյան եռակողմ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունում։
Նախ, քաղաքագետը հետաքրքիր համարեց, որ Միշելն օգտագործեց ոչ թե Լաչինի միջանցք, այլ Լաչինի ճանապարհ եզրույթը, և երկրորդը, որ Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության հարցում որևէ հիշատակում չեղավ միջազգային մեխանիզմի կամ միջազգային ներգրավվածության մասին։
«Լաչինի միջանցք, կա նոյեմբերի 9-ի հայտարարությունում, որտեղ ֆիքսվում է Լաչինի միջանցք հասկացությունը, ոչ ճանապարհը։ Այս անգամ Շառլ Միշելը որոշեց օգտագործել ճանապարհ բառը, ինչը չեմ կարծում, որ մեր շահերից է բխում։ Ստացվում է, որ արդեն Եվրամիության համար էլ միջանցք չկա, կա ընդամենը ճանապարհը, և երկրորդ, որ փաստացի կոչ անելով բացել Լաչինի ճանապարհը՝ նա նաև իր գոհունակությունն է հայտնում պատրաստակամության մասին հումանիտար մատակարարումներ իրականացնել նաև Աղդամից և նշում, որ այս երկու տարբերակներն էլ կարևոր են», - ասաց քաղաքագետն՝ ընդգծելով՝ ինչ-որ տեղ հավասարության նշան դրվեց Լաչինի ճանապարհի և Աղդամից եկող մատակարարումների կամ հնարավոր մատակարարումների հարցում։
Բանակցությունների նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էր Բաքվի Կարմիր խաչի ներկայացուցչության ղեկավարի հետ հանդիպմանն ասել, թե Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով «օգնություն ցուցաբերելու» հնարավորությունը։
Պողոսյանը սա ադրբեջանական օրակարգի առաջմղում համարեց՝ նկատելով՝ դա ադրբեջանական՝ Արցախն Ադրբեջանին ինտեգրելու տրամաբանության շրջանակում է, հետևաբար, քաղաքագետը չի կարծում, որ հայտարարության գոնե այս մասը հայկական կողմի համար կարելի է որևէ կերպ օգտակար համարել՝ պարզաբանելով՝ փաստացի հավասարության նշան է դրվում Հայաստանից հումանիտար մատակարարումների և Ադրբեջանից հումանիտար մատակարարումների միջև։
Երկրորդ՝ չհիշատակվեց վերջին գոնե 6 ամիսներին Հայաստանի կառավարության, կամ Հայաստանի Հանրապետության հիմնական պահանջներից մեկի՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ երկխոսության մասին՝ միջազգային մեխանիզմի ներքո, կամ առնվազն որևէ միջազգային ներգրավվածության շրջանակներում, նկատեց Պողոսյանը։
«Այստեղ, ցավոք սրտի, մենք որևէ հայտարարություն այդ մասին չտեսանք, ընդամենը կոչ, որ պետք է լինի ուղիղ երկխոսություն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ապրող հայերի ներկայացուցիչների և Ադրբեջանի կառավարության միջև», - ասաց քաղաքագետը։
Պողոսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․