Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը ժամանում է Ադրբեջան։ Սա իրանական դիվանագիտության ղեկավարի առաջին այցն է Ադրբեջան Թեհրանի և Բաքվի հարաբերություններում ծագած ճգնաժամի մեկնարկից ի վեր։
Աբդոլահիանի այցի ֆորմալ առիթը «Չմիացած պետությունների շարժման» արտգործնախարարների՝ այսօր Բաքվում մեկնարկող հավաքն է։ Իրանի դիվանագիտական գերատեսչության փոխանցմամբ, սակայն, երկրի արտգործնախարարը կօգտվի առիթից՝ ադրբեջանական կողմի հետ երկկողմ հարաբերությունների ներկայիս ոչ փայլուն վիճակը քննարկելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի արտգործնախարարը կմեկնի Բաքու«Բաքվում նախարար Աբդոլահիանը երկկողմ հանդիպում կունենա իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ։ Հուսով ենք, որ այդ բանակցությունները կհանգեցնեն Իրանի և Ադրբեջանի միջև առկա տարակարծությունների վերացմանն ու հարաբերությունների զարգացմանը», - IRNA գործակալության փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է իսլամական հանրապետության ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։
Fars գործակալության փոխանցմամբ` Աբդոլահիանի այցի պաշտոնական ազդարարմանը նախորդել է Իրանի և Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցը։ Այն, ըստ լրատվամիջոցի, կայացել է հունիսի 25-ին։ Դրա ընթացքում Հոսեյն Ամիր-Աբդոլահիանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները։ Հուլիսի սկզբին էլ Բաքու է ժամանել Աբդոլահիանի տեղակալներից մեկը՝ Ռեզա Նաջաֆին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայրամովն ու Աբդոլահիանը քննարկել են Բաքվի և Թեհրանի հարաբերություններըԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Բայրամովն ու Աբդոլահիանը վերջին անգամ դեմ առ դեմ ֆորմատով հանդիպել էին ուղիղ մեկ տարի առաջ՝ 2022 թվականի հուլիսի 4-ին։ Թեհրանում կայացած այդ բանակցությունների ընթացքում նախարարները հիմնականում քննարկում էին Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ տարածաշրջանային հարաբերությունները առաջին հերթին պետությունների տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի վրա պետք է կառուցված լինեն։
Հետագա ամիսներին, սակայն, «Զանգեզուրի միջանցքի» մասին Բաքվից հնչող հայտարարությունների և Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սեպտեմբերին ձեռնարկված հարձակման ֆոնին, իրանա-ադրբեջանական հարաբերությունները սկսեցին լարվել։ Իրանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով լայնածավալ զորավարժություններ անցկացրեց, իսկ ադրբեջանական հատուկ ծառայությունները սկսեցին զանգվածաբար ձերբակալել շիա հավատացյալներին՝ նրանց մեղադրելով Թեհրանի օգտին աշխատելու համար։ Հունվարին արդեն, Թեհրանում Ադրբեջանի դեսպանության դեմ հարձակումից հետո, երկկողմ հարաբերությունները մուտք գործեցին լիարժեք ճգնաժամի փուլ՝ ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքի դադարեցմամբ և դիվանագետների փոխադարձ արտաքսումներով հանդերձ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը ներկայացրել է Թեհրանում դեսպանատունը վերաբացելու պայմաններըՉնայած այս ամենին՝ Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև շփումներն այդ ողջ ընթացքում պահպանվում էին։ Նախորդ տարվա հոկտեմբերից մինչև այս տարվա ապրիլ Հոսեյն Ամիր-Աբդոլահիանն ու Ջեյհուն Բայրամովը առնվազն վեց անգամ զրուցել են հեռախոսով։